07.10.2016 11:03

Հրանտ Տեր-Աբրահամյան. Անկախության նպատակը. պահպանում եւ զարգացում

Հրանտ Տեր-Աբրահամյան. Անկախության նպատակը. պահպանում եւ զարգացում

2016-ը բարդ եւ հետաքրքիր տարի եղավ Հայաստանի համար: Հատկապես ապրիլյան պատերազմը եւ հուլիսյան խռովությունը մի պահ առիթ դարձան թեժ հարցադրումների եւ դրանց շուրջը եղած քննարկումների՝ պետության եւ իշխանության սահմանը, պետության արժեքը, պատերազմի եւ խաղաղության հարցերը, ընդդիմադիր քաղաքականության էությունը եւ ընդդիմադիր խոսքի արժեքը եւ այլն: Այս քննարկումները սաղմնավորվեցին, սակայն շարունակություն չստացան. այն բանից հետո, երբ իրավիճակն արտաքուստ կայունացավ, նորից հաճույքով ընկղմվեցինք մեր ճահիճը՝ այնպես, կարծես ընթացիկ տարին մի սովորական տարի էր Հայաստանի համար, այնպես, կարծես բոլոր բարձրացրած հարցերի պատասխանները ստացանք: Սա, ցավոք, ավելի քան սովորական է այսօրվա Հայաստանի համար՝ իրավիճակային բորբոքում, կրքերի գերլարում, որին հետեւում է նույն դատարկությունը: Վաղը նորից բոլորն անակնկալի են գալու դեպքերի «անկանխատեսելի» զարգացումներից, եւ նորից պարզվելու է, որ, եզակի բացառությամբ, ոչ ոք իրական, հիմնարար ասելիք չունի: Իսկ ասելիք չունեցողն իրական անելիք էլ չունի: Թերեւս երբեք՝ ընդհուպ մինչեւ վերջին 200 տարին, հայ հասարակական միտքն ու խոսքն այսքան անապատային, այսքան ամուլ ու անբովանդակ չեն եղել, որքան այսօր: Բայց խնդիրները, հարցադրումները ոչ մի տեղ չեն կարող փախչել մեզանից, ոչ էլ մենք՝ դրանցից: Հարցերի բարդ թնջուկը պետք է ոչ թե շրջանցել, այլ քայլ առ քայլ քանդել՝ սկսած թեկուզ առավել պարզ թվացող մասերից: Սա պետք է լինի քաղաքական ուժերի, մտավորականության, հրապարակային խոսք ձեւակերպողների հիմնական նպատակը: Եթե այս խնդրում ոչինչ չունենք տալու հասարակությանը, ուրեմն՝ մեր անունն ու էությունը ոչինչ են եւ դեպի ոչինչ գնացող:

Ի՞նչ է հայկական անկախ պետությունը, արդյո՞ք անկախությունն ինքնանպատակ է, թե նպատակ լինելով՝ նաեւ միջոց է մեկ այլ՝ ավելի բարձր նպատակի համար. սրանք ո՛չ պարապ, ո՛չ էլ ճարտասանական հարցեր են եւ պետք է ունենան նյութական պատասխաններ, դառնան ամենօրյա գիտակցության մաս ու համապատասխան հանրային վարքի հիմք: Այս՝ առաջին հայացքից վաղուց պատասխաններ ստացած հարցերի արդիականությունն ապացուցվում է ընթացիկ տարվա իրադարձություններով եւ հավելյալ խորհդանշական արժեվորում է ստանում այս տարի նշված անկախության քառորդ դարի տարեդարձով: Պետք է սկսել սրանց պատասխանների փնտրտուքից՝ վերաձեւակերպելու համար մեզ հուզող բազմաթիվ այլ՝ իրականում այս գլխավոր կետերից ածանցյալ խնդիրները:

