19.12.2012 21:02

Լրագրողները Հովիկ Աբրահամյանից պահանջում են կարգի հրավիրել Մհեր Սեդրակյանին և քաղաքական գնահատական տալ նրա արարքին (տեսանյութ)

Լրագրողները Հովիկ Աբրահամյանից պահանջում են կարգի հրավիրել Մհեր Սեդրակյանին և քաղաքական գնահատական տալ նրա արարքին (տեսանյութ)

ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի` այսօր ԱԺ-ում լրագրողին ուղղված սպառնալից խոսքերից հետո Facebook-ում ստեղծված խմբում լրագրողները նամակ-պահանջ են ներկայացրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որի տեքստը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի պարոն Աբրահամյան, Ձեր ղեկավարած Ազգային ժողովում այսօր կան պատգամավորներ, ովքեր անվայել վարք են ցուցաբերում լրագրողների հետ շփվելիս: Զորօրինակ՝ վերջին թարմ դեպքը, երբ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ով հայտնի է որպես Թոխմախի Մհեր, անվայել խոսքեր է ասել «Ա1+» լրատվամիջոցի լրագող Մհեր Արշակյանի հասցեին` ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»(ի դեպ, այդ ամենը տեսաձայնագրված է):

Խնդրում ենք կարգի բերել Մհեր Սեդրակյանին, ինչպես նաև Սամվել Ալեքսանյանին, ովքեր խորհրդարանում աշխատող լրագրողների հետ իրենց թույլ են տալիս շփվել ոչ հարգալից արտահայտություններով` «քուր ջան, ազիզ ջան» և այլն:

Պահանջում ենք Ձեր քաղաքական գնահատականը կատարվածին, հայտարարել նկատողություն Մհեր Սեդրակյանին և պարտադրել հրապարակային ներողություն խնդրել լրագրողից»:

http://www.facebook.com/groups/452548154807318/