20.12.2012 17:53

Թոխմախի Մհերի «ծնոտի» համար պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, և վերջ

Թոխմախի Մհերի «ծնոտի» համար պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, և վերջ
Լուսանկարը՝ Arle Kin ֆեյսբուքի էջից

Թոխմախի Մհերի (ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյան) կողմից «Ա1+»-ի լրագրողի վրա հարձակվելու և վիրավորելու փաստը տարօրինակ արձագանքների ու մեկնաբանությունների արժանացավ: Առավել տարօրինակ արձագանքները, թերևս, բնականաբար, եղան, այսպես կոչված՝ ընդդիմադիր ԶԼՄ-ների կողմից: Մեկնաբանությունների ամբողջ մեխն այն էր, թե Թոխմախի Մհերը «փչացրեց» Սերժ Սարգսյանի սիրուն, պուպուշ ելույթը, որը վերջինս ունեցել էր ՀՀԿ համագումարի ժամանակ: Իրականում, սակայն, նման բան չկա՝ այն պարզ պատճառով, որ Սերժ Սարգսյանի ելույթն ինքն իրենով կառուցված էր ստի, կեղծիքի և ցինիզմի վրա, և դրանով, անշուշտ, Սարգսանի արարքն ավելի բացասական է, քան՝ Սեդրակյանինը:

Այդ մեկնաբանությունները, սակայն, մեկ հստակ միտում էլ ունեն, այն է՝ տարանջատել իշխանության հավաքականությունը, հավաքական պատասխանատվությունը, այսինքն՝ եթե մի լավ բան է եղել՝ դրա համար պարտական ենք Սերժ Սարգսյանին, իսկ, ահա, վատ բաների համար պատասխանատու են նրա շուրջ հավաքված վատ մարդիկ՝ Սեդրակյաննները, Նեմեցները և այլն: Այսպիսով՝ ակնհայտ է, իհարկե, որ փորձ է արվում պատասխանատվությունը գցել Սերժ Սարգսյանից, թե իբր՝ Սերժ Սարգսյանը լավն է, ուղղակի նրա շրջապատում կան մարդիկ, որ փչացնում են այդ ամենը: Իրականում, սակայն, խնդիրը Սեդրակյանները, Նեմեցները չեն, խնդիրը Սերժ Սարգսյանի շուրջ հավաքված վատ մարդկանց հավաքական կերպարը չէ: Խնդիրը հենց ինքը՝ Սերժ Սարգսյանն է, և սա երբեք չպետք է մոռանալ: Եթե Սերժ Սարգսյանը լիներ լեգիտիմ իշխանության կրող, եթե լիներ լեգիտիմ նախագահ, ապա նրա շրջապատից Թոխմախի Մհերներն ու Նեմեցները ավտոմատ կերպով կվերանային և կհայտնվեին համապատասխան վայրերում: Սակայն քանի որ ինքը՝ Սերժ Սարգսյանը, իշխանությունն  իր ձեռքն է վերցրել կեղծիքներով, սպանություններով, ազատությունների ոտնահարմամբ, ապա բնական է, որ այդ հարցում նրա հույսը պետք է լինեն հենց Թոխմախի Մհերները, ինքն իրեն պետք է շրջապատի այդ տեսակ մարդկանցով: Պատասխանատվության սլաքները Սերժ Սարգսյանից դեպի նրա շրջապատը տանողները մեկ հստակ խնդիր են լուծում՝ այսպես ասած՝ գոլորշի բաց թողնել. «Նեմեցը մա՞րդ է ծեծում, հայհոյում, մեղավորը Նեմեցն է միայն, ջղայնացել էր մի քիչ, Սամվել Ալեքսանյանը ապրա՞նք է կեղծում, մեղավորը բացառապես ինքն է, ինչ արած, ինքն էլ էդ տեսակ մարդ է, Թոխմախի Մհերը վիրավորո՞ւմ է լրագրողներին, դե, տարիքով մարդ է, ոչինչ, բան է, ասել է»: 

Իրականում, սակայն, այս ամենից Սերժ Սարգսյանին տարանջատողները Սարգսյանին ոչ թե լավություն են անում, այլ դեռ մի բան էլ՝ հակառակը. նրանք Սերժ Սարգսյանին ներկայացնում են  թուլակամ, անիրազեկ մարդու կերպարով, ով չի կարողանում սանձել ոչ միայն իր շրջապատին, այլև՝ անգամ սեփական զարմիկին: Եթե Սերժ Սարգսյանը անգամ սեփական զարմիկին կամ կուսակցին չի կարողանում սանձել, ապա ինչպե՞ս  կարող է երկիր ղեկավարել, նրան ո՞ր մի պաշտոնյան լուրջ կընդունի, ո՞վ նրա հրամանները կկատարի: Էլ չենք խոսում, թե Հայաստանից դուրս՝ այլ երկրների ղեկավարների հետ հարաբերություններում նա ո՞ւմ կարող է թթու խոսք ասել: Բայց մարդիկ էլ հո հասկանում են, որ այս երկրում բոլոր որոշումները կայացվում են միայն մեկ վայրում, և այդ վայրը Բաղրամյան 26-ում է գտնվում, այս երկրում ամենաթողության, կոռուպցիայի, ցինիզմի, թալանի ամենամեծ պատասխանատուն առաջին հերթին մի մարդ է, և այդ մարդը Սերժ Սարգսյանն է: Այո, ամեն ինչի պատասխանատուն հենց Սերժ Սարգսյանն է, և վերջ:

Սա խոսքի ազատության սահմանափակման, ժողովրդավարության իմիտացիայի Հայաստան է, և վերջ: 
Սա օրենքի ընտրովի գերակայության և իրավունքի բացակայության Հայաստան է, և վերջ:
Սա տնտեսական ազատության և մրցակցության բացակայության Հայաստան է, և վերջ: 
Սա այստեղ ապրող ոչ բոլոր ազգերի և ոչ բոլոր քաղաքացիների համար պատասխանատու Հայաստան է, և վերջ:
Սա միջազգային իր բոլոր հանձնառությունները չհարգող Հայաստան է, և վերջ: 
Սա իր պատմությունը չհիշող, նրանից հզոր լիցքեր չառնող, բայց նաև հնոտիքը իր վրայից չթափող, նոր պատմություն չկերտող Հայաստան է, և վերջ:

Հ.Գ. Մենք, իհարկե, կարող ենք քննարկելի համարել նաև «չեզոքների» այն պնդումները, թե Սերժ Սարգսյանը «պուպուշ» է, ուղղակի նրա շրջապատն է վատ, ասել է թե՝ Սերժ Սարգսյանը չի կարողանում վերահսկել անգամ իր շրջապատը: Բայց այս պարագայում ևս խնդրի լուծումը առաջարկում է ՀՀ Սահմանադրությունը, որի 59-րդ հոդվածը սահմանում է. «Հանրապետության Նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տևականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների կատարումը, Ազգային ժողովը կառավարության առաջարկով և սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին»:

Պարգև Ապրեսյան