Ի՞նչ է մեր պետությունն իր էությամբ: Երբ ասում ենք՝ Հայաստանի Հանրապետություն, ապա շեշտը բնականորեն ընկնում է Հայաստանի վրա, որովհետեւ հանրապետություններ եւ ընդհանրապես պետություններ աշխարհում շատ կան (195՝ չհաշված մասնակիորեն ճանաչված կամ ընդհանրապես չճանաչվածները), բայց Հայաստանինը միակն է, եզակին է: Հետեւաբար, եթե ճանաչում ենք ՀՀ-ի առանձին գոյության իրավունքը, Հայաստանի անկախությունը, ապա, բացի ընդհանրապես պետություններին բնորոշ հատկանիշներից, նա պետք է ունենա հավելյալ՝ առանձին, միայն իրեն բնորոշ իմաստ եւ էություն: Այս առաջին հայացքից պարզ եւ ինքնին հասկանալի դրույթը, գիտեմ, որ իրականում շատերի սրտով չէ, որովհետեւ դոգմատիկ մտածողությունն այստեղ անմիջապես սկսում է փնտրել վատ իմաստով «ազգայնականության» հետք: Հայաստանի Հանրապետությունն՝ ըստ այդ մտածողության, մի վերացականություն է, որի նպատակների մեջ չի կարող լինել ինչ-որ առանձնահատուկ ազգային բան, այլ միայն վերացականորեն հասկացված «նորմայի» հաստատում: Բայց տրամաբանությունն այս խնդրում անողոք է՝ ով ճանաչում է Հայաստանի Հանրապետության գոյությունը, չի կարող միաժամանակ չճանաչել, բացի ընդհանուրից, նաեւ նրա առանձնահատուկը: Անհեթեթ է մտածել, թե կարող ես հռչակել մի առանձին բան, որը միաժամանակ չունենա որեւէ էական առանձնահատկություն, այլ լինի բացարձակ նույնը մնացյալների հետ՝ այսպիսի ինքնահակասության չի կարող դիմանալ եւ ոչ մի տրամաբանություն՝ նույնիսկ «ոչ ստանդարտ»: Առանձնահատկությունը չի կարող զուտ հռչակագրային, անվանական լինել, այլ անհրաժեշտաբար էական է: Առանձնահատկությունն էլ տվյալ դեպքում կարող է լինել միայն պետության հայկական լինելը:

Եթե տարբերությունը պետությունների միջեւ միայն անվանական է, ապա անիմաստ են բոլոր ջանքերը, կամքը, պայքարը, զոհողությունները, որոնք ուղղված են միայն հանուն անվան: Ո՞րն է այդ ամենի իմաստը հանուն մի բանի, որի միայն անունն է տարբեր մյուսներից, բայց ոչ՝ էությունը: Շատ ավելի բանական չէ՞ այդ դեպքում մաս կազմել մեկ այլ՝ վաղուց ի վեր կայացած, հզոր եւ բարեկեցիկ պետական միավորների: Բայց եթե համարում ենք, որ այս մի կտոր Հայաստանի մեջ կարիք ունենք անկախ պետություն ունենալու եւ զարգացնելու, ուրեմն իմաստն ավելին է, քան պարզապես եւս մեկ անունը 193-անոց ցանկում: Չէ՞ որ այլ՝ հզոր եւ բարեկեցիկ պետությունների մաս կազմելու առավելություններն ակնհայտ են, եւ եթե մենք դրա փոխարեն ընտրում ենք անկախ կյանք՝ աչքի առջեւ ունենալով հանդերձ, թե որքան մեծ բարդությունների հետ է կապված բարդ տարածաշրջանում, երեք-չորս տասնյակ քառակուսի կիլոմետրի վրա, երկու-երեք միլիոն բնակչությամբ երկրում անկախ պետություն կառուցելը, որքան դա ռիսկային եւ առանց հաջողության որեւէ երաշխիքի նախագիծ է, ուրեմն՝ մեզ պետք է ինքնին պարզ լինի, որ այդ բոլոր բարդությունների եւ ռիսկերի դիմաց պետք է ստանանք մի բան, ինչը կարող է փոխհատուցել այդ ամենը, պետք է ունենանք մի նպատակ, որի առջեւ արդարացված է կամքի այդ լարումը:

