08.08.2016 11:46

Իրանում մահապատժի են ենթարկել միջուկագետ գիտնականի

Իրանում մահապատժի են ենթարկել միջուկագետ գիտնականի

Իրանում մահապատժի է ենթարկվել գիտնական-միջուկագետ Շահրամ Ամիրին, որը հայրենիք է վերադարձել ԱՄՆ-ից: Այդ մասին հաղորդել է BBC News-ը:

Ամիրիի մայրն ասել է, որ ընտանիքին են հանձնել որդու դին, նրա պարանոցին կախաղանի պարանի հետքեր են եղել:

1977 թ. ծնված Ամիրին անհայտացել էր 2009 թ. Մեքքա կատարած ուխտագնացությունից հետո: Մեկ տարի անց նա հայտնվել էր ԱՄՆ-ում, ապա հայտարարել, որ իրեն առևանգել են և ստիպել ԿՀՎ-ին գաղտնի տեղեկություններ հայտնել: Ըստ որոշ տվյալների՝ Ամիրին խորը գիտելիքներ ուներ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:

Ավելի ուշ գիտնականը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ում իրեն հաջողվել է թաքնվել հետապնդումից, և 2010 թ. նա վերադարձել էր Թեհրան, որտեղ նրան դիմավորել էին որպես հերոսի: Սակայն շուտով իրանական իշխանությունները ձերբակալել էին Ամիրիին և պետական դավաճանության մեղադրանք ներկայացրել նրան:

Ամերիկացի պաշտոնական անձինք, մինչդեռ, հայտարարել էին, որ Ամիրին սեփական կամքով է փախել ԱՄՆ  և իրենց «օգտակար տեղեկատվություն» է հաղորդել:

Փոխանցում է lenta.ru-ն: