04.10.2016 09:35

Եթովպիայում հրմշտոցի մեջ տասնյակ մարդիկ են զոհվել

Եթովպիայում հրմշտոցի մեջ տասնյակ մարդիկ են զոհվել

 

Եթովպիայի Օրոմիա նահանգի Բիշոֆտու քաղաքում կրոնական տոնակատարության ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ, մահակներ և ռետինե փամփուշտներ է գործի դրել, ինչի հետևանքով ստեղծված հրմշտոցի մեջ տասնյակ մարդիկ են զոհվել:

Ականատեսների վկայությամբ՝ տոնակատարությանը մասնակցելու համար հավաքվել են հարյուր հազարավոր մարդիկ: Միջոցառման ընթացքում ընդդիմության ակտիվիստները փորձել են բողոքի ակցիա անցկացնել՝ վանկարկելով հակակառավարական կարգախոսներ և ընդհատելով բանախոսներին: Associated Press գործակալության փոխանցմամբ՝ ոմանք քարեր և շշեր են նետել, մյուսները վեր են բարձրացրել խաչած թևերը՝ Եթովպիայում հայտնի ժեստ, որը խորհրդանշում է խաղաղ դիմակայություն իշխանություններին:

Խուճապն ու հրմշտոցը սկսվել են, երբ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել:

Վերջին ամիսներին երկրի տարբեր շրջաններում անցկացվող հակակառավարական ցույցերը դաժանորեն ճնշվել են իշխանությունների կողմից: Վերջերս ԱՄՆ ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Եթովպիայում ցուցարարների դեմ կիրառվող անհամաչափ բռնությունների առիթով և այդ երկրում իրավիճակն անվանել են «ծայրաստիճան լուրջ»:

Փոխանցում է BBC-ն: