15.09.2016 20:38

ԼՂ հակամարտության կարգավորման 1997 թ. փուլային համաձայնագրի և այսօր բանակցային սեղանին դրված փաստաթղթերի մասին

ԼՂ հակամարտության կարգավորման 1997 թ. փուլային համաձայնագրի և այսօր բանակցային սեղանին դրված փաստաթղթերի մասին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ներկայումս ընթացող գործընթացները, ակտիվացած քննարկումներն առիթ հանդիսացան, որ մամուլում հրապարակվեն հակամարտության կարգավորման տարբեր տարիների փաստաթղթեր և դրանց, հաճախ, մակերեսային մեկնաբանություններ:

Փաստաթղթերի անվանումները, առանց բովանդակության մանրակրկիտ և մասնագիտական վերլուծության, բավարար չեն դրանցից գլուխ հանելու համար, և միայն փաստաթղթերի յուրաքանչյուր նախադասության վերծանմամբ է հնարավոր պատկերացում կազմել, թե որքան հիմնավոր են այս կամ այն փոխզիջումները, և որոնք են եղել հայկական կողմի նպատակները:

Կարգավորման փաստաթղթերի շարքում առանձնանում է 1997թ. փուլայինը, որը ներկայացվել է 1997 թ. դեկտեմբերին http://www.vn.kazimirov.ru/doc17.htm: Այդ փաստաթուղթը ներկայացվել է երեք կողմերին՝ ԼՂ-ին, Հայաստանին և Ադրբեջանին, փաստորեն, ընդունվել է վերջին երկուսի (Հայաստանի պարագայում՝ վերապահումներով) և մերժվել Ստեփանակերտի կողմից: Միայն այս փաստը բավական է հասկանալու համար, թե հակամարտության քանի կողմ է եղել 1997 թ. դեկտեմբերի դրությամբ: Համաձայնելով կարգավորման այս տարբերակին, Բաքուն դեռևս 1997 թ. լիարժեքորեն ընդունում էր, որ խաղաղության ճակատագիրը, փաստաթղթի պայմանավորվածությունների իրագործումը պաշտոնապես նույնիսկ ոչ թե Երևանի ձեռքում է, այլ ԼՂ իշխանությունների:

Առաջիկայում մենք կներկայացնենք 1997 թ. փուլայինի մասին մանրամասն վերլուծություն, փորձելով վերծանել, թե ինչ դերակատարություն է փաստաթղթով ընձեռված եղել ԼՂ-ին, և որքան էր պաշտոնական Երևանը լիազորություն նախատեսել ԼՂ-ի համար:

Վերջին շրջանում հրապարակվել էր մի քանի հոդված, որտեղ այսօր սեղանին դրված Կազանյան փաստաթուղթը կամ դրա մոդիֆիկացիան համեմատվում է 1997 թ. փուլայինի հետ: Հեղինակը միաժամանակ անտեսում է մի քանի կարևոր փաստեր, որոնք, թերևս, պետք է վերագրել պրոֆեսիոնալիզմի պակասին:

Ի տարբերություն սեղանին այսօր դրված փաստաթղթի, 1997 թ. փուլայինը նախատեսում էր երեք կողմերի ստորագրություն: Հիշեցնենք, 2007թ.  ներկայացված Մադրիդյանում ԼՂ նախագահի ստորագրություն նախատեսված չէ: Միայն այս հանգամանքը բավարար էր, որ վերլուծաբանները զերծ մնային 1997 թ. փուլայինի համեմատությունից այսօր սեղանին դրված փաստաթղթի հետ:

1997 թ. փուլայինի մի շարք դրույթներ ապահովում էին ԼՂ ինքնիշխանության և անվտանգության բարձր մակարդակ, դրանով նշանակալիորեն տարբերվելով Մադրիդյան կամ դրա ձևափոխված՝ Կազանյան փաստաթղթի հետ: Այսպես, 1997 թ. փուլայինի III հոդվածի D կետով, ԼՂ զինված ուժերը եւ անվտանգության կառույցները ստանում էին միջազգային ճանաչում: Դրանք պետք է ապահովեին Լեռնային Ղարաբաղի եւ հայկական վերահսկողության տակ պահպանվող ողջ Լաչինի շրջանի անվտանգությունը: Հիշեցնեմ, որ Մադրիդյանով խոսքը վերաբերում է ոչ թե Լաչինի շրջանին, այլ նեղ միջանցքին, որի կարգավիճակն էլ տարբերվելու է Ղարաբաղի կարգավիճակից:

VIII հոդվածի համաձայն, ստեղծվում էր Մշտական խառը հանձնաժողով, որի նախագահը ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ էր, իսկ տեղակալներից մեկը ԼՂ ներկայացուցիչ (!), մյուսը` Ադրբեջանի: Հանձնաժողովը պետք է հետեւեր համաձայնագրի դրույթների կատարմանը: Սա ունենալու էր ռազմական, տնտեսական, մարդասիրական, մշակութային եւ կապի ենթահանձնաժողովներ: Բնականաբար, բոլոր այդ ենթահանձնաժողովներում ներգրավված էին լինելու ԼՂ ներկայացուցիչներ:

Փաստաթղթի XI հոդվածի դրույթներով երեք կողմերը շարունակելու էին բանակցությունները: Դրանով միջազգայնորեն պաշտոնապես ճանաչվում էր ցանկացած պահի վետոյի օգտագործման` Լեռնային Ղարաբաղի իրավունքը: Առանց ԼՂ մասնակցության չէր լինի որեւէ համաձայնություն, եւ ԼՂՀ նախագահը ներկա կլիներ բոլոր բանակցություններին: Քանի որ փաստաթղթով բոլոր կողմերը իրավահավասար էին, ստորագրելով 1997 թ. Փուլային համաձայնագիրը, Լեռնային Ղարաբաղը, փաստորեն, իրագործում էր ինքնորոշման իրավունքը. երկրի ապագայի մասին որոշումներն այդուհետ կայացնելու էր ինքը` Լեռնային Ղարաբաղը: Ավելորդ է խոսել, թե ինչ իրավունքներ ունի ԼՂ-ն այսօր` ԼՂ իշխանություններին առաջին հերթին արհամարհում է պաշտոնական Երեւանը, որը ոչ միայն հանդիպում է, այլեւ փաստաթղթեր է ստորագրում առանց ԼՂ մասնակցության:

Իսկ ահա 1997 թ. փուլայինի XIV հոդվածով հստակ ամրագրվում էր Լեռնային Ղարաբաղի դերը պետության, բնակչության անվտանգության ապահովման հարցում, ինչպես նաեւ բոլոր երեք կողմերի պատասխանատվությունը` նպաստելու հարաբերությունների կարգավորմանը, առեւտրի ծավալմանը:


1997 թ. փուլայինի ողջ էությունը ԼՂ դերի գնահատման մեջ էր, ԼՂ իշխանությունների՝ Ադրբեջանի իշխանությունների հետ հավասարը հավասարի հետագա բանակցությունները վարելու հստակ ամրագրված պարտավորություններով: Փաստաթղթի ստորագրումով ԼՂ-ն ստանում էր միջազգային ճանաչում, որպես բանակցությունների սուբյեկտ, անվտանգության երաշխավոր: Կարևոր ևս մեկ արձանագրում՝ 1997 թ. փուլայինն ընդունվել էր Ադրբեջանի կողմից, իսկ Մադրիդյանը՝ մերժվել: Հենց այդ մերժումն է բերել նրան, որ 2011 թ. ներկայացվել է Կազանյանը, իսկ այսօր խոսվում է ավելի վտանգավոր փաստաթղթի մասին:

Հ.Գ. Փոխարտգործնախարար Շ. Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում պնդում էր, որ Մադրիդյանը փաթեթային փաստաթուղթ է: Մադրիդյան փաստաթուղթը նախատեսում է, որ դա ստորագրելուց և դրանում նշված գործողություններն անելուց հետո կողմերը պետք է ձեռնամուխ լինեն Խաղաղության (Մեծ պայմանագրի) շուրջ բանակցություններին: http://www.aniarc.am/2016/04/13/madrid-principals-armenian-text/ Ահավասիկ, դրա մասին ասվում է Մադրիդյանի նախաբանում, իսկ ահա առաջին հոդվածում նշվում է, որ հանրաքվեի անցկացման մանրամասներն ու ժամկետները հետագա բանակցությունների ժամանակ կհստակեցվեն: Ավելին, առաջինից՝ բոլոր վեցերորդ հոդվածներում խոսվում է բանակցությունների հաջորդ փուլի՝ Խաղաղության համաձայնագրի մասին: Ուշագրավ է, որ Մադրիդյանի՝ ամբողջապես փուլային լինելու հանգամանքը երբեք չի վիճարկվել դրա իսկ հեղինակների կողմից: Պարզապես ապշեցուցիչ է, որ այսքան պարզ հարցի վերաբերյալ ՀՀ պաշտոնյան նման կարգի ապատեղեկատվություն է հաղորդում:

Վլադիմիր Կարապետյան