20.12.2012 00:00

Գագիկ Ջհանգիրյանի ելույթը՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության վերաբերյալ» օրինագծի քննարկմանը

Գագիկ Ջհանգիրյանի ելույթը՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության վերաբերյալ» օրինագծի քննարկմանը

Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել բացառապես իրավական նշանակության մի խնդրի վրա, որը վստահ եմ հավասարապես առնչվում է, իսկ այս նախագիծը այս տեսքով ընդունվելու դեպքում, առավել մեծ չափով առնչվելու է բոլոր տնտեսվարողների ու գործարարների շահերին անկախ նրանց քաղաքական պատկանելությունից կամ դավանած գաղափարներից:

Ստորև վկայակոչվող մի քանի դիտողություններ բարձրաձայնվեցին նախագծի առաջին ընթերցման ժամանակ,որոնք կարծես հավանության արժանացան նաև մեծամասնության իրավաբան-պատգամավորների կողմից, սակայն նախագիծը երկրորդ ընթերցման է ներկայացվել առանց որևէ փոփոխության:
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի հոդված 40-ի 3.1-րդ մասում առաջարկվող նոր, ինչպես նաև գործող խմբագրությունը կոշտ հակասության մեջ է քրեական դատավարության,քաղաքացիական դատավարության և քրեական օրենսդրության կարևորագույն սկզբունքների ու նորմերի հետ: Այն օրենքով սահմանված պատասխանատվության, այդ թվում հարկային հոդվածներով քրեական պատասխանատվության նոր հիմք է սահմանում՝ ըստ որի հարկային օպերատիվ հետախուզական մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում կազմված արձանագրությունը օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու հիմք է:
Նախ քրեական պատասխանատվության միակ հիմքը քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմն է, հետևաբար որևէ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման արդյունքում կազմված արձանագրություն պատասխանատվության հիմք չի կարող լինել: Երկրորդ, եթե սույն դրույթի հեղինակները փորձում են օպերատիվ-հետախուզական գործողությունների արձանագրությունները դիտարկել որպես հարկային իրավախախտումների այդ թվում գույքային պատասխանատվության ապացույցներ , ապա դա ևս անհեթեթություն է, քանի որ քրեական և քաղաքացիական վարույթներում ապացույցների տեսակներն ու ձևերը սպառիչ սահմանված են ՀՀ քրեական և քաղաքացիական դատավարությունների օրենսգրքերում և որևէ օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում կազմված արձանագրություն, որպես ապացույց այդ օրենսգրքերում նախատեսված չէ: Հետևաբար դրանք չեն կարող նաև «անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթերով ապրանքների վրա արգելանք կիրառելու համար հիմք հանդիսանալ»(3.1-րդ մասի 2-րդ պարբերություն):Բացի այդ գույքի (ունեցվածքի) վրա արգելանք դնելը դա քննչական և դատավարական գործողություն է և դրանց սոուբյեկտը քննիչն ու դատարանն է, ոչ թե օպերատիվ-հետախուզական մարմինը կամ նրա աշխատակիցը:
Կառավարության ներկայացուցիչը այս նախագիծը առաջին ընթերցմամբ ներկայացնելիս նշեց թե այն գործող օրենքի նորմ է: Համամիտ ենք, որ հոդված 40-ի 3.1-րդ մասի առաջին պարբերության մեջ ավելացված է ընդամենը«առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարները օգտագործելը» բառակապակցությունը և, որ սահմանված կարգի խախտմամբ գործունեության մյուս տեսակների համար ևս պետք է նախատեսվեն թե՛ հարկային պարտավորությունների առաջացում և թե՛ քրեական պատասխանատվության միջոցներ: Բայց դրանք պետք է կիրառվեն միայն քրեական դատավարության և քաղաքացիական դատավարության օրենսգրքերով նախատեսված դատավարական կարգի խստագույն պահպանմամբ:
Մինչդեռ առաջարկվող նախագիծը ըստ էության ավելի է խորացնում քրեական օրենսգրքի, քրեական դատավարության և քաղաքացիական դատավարության օրենսգրքերի քրեական պատասխանատվության հիմքերը, ապացույցների տեսակներն ու ձևերը սահմանող նորմերի մրցակցությունը (կոնկուրենցիան) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին » ՀՀ օրենքի 40 հովածի 3.1 մասի հետ:
Ինչ խոսք իրավունքի տեսության սկզբունքներով ղեկավարվելիս, քրեական պատասխանատվության հիմքերի, քրեական վարույթի, իրականացման կարգի առումով անվիճելի է ՀՀ քրական,քաղաքացիական դատավարության օրենսգրքերի և ՀՀ քրեական օրենսգրքի նորմերի գերակայությունը «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի դրույթների նկատմամբ:
Այդ դեպքում անիմաստ է դառնում այս նորմերի նախատեսումը <<Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին>> օրենքում:Ավելին այն շիլա-շփոթ է առաջացնում հարկային իրավախախտումների և հանցագործությունների համար պատասխանատվություն նախատեսող իրավական դաշտում,խառնում է օպերատիվ–հետախուզական մարմինների լիազորությունները քննչական ու դատական մարմինների լիազորությունների հետ:
Եթե ուշադիր ծանոթանաք <<Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին>> ՀՀ օրենքի հոդ 40-ի 3.1 մասին ապա պարզ է դառնում,որ այն ներմուծված է այս օրենք, քանի որ հաջորդ մասը կրում է հերթական 4-րդ համարը:
Ցավոք այս նախագիծը չի անցել պետական-իրավական հանձնաժողովով: Սույն նախագիծը լուրջ թերություններ ունի նաև իրավական տեխնիկայի առումով, հոդ 40-ի 3.1-րդ մասի առաջին պարբերությունը լրացվել է ընդամենը մեկ տողով, 2-րդ պարբերությունը երկու տողով, մինչդեռ նախագիծը ամբողջովին վերաշարադրել է գործող օրենքի դրույթները:Ցավոք իրավաբանական վարչությունը այս սխալները ևս չի նկատել:
Ուստի կոչ կանեի կառավարությանը հետ կանչել նախագիծը լրամշակման, իսկ ԱԺ-ի մեծամասնությունը՝ մեկ անգամ ևս անդրադառնալ սույն օրենքի հոդված 40-ի 3.1-րդ մասը օրենքում ունենալու անհրաժեշտությունը:

Գ.Ջհանգիրյան 18.12.2012թ