Ուրեմն, խոսքը ոչ թե ինչ-որ առանձնահատկության մասին է, որն ընդամենը մի փոքր հավելված է ընդհանուր պետական նպատակներին, այլ այնպիսի առանձնահատկության, որը մեր պետության բուն էությունն է՝ միայն այդ դեպքում են արդարացվում հանուն սեփական անկախության պետության թափած ջանքերը եւ հրաժարումն այլ՝ ավելի մեծ ու հզոր պետական միավորների մաս կազմելուց: Հայաստանի Հանրապետության՝ Հայաստանի լինելը ոչ թե սոսկ անուն է, ձեւ է, մակերես է, այլ խորք է եւ բովանդակություն: Ընդ որում, հենց այն պատճառով, որ դա խորք եւ էություն է, նա կարիք չունի զուտ արտաքին, ձեւական, մակերեսային դրսեւորոմների եւ ինքնահաստատման, ասենք՝ «առանձնահատուկ» հասարակարգի եւ այլն: Հակառակը, առանց իր համար էական վնասի՝ նա կարող է փոխառել եւ յուրացնել աշխարհում ընդունված եւ մշակված պետական ձեւերը, որպես գործիք իր առանձնահատուկ նպատակներին հասնելու համար:

Ի՞նչ էության մասին է, ուրեմն, խոսքը:

Սահմանադրության ներածության մեջ օգտագործված է հետեւյալ ձեւակերպումը. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»: Այստեղ էական են բոլոր նախադասությունները, բայց մեր տվյալ շարադրանքի տեսակետից կարեւոր է «իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը» առաջին հայացքից զուտ պաթետիկ դատարկությունը: Իրականում սա դատարկ պաթոս է թվում միայն այն պատճառով, որ նման ձեւակերպումները, որոնք միայն շատ հազվադեպ դեպքերում են տեղին, մեզանում անտանելիության աստիճան չարաշահվել են, ինչն ունի իր բնական պատճառը՝ երբ պակասում է բովանդակությունը, մարդիկ եւ հասարակություններն իրենց առօրյան, դրա փոխարեն, լցնում են առօրեականութանը ոչ պատշաճ բարձրաոճ ձեւակերպումներով:

Ի՞նչ է ասում մեջբերված հատվածը մեզ: Կապ է ստեղծում ներկայի եւ անցյալի միջեւ: Այս կապը միայն ձեւական եւ ծիսական պնդում չէ, ինչպես կարող է թվալ մակերեսային մտածողության համար, որի համար ներկայի եւ անցյալի, «պատմության» եւ «քաղաքականության» միջեւ բաժանումը բացարձակ է, եւ երկուսը գոյություն ունեն առանձին-առանձին: Իրականում բացարձակ բաժանում այստեղ գոյություն ունենալ չի կարող թեկուզ այն պարզ պատճառով, որ ժամանակի հոսքն անընդհատ է, եւ ներկա կոչվածն ընդամենը պայմանականություն է, անորսալի պահ երեկվա եւ վաղվա միջեւ՝ այսօրվա ներկան վաղը դառնում է անցյալ, եւ այսօրվա քաղաքականությունը «պատմություն» կարելի է համարել հենց վաղվանից: Այս հոսքն անընդհատ է եւ ընդմիջումներ չունի, որով չկա եւ որեւէ բացարձակ սահման անցյալի եւ ներկայի միջեւ՝ մեկը սահուն անցնում է մյուսին:

Քաղաքական առումով սա նշանակում է՝ որեւէ պետություն, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը, օդում գոյացած միավոր չէ, միայն ներկայի կամքով ու ջանքով չեն որոշվում նրա ներուժն ու չափը: ՀՀ-ն արդյունք է Հայաստանի ողջ պատմության զարգացման՝ ընդհուպ մինչեւ հնագույն ժամանակները՝ առնվազն այն պահը, երբ առաջին անգամ ձեւավորվում է հայկական պետությունը, եւ դրա շրջանակներում կայանում է հայկական ազգային ինքնությունը: ՀՀ-ն եւ նախկին հայկական պետությունները ոչ թե առանձին-առանձին գոյություններ են, ոչ թե տարբեր միավորներ են, այլ միեւնույն շղթայի անբաժան մասը: Նույնն է նաեւ ՀՀ կապը հայոց պատմության «անպետության» շրջանների եւ այդ շրջանների ազգային քաղաքական պայքարների հետ:

Այս պնդումները մի կողմից թվում են ակնհայտ, մյուս կողմից՝ զուտ վերացական, մեր այսօրվա խնդիրների հետ կապ չունեցող: Բայց իրականում սա խնդրի բուն էությունն է: Պատմական չընդհատվող կապը ՀՀ եւ հայոց պատմության ու հատկապես հայոց պետական ու քաղաքական պատմության նախորդ փուլերի՝ միակ իրական եւ էական հիմնավորումն է, թե ինչո՛ւ ՀՀ-ն պետք է լինի, որո՛նք են նրա գոյության իմաստն ու բովանդակությունը: Միայն որպես հայոց պատմության անբաժանելի մաս եւ ոչ միայն մաս, այլեւ օրինաչափ արդյունք դիտված Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել պատասխանն այն հարցի, թե որո՛նք են մեր պետության ոչ ձեւական, էական տարբերությունն ու առանձնահատկությունը մյուս 190-ից ավելի պետություններից, եւ ինչու էր պետք ստեղծել եւ հռչակել առանձին պետություն՝ ի հավելումն աշխարհում գոյություն ունեցող 100-ավոր այլ պետությունների: Մնացած բոլոր առումները պատասխանում են ոչ թե ի՛նչ է ՀՀ-ն, այլ ինչպիսին նա կարող է կամ պետք է լինի կամ չլինի, եւ հարցի գործիքային, բայց ոչ էական կողմն են:

Այս փաստն, ի դեպ, բացարձակապես չի ժխտում ՀՀ այլազգի քաղաքացիների, առավել եւս Հայաստանում ավանդաբար ապրող ազգային փոքրամասնությունների լիարժեքությունը որպես հայաստանցի: Նման տափակ հակասության խնդիր այստեղ ընդհանրապես չկա: Հայոց պատմության մաս լինելն ու հայ լինելը նույն բանը չեն: Հայաստանի հիմնական ոչ հայ փոքրամասնությունները՝ եզդիներ, ասորիներ, ռուս-մոլոկաններ, բոլորն էլ իրենց ուրույն ճակատագրով մոտ են հայ ժողովորդին, եւ արդեն առնվազն երկու դար մեր պատմության մասն են՝ առանց մեզանից առանձնանալու որեւէ երեւացող նպատակի: Իսկ ՀՀ մյուս ոչ հայազգի քաղաքացիները հայոց պատմության մասն են դառնում հենց այսօր մեր կողքին ապրելով անկախ Հայաստանում: Խնդիրը սկզբունքորեն չի փոխվի նաեւ ա՛յն դեպքում, եթե մի օր ազգային փոքրամասնությունների թիվը Հայաստանում ավելանա: Խնդիր կարող է առաջանալ միայն ա՛յն դեպքում, եթե տվյալ փոքրամասնությունը ձեւակերպում է իր առջեւ ընդհանուր պետականին հակադրվող քաղաքական նպատակներ, բայց դա Հայաստանի համար այսօր զուտ տեսական հնարավորություն է, որի քննարկումը որեւէ իմաստ չունի տվյալ նյութում:

Անկախ ամենից՝ առարկայական փաստ է, որ Հայաստանի Հանրապետությունը գոյացել է հայկական հայրենիքում, հայկական ազգային պայքարի արդյունքում եւ կրում է իր վրա հայոց պատմության գրեթե բոլոր նախորդող փուլերի հետքերն ու այս կամ այն աստիճանի ազդեցությունը, եւ դա ոչ թե սովորական փաստ է, այլ հենց ՀՀ բուն էությունը: Ըստ էության, Հայաստանի Հանրապետությունն այլ բան չէ, քան վերականգնված Հայոց «թագավորությունը»: Թագավորություն բառն այստեղ չի նշանակում հասարակարգ, կառավարման ձեւ՝ միապետություն, այլ ինքնիշխան, միջազգայնորեն իրավահավասար պետություն:

Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության գերնպատակն է պատմականորեն ձեւավորված հայոց ազգային անհատականության պահպանումն ու զարգացումը: Երբ ասում ենք՝ պատմականորեն ձեւավորված, խոսքը անցյալի թանգարանային արժեքի, ընդհանրապես միայն անցյալի մասին չէ: Պատմականորենը նշանակում է չընդհատվող գործընթաց, որի սկիզբն անցյալում է, բայց որի հարազատ մասերն են ներկան եւ ներկայի շարժումը դեպի ապագա: Այստեղ չի ժխտվում նաեւ համամարդկայինը, քանի որ ազգայինի եւ համամարդկայինի հակադրությունը, որքան էլ զարմանալի թվա առաջին հայացքից, մակերեսային է, իսկ խորքում այդ երկուսը մերձենում են նույնանալու աստիճանի: Դա այդպես է, քանզի մի կողմից համամարդկային համարվող ցանկացած արժեք ստեղծվել եւ ստեղծվում է մի որեւէ կոնկրետ ազգային մշակույթի սահմաններում, իսկ մյուս կողմից՝ ամեն տվյալ ազգի մեջ առավել կարեւոր համարվող ազգային արժեքները հենց համամարդկային չափում ու նշանակություն ունեցողներն են: Համամարդկայինն ինքն իրենով նյութական գոյություն չունի, զուտ հասկացություն է եւ պատկերացում, նրա գոյության նյութական կերպն առանձին ազգային գոյություններն են: Իսկ ազգայինն էլ իր հերթին՝ իր բարձրագույն դրսեւորումներում ստեղծում է արժեքներ, որոնք դուրս են զուտ ազգայինի սահմաններից, եւ հենց այդ արժեքներով է, որպես կանոն, առավել հպարտանում եւ առավել չափով իրենը համարում: Այսպես, ձեւական առումով չկա որեւէ ուրույն հայկական բան Նարեկացու մեջ, միջնադարյան հայրենների մեջ, Արամ Խաչատրյանի երաժշտության մեջ, բայց դրանք մեր ազգային ստեղծագործության բարձունքներն են: Ճիշտ է, հայկական երանգավորում կարող ենք գտնել, ասենք, Չարենցի ու Վարուժանի պոեզիայի, Անիի կամ Թամանյանի ճարտարապետության, Սարյանի կամ Հակոբ Հակոբյանի նկարչության, Հրանտ Մաթեուսյանի արձակի մեջ, բայց այդ ամենում մեծագույն արժեքը ոչ թե այդ երանգավորումն է, այլ հայկական նյութի եւ հայկական երանգի միջոցով ցանկացած մարդուն հուզողի եւ վերաբերվողի բացահայտումն է: Եվ հակառակը՝ հնարավոր չէ գտնել համամարդկային տարողություն ունեցող մի արժեք, որը ստեղծված չլինի կոնկրետ ազգային մշակույթի սահմաններում եւ միջոցով: Այնպես որ, իրականացնելով ազգային նպատակներ, պետությունն ի վերջո ոչ թե ժխտում, այլ հաստատում եւ հարստացնում է համամարդկայինը:

Վերը սահմանեցինք, որ, որպես ազգային անհատականության ինքնաբացահայտման գործիք, պետության ընդհանուր նպատակներն են՝ ազգային պահպանումն ու զարգացումը: Այդ երկուսն իրականում ոչ թե բացարձակ տարբեր են իրարից, այլ մեկը փոխլրացնում է մյուսին, եւ ավելին՝ մեկը տեղի է ունենում մյուսի միջոցով: Առաջին հայացքից զուտ վերացական եւ առօրյայի հետ կապ չունեցող այս ձեւակերպման մեջ է իրականում գաղտնիքը, մեր վերաբերմունքի դեպի Հայաստանի Հանրապետության ներկան: Բնազդաբար, չգիտակցված կամ կիսագիտակցված մակարդակում բոլորս ենք զգում եւ ճանաչում այն, ինչն այստեղ փորձեցինք ձեւակերպել որպես ազգային պետության նպատակ: Եվ նույն բնազդով զգում ենք, որ առայժմ մեր պետությունը կարողանում է լուծել միայն «երկգլխանի» նպատակի մեկ մասը՝ պահպանման խնդիրը, այն էլ մասամբ՝ միայն որպես անմիջական ֆիզիկական ոչնչացումից, ջարդից, պատերազմից պաշտպանելու խնդիր: Եվ վերջապես նույն բնազդը հուշում է, որ նույնիսկ նպատակի առաջին «գլուխը»՝ պահպանման խնդիրը, ամբողջովին ոչ միայն չի լուծվում (հաշվի առնելով թեկուզ արտագաղթի խնդիրը), այլեւ չի կարող լուծվել առանց երկրորդի՝ զարգացման:

Եթե մեկ նախադասությամբ ձեւակերպենք Հայաստանի իրական եւ միակ խնդիրը, ապա դա հենց զարգացումն է, զարգացման առարկայական տվյալների եւ ենթակայական զգացումի բացակայությունը: Մնացած ամենը միայն ածանցյալ է այս խնդրի: Եթե գտնվի սրա լուծման բանալին, Հայաստանի մթնոլորտը կտրուկ կփոխվի: