17.08.2016 02:23

Արթուր Ալեքսանյանը՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանը՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշային կարգում աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձավ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։

Եզրափակիչ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կուբացի Յասմանի Լուգո Կաբրերան էր։ Առաջին մրցափուլի միջնամասում կուբացուն պարտեր նստեցրին, և Արթուր Ալեքսանյանը կատարեց 2 միավորանոց գլորում: Երկրորդ մրցափուլում արդեն հայ ըմբիշին զգուշացրին պասիվության համար և պարտեր նստեցրին, բայց Արթուրը լավ պաշտպանվեց, ապա վաստակեց ևս 1 միավոր և հաղթեց 3:0 հաշվով:

Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան թուրք Ջենկ Իլդեմը և Իրանի ներկայացուցիչ Հասեմ Ռեզաին։

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը, պայքարը սկսելով 1/8 եզրափակչից, նախ 5։2 հաշվով հաղթել է իտալացի Դայգորո Տիմոնչինիին, ապա 8։0 հաշվով առավելության է հասել Ռումինիայի ներկայացուցիչ Ալին Կիուրարիուի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 9։0 հաշվով հաղթել է թուրք Ջենկ Իլդեմին։

1996 թվականից ի վեր Հայաստանի մարզիկներն Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ չէին նվաճել․ 1996 թ. Ատլանտայի ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի մինչև 52 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր է դարձել Արմեն Նազարյանը։

Ռիո-2016-ում Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում արծաթե մեդալակիրներ են դարձել 105 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունահռոմեական ոճի 66 կգ քաշային ըմբիշ Միհրան Հարությունյանը։