19.12.2012 16:54

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը տարեմուտին ամփոփում է աշխատանքները

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը տարեմուտին ամփոփում է աշխատանքները

«Մեր եղբայրներին   պատերազմի արհավիրքի դեմ մենակ չթողնելու կոչը լայն արձագանք գտավ։ Եվ ինչպես ակնկալում էինք, նախաձեռնությունը չունեցավ ոչ աշխարհագրական և ոչ էլ գաղափարախոսական սահմաններ։  Մեր տասնյակ համաքաղաքացիներ, հայրենի մտավորականներ,  քաղաքական գործիչներ և  գործարարներ իրենց   նյութական և բարոյական աջակցությունը ցուցաբերեցին «Օգնիր եղբորդ»  նախաձեռնությանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի անդամ Լիլիթ Գալստյանը:

Նրա փոխանցմամբ՝ նախաձեռնության շրջանակներում տարբեր բարերարներից, անհատներից և կազմակերպություններից  նվիրաբերվել է  41մլն 312 660 ՀՀ դրամ, 750 000 ռուսական ռուբլի և շուրջ 31մլն 033 210 ՀՀ դրամի պարենամթերք:

Լիլիթ Գալստյանը նշեց նաև, որ «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնության առաջին մարդասիրական  ինքնաթիռը  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից Հալեպ ուղևորվեց   հոկտեմբերի 15-ին՝ տանելով   14 տոննա  պարենամթերք  և դեղորայք։ Թռիչքն իրականացրեց  «Էյր Արմենիա» ընկերության AN-12 բեռնատար ինքնաթիռը՝ հայկական անձնակազմով։

Հոկտեմբերի 22-ին  Սիրիական ավիաուղիների Երևան-Հալեպ թռիչքով   Սիրիա տեղափոխվեց մոտ երկու տոննա մարդասիրական օգնություն, այդ թվում` առաջին անհրաժեշտության դեղորայք։

«Oգնիր  եղբորդ»   նախաձեռնության հումանիտար օգնության երրորդ խմբաքանակն  ուղարկվեց  նոյեմբերի 21-ին, թռիչքը դարձյալ իրականացվեց Երևանի «Զվարթնոց»  միջազգային օդանավակայանից «Էյր Արմենիա» ընկերության  բեռնատար ինքնաթիռով: Հալեպ ուղևորված 13 տոննա  բեռը բաղկացած էր 12-15 կիլոգրամանոց   արկղերից և պարունակում էր  պարենամթերք, այդ թվում՝ կաթի փոշի և մեկ տոննա պանիր:

Հալեպ ուղարկված մարդասիրական օգնությունը   ստանձնել են տեղի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությունն ու Հայ Առաքելական Եկեղեցու Բերիո Թեմի Ազգային առաջնորդարանը և  համահամայնքային«Շտապ օգնության»  հանձնախմբի կազմակերպմամբ  բաժանել կարիքավոր ընտանիքների, այդ թվում սիրիացիների։

«Նախաձեռնությունն իր օգնության ձեռքն է մեկնել նաև Հայաստանում հաստատված սիրիահայ մեր հայրենակիցներին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում  հաստատված 20 սիրիահայ ընտանիքների  բնակարանաշինական կարիքները հոգալու նպատակով նախաձեռնությունը 5մլն դրամի  փոխանցում է կատարել «Քաշաթաղ» հիմնադրամին։ 230 հոգու տրամադրվել է սպորտային կոշիկ և մարզական հագուստ։ 600 ընտանիքների տրամադրվել են 15 կգ-անոց պարենային արկղեր և 600 հոգու տաք ծածկոցներ»,- մանրամասեց Լիլիթ Գալստյանը՝ նշելով նաև, որ սիրիահայ մանուկների համար տարեվերջին  կկազմակերպվեն տարեմուտի հանդեսներ, և նրանց կտրվեն ամանորյա նվերներ։

Հիշեցնենք, որ «Օգնիր եղբորդ»  քաղաքացիական նախաձեռնությունը մեկնարկել է սեպտեմբերի 18-ին։  Առիթը մոտ մեկ տարի Սիրիայում շարունակվող  եղբայրասպան հակամարտությունն  էր, որի ողբերգական հետևանքները բացահայտ  էին  ինչպես  Սիրիայի ողջ ժողովրդի, այնպես էլ   մեր հայրենակիցների համար։  Պատերազմի  ավերիչ ընթացքն անդառնալի  կորուստներ էր հասցնում և շարունակում է հասցնել մեր ամենակենսունակ համայնքներից մեկին՝ սիրիահայ  համայնքին։