15.08.2016 13:07

Նիգերիայի իշխանությունները գերեվարված կանանց հարցով կապվել են «Բոկո Հարամի» հետ

Նիգերիայի իշխանությունները գերեվարված կանանց հարցով կապվել են «Բոկո Հարամի» հետ

Նիգերիայի իշխանությունները կապ են հաստատել «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման անդամների հետ՝ այն բանից հետո, երբ հրապարակվել է 2014 թ. Չիբոկի լիցեյից առևանգված աղջիկներին պատկերող մի տեսաերիզ: Կառավարությունում պնդում են, որ իրենք չափազանց զգույշ են գործում, աշխատանք է տարվում աշակերտուհիների ինքնությունը հաստատելու ուղղությամբ:

«Բոկո Հարամի» գրոհայինները Նիգերիայի իշխանություններից պահանջում են պատանդներին փոխանակել իրենց զինակիցների հետ, որոնք բանտում են գտնվում: Հաղորդվում է, որ գերեվարված աշակերտուհիներից ոմանք դեռ ողջ են, շատերը զոհվել են ավիագրոհների ժամանակ:

Հիշեցնենք, որ 2014 թ. ապրիլին «Բոկո Հարամի» զինյալները Չիբոկի լիցեյից առևանգել էին 276 աղջիկների: Նրանցից 57-ին հաջողվել էր փախչել, մյուսները մինչև հիմա գերության մեջ են: Հաղորդվում էր նաև, որ գրոհայիններն աղջիկներին հարկադրաբար ամուսնացնում են կամ ստրկության վաճառում:

Փոխանցում է euronews-ը: