21.12.2012 12:35

Հալեպում հայ է առևանգվել. Նրա ազատ արձակման համար փրկագին է պահանջվում

Հալեպում հայ է առևանգվել. Նրա ազատ արձակման համար փրկագին է պահանջվում

Հալեպում մի քանի օր առաջ կրկին հայ է առեւանգվել: Այս մասին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ առեւանգվածը Շահե Չաղլասյանն է: Նրա խոսքով` Չաղլասյանի ազատ արձակման համար փրկագին է պահանջվում: Հայտնի է, որ նա Հալեպի ծայրամասում գտնվող Շքեյֆ շրջանում է առեւանգվել իր իսկ մեքենայով: Այժմ աշխատանքներ են տարվում նրան ազատ արձակելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»:

Անդրադառնալով Հալեպում տիրող ընդհանուր իրավիճակին` Ռեյիսյանը տեղեկացրեց, որ մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Դրական փոփոխությունը երեկվա համեմատ փոքր-ինչ ավելի երկար ժամանակով էլեկտրականություն ունենալն է: Կրակոցներ եւ պայթյուններ մերթ ընդ մերթ լսելի են, սակայն ընդհանուր առմամբ քաղաքն ավելի հանգիստ է: Առավել անհանգստացնող խնդիրները կենցաղային բնույթի են:

Ինչ վերաբերում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տիրող իրավիճակին, ապա լարվածությունը դեռեւս շարունակվում է հատկապես Յարմուքի շրջանում:

Արաբական լրատվամիջոցներից ստացված տեղեկությունների համաձայն` մոտ երկու հազար մարդ երեք օրվա ընթացքում հատել է Լիբանանի սահմանը: