19.12.2012 19:14

Լեզվակռիվ՝ ասուլիսի ժամանակ. Գրողը Լևոն Անանյանին «թայֆաբազ» անվանեց (Տեսանյութ)

Լեզվակռիվ՝ ասուլիսի ժամանակ. Գրողը Լևոն Անանյանին «թայֆաբազ» անվանեց (Տեսանյութ)

Այսօր «Ֆորում» ակումբում Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն ամփոփեց միության այս տարվա աշխատանքները եւ ասաց, 2012թ. ընթացքում միջին հաշվով տպագրվել է շուրջ 2000 անուն գիրք, որի մոտ 18 տոկոսը կազմում է գեղարվեստական գրականությունը: «Գրողների միությունը տարվա ընթացքում կազմակերպել է շուրջ 135 գրական միջոցառում, այդ թվում՝ շնորհանդեսներ, նոր գրքերի մասին քննարկումներ, հանդիպումներ, համաժողովներ: Ամենակարեւորը՝ համագործակցություն է հաստատվել երկրի գրադարանային համակարգի հետ: Մենք շարժվել ենք մի քանի ուղղություններով, որոնցից առաջնայինը այսօրվա գրականության տպագրությունն է: Գրվում են լավ գրքեր, որոնք տպագրվում են պետպատվերով կամ մասնավոր ներդրումների հաշվին»,-ասաց Անանյանը:

Ապա հավելեց, որ տարբեր լեզուներով տպագրվում է արդի հայ գրականությունը. «Սա մեծ ձեռքբերում է, քանի որ հաճախ գրականությունից հեռու, բայց «գրականամերձ մտավորականները» վայրահաչում են, թե այսօր մենք գրականություն չունենք»:

Ասուլիսի ընթացքում ներկաներից մեկը հանդիպման ընթացքը «կտրելով»՝ ներկայացավ որպես Հովհաննես Աղաջանյան, ում գրականությունը կարելի է գտնել Ազգային գրադարանում: Այս մասին հաղորդում է aravot.am-ը: Հաշվի չառնելով այն հանգամանքը, որ խախտվում է ասուլիսի անցկացման կարգը, Հովհաննես Աղաջանյանը ձայնը բարձրացրեց Լեւոն Անանյանի վրա, եւ երկուսի միջեւ լեզվակռիվ սկսվեց, որը ներկայացնում ենք առանց խմբագրման.

- Ինչու՞ ես լռեցնում, այ ընկեր (Լեւոն Անանյանին է դիմում): Դուք խոտան եք տպագրում, ամեն ինչ վարդագույն եք ներկայացնում եւ անհեթեթ մրցանակներ բաժանում:

- Խնդրում եմ՝ չտեսագրեք, որովհետեւ դա է սրանց ուզածը: Սա նկարահանվելու համար է եկել:

- Պետպատվերով տպագրված գրականության 90 տոկոսը պատռվում եւ նետվում է: Իսկական գործը չեք տպում, այլ տպում եք խոտանը:

-Էս խոտանչուն դուրս հանեք: «Ազատ գոտում» թեւերից բռնած՝ նրան դուրս հանեցին:

- Խոտանչին դուք եք, այ ընկեր: «Թայֆաբազի» մեկն եք եւ գրականության առաջընթացի խոչընդոտ:

-Ոստիկանություն կանչեք: Հանեք այս անկիրթին…հոգեկան հիվանդների…

Վերջում, դիմելով օպերատորներին եւ լրագրողներին, Հովհաննես Աղաջանյանը հարցրեց. «Գոնե այսքանից մի բան տեսագրեցի՞ք»:

«Չէ, չէ…,-ժպտալով պատասխանեց Անանյանը, ապա հավելեց,- տեսնո՞ւմ եք՝ ինչ թունավոր գոտում եմ աշխատում»: