21.12.2012 11:25

Երևանցիների վերաբերմունքը Տարոն Մարգարյանին. Մամուլ

Երևանցիների վերաբերմունքը Տարոն Մարգարյանին. Մամուլ

«Երեկ Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի կազմակերպած հանդիսավոր արարողությունը՝ վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը:Քաղաքապետարանն արդեն մի քանի օր է հեռուստաալիքներով հայտարարություն էր տարածում՝ բոլորին հրավիրելով նշյալ միջոցառմանը: Ճանապարհային ոստիկանությունը, ինչպես միշտ, մեքենաների երթևեկության համար փակել էր Հանրապետության հրապարակ տանող փողոցները, մյուս բոլոր փողոցներում առաջացնելով մեծ խցանումներ, շատրվանների հարևանությամբ տեղադրվել էր ճոխ բեմ, լուսային էֆեկտներով-բանով, կազմակերպվել էր համերգ, վերջում՝ հրավառություն: Այս առիթով քաղաքապետարանի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է. «50 հազար լուսադիոդային սարքերով ու 4500 խաղալիքներով զարդարված մայր եղևնին այս տարի յուրովի շքեղությամբ է ներկայացել Հանրապետության հրապարակում հավաքված երևանցիներին ու քաղաքի հյուրերին: Հանդիսությունն ուղեկցվել է տոնական համերգով, որին մասնակցել են հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը, համույթներ, նվագախմբեր և երգչախմբեր»:

Ու որքան էլ տպավորիչ է այս հաղորդագրությունը, իրականությունն այն է, որ երեկ մարդիկ հիմնականում մանկահասակ երեխաների հետ, կամ երիտասարդ զույգեր հավաքվել էին հրապարակում, բայց այնտեղ տիրում էր մեռելային լռություն: Համերգը վարողի բոլոր ջանքերը՝ «ժողովուրդ ջան, եկեք ծափահարենք, ավելի բարձր ծափահարենք», միևնույնն է՝ հնչում էին ինչպես «ձայն բարբառո անապատի»: Իրավիճակն ավելի խայտառակ էր, երբ հաղորդավարը հայտարարեց, թե հեսա-հեսա, ուր որ է՝ մեզ կմիանա քաղաքապետ Տարոն Մարգարյանը (նա ուշանում էր), ու դա անում էր օվացիաների ակնկալիքով, այնինչ լռությունը խախտում էին հատուկենտ ծափեր միայն: Հրապարակի շքեղ լույսերի ու մնացած ամեն ինչ ֆոնին այդ մեռելային լռությունը երևանցիների հավաքական վերաբերմունքի արտահայտությունն էր Տարոն Մարգարյանին: Եվ ոչ միայն նրան»,- գրում է  «Հայկական ժամանակը»: