31.10.2016 16:42

Սերգո Տոնոյան. Անկախության քաղաքը

Սերգո Տոնոյան. Անկախության քաղաքը

Որքան էլ մեզանում ընդունված է բազմակողմանի քննադատել խորհրդային իշխանության, հատկապես դրա հաստատման եւ ամրապնդման՝ 20-րդ դարի 20-30-ական թվականների գործունեությունը, այդուհանդերձ, մի շարք կարեւոր իրադարձություններ, մասնավորապես քաղաքաշինության բնագավառին վերաբերող, մինչ օրս ըստ արժանվույն ուսումնասիրված եւ գնահատված չեն, ինչպես մասնագիտական, այնպես էլ՝ լայն հասարակական շրջանակների կողմից: Խնդիրը հիշված ժամանակաշրջանը քննության առնելը չէ, այլ արձանագրելը, որ Երեւանի պատմության երկարատեւ ժամանակագրական առանցքի վրա ամենախիտ եւ հագեցած մասը բաժին է ընկնում հենց այդ երկու տասնամյակներում տեղի ունեցած իրադարձություններին:

Ընդունված է համարել, որ այն ամենն, ինչ կառուցվել է թամանյանական շրջանից, այսինքն՝ խորհրդային իշխանության հաստատումից առաջ՝ ցարական իշխանության օրոք՝ Հին Երեւանն է եւ պարտադիր ենթակա է հատուկ պահպանության: Սա վկայում է այն մասին, որ Երեւան քաղաքի զարգացման վերաբերյալ, հին քաղաքի, այսպես կոչված՝ Հին Երեւանի մասին պատկերացումները փոքր-ինչ սխալ են: Ցարական իշխանության օրոք վերակառուցվող միջնադարյան, տիպիկ արեւելյան քաղաքը շուրջ մեկ հարյուրամյակի ընթացքում վերածվել էր Ռուսական կայսրության սովորական գավառական քաղաքի: Ահա այդ քաղաքն է, որ գրեթե 100 տարի առաջ սկսել է քանդվել եւ ձեւափոխվել: Հետեւաբար, շատ կարեւոր է հասկանալ, թե նախ՝ արեւելյան, ապա ռուսական գավառական քաղաքին ինչպիսի՞ քաղաք է հաջորդել, եւ ո՞րն է եղել թամանյանական Երեւանի քաղաքաշինական գաղափարախոսությունը: Մյուս կողմից, շատերը սխալվում են, երբ նախաթամանյանական, այո՛, գավառական քաղաքը բնորոշում են որպես հետամնաց եւ անկազմակերպ քաղաքաշինություն ունեցող բնակավայր: Հայտնի է, որ Երեւանի կանոնավոր հատակագծումը սկսվել է դեռեւս 1837 թ.-ից, եւ հաջորդ տասնամյակների ընթացքում հստակ ունեցել է իր զարգացման քաղաքաշինական ծրագիրը՝ գլխավոր հատակագիծը (1856թ., 1865թ.):

Օրինակ, Երեւանի կենտրոնի փողոցային փոխուղղահայաց ցանցը կազմավորվել է հենց այդ քաղաքաշինական միջոցառումների արդյունքում: 20-րդ դարասկզբին Երեւանում գործում էր երկաթգծային կայարան, քաղաքը մասամբ էլեկտրաֆիկացված էր, կային ե՛ւ բարձրագույն ուսումնական, ե՛ւ առողջապահական հաստատություններ, ինչպես նաեւ բազմաթիվ այլ բնակելի, հասարակական եւ արդյունաբերական համալիրներ: Ըստ էության, դա ժամանակի հիմնական պահանջներին բավարարող, փոքր գավառական քաղաք էր: Եւ այստեղ է, որ մենք պարտավոր ենք հատուկ ուշադրություն դարձնել քաղաքական իրադարձություններին, եւ նկատենք, որ 1918 թ.-ին՝ Հայաստանի անկախացմամբ, Երեւանը իր նոր կարգավիճակով կանգնեց բոլորովին այլ խնդիրների առաջ: Պետք չէ մոռանալ նաեւ, որ Ալեքսանդր Թամանյանը առաջին անգամ Երեւան է այցելում 1919 թ.-ին եւ քաղաքի վերակառուցման իր գլխավոր հատակագիծը սկսում է նախագծել հենց այդ ժամանակ: Ինչպես արդեն նշվեց, Երեւանը 19-րդ դարում եւ 20-րդ դարասկզբին իր գործող քաղաքային ենթակառուցվածքներով, բնակելի, հասարակական եւ արդյունաբերական համալիրներով արդեն իսկ ձեւավորված քաղաք էր: Անշուշտ, հաջորդ երկու տասնամյակների ընթացքում քաղաքային միջավայրը զարգացման էլ ավելի մեծ եւ արագ տեմպերի արդյունքում համալրվեց կենսական նշանակություն ունեցող, մի շարք բնագավառների պատկանող բազմատեսակ այլ կառույցներով:

Նոր հասարակարգի պայմաններում, բոլորովին այլ սկզբունքներով սկսեց զարգանալ ե՛ւ բնակելի, ե՛ւ հասարակական, ե՛ւ արդյունաբերական ճարտարապետությունը: Հայացք նետելով այդ տարիներին իրականացված քաղաքաշինական ծրագրերին, կարելի է պատկերացում կազմել, թե ինչպիսի հսկայական աշխատանք է կատարվել՝ շատ կարճ ժամանակում քաղաքը ձեւափոխելու ուղղությամբ: Այսպես, օրինակ՝ 20-ական թվականների երկրորդ կեսից Երեւանում Թամանյանի նախագծերով կառուցվեցին Հրազդանի ձորում ՀԷԿ-ը, 1-ին տպագրատունը (համահեղինակ՝ Ն. Բաեւ), Հանրային գրադարանը, Աստղադիտարանը, Կառավարության եւ Օպերայի շենքերը, Գինեկոլոգիական հիվանդանոցը, Ֆիզիկո-քիմիական, ֆիզիո-թերապեւտիկ, Անատոմիկումի, Անասնաբուժական ինստիտուտները եւ այլն: Հետաքրքիր է, որ մեր օրերում անտեսված են մի շարք այլ անվանի ճարտարապետների անուններ, ինչպիսիք են, օրինակ՝ 1924-38 թթ. Քաղաքի գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանը («Երեւան» եւ «Սեւան» հյուրանոցները, Գյուղատնտեսական բանկը, Հրշեջ դեպոն, մի քանի տասնյակ բնակելի շենքեր, ընդհանուր առմամբ՝ 80-ից ավելի շինություններ), Բագրատ Արազյանը (բնակելի տներ Մաշտոցի, Փարպեցու եւ Կողբացու փողոցներում), Նիկոլայ Բաեւը (Պետբանկը, Դատախազության շենքը, մի քանի բնակելի տներ), ինչպես նաեւ ավագ սերնդին հակադրված ճարտարապետների նոր սերնդի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք էին՝ Կ. Հալաբյանը, Գ. Քոչարը, Մ. Մազմանյանը եւ այլք: Չխորանալով Թամանյանի գլխավոր հատակագծի մանրամասների մեջ, անհրաժեշտ է նկատել նրա՝ քաղաքային միջավայր ստեղծելու (այն է՝ ճարտարապետություն), դեռեւս 1-ին հանրապետության օրոք ծնունդ առած գաղափարական յուրահատկությունը:

Թամանյանի նպատակը միջնադարյան, արեւելյան եւ ռուսական ազդեցության տակ գտնված քաղաքի սոսկ մոդեռնիզացիան չէր, այլ՝ անկախական մայրաքաղաք ստեղծելն էր: Հաճելի է մեզ, թե՝ ոչ, բայց հին քաղաքն իր մահկանացուն սկսել է կնքել հենց նախորդ դարաշրջանի 20-30-ականներից սկսած փոփոխությունների արդյունքում: Այլ խնդիր է, որ նրա մնացորդները ուրվականի պես դեռ սփռված են Երեւանում: Այսօր, թամանյանական հատակագծով սահմանված պարագծային կառուցապատման մեջ, Երեւանի կենտրոնի (եւ ոչ միայն) գրեթե բոլոր բակերում դուք կարող եք տեսնել 19-րդ դարի կառուցումներ: Դրանք պահպանվել են բակային տարածքներում 20-րդ դարի ողջ ընթացքում տեղի ունեցած էվոլյուցիոն պրոցեսներին դիմակայելով: Կավաշեն (հաճախ՝ գետնափոր) կամ աղյուսաշեն տների կողքին նախ հայտնվեցին մետաղական ավտոտնակները, հետո բակերի միջից, ինչպես մեր օրերում, վեր խոյացան պանելային շենքերը, հիմա դրանց կողքին իրենց տեղն են գրավում նորակառույց էլիտարները, իսկ մետաղական ավտոտնակները սկզբում քարաշեն դարձան, ապա վերածվեցին ոճային առումով ամենախայտաբղետ առանձնատների: Նախախորհրդային շերտին պատկանող այս տեսակ կառույցները պահպանվել են թամանյանական գլխավոր հատակագծի անկատարության պատճառով: Թամանյանի՝ անկախական քաղաք ստեղծելու գաղափարը հասկանալի պատճառներով հարվածների տակ էր գտնվում խորհրդային իշխանության գոյության ողջ ընթացքում:

Միեւնույն ժամանակ, անհերքելի է, որ Երեւանի (մասնավորապես՝ նրա կենտրոնական մասի) այսօրվա դիմագիծը, անկախ հասցված վնասներից, շարունակում է կրել Թամանյանի՝ անկախ պետության մայրաքաղաք կառուցելու երազանքի, գաղափարի անջնջելի հետքը: Քանի դեռ Երեւանը չունի զարգացման նոր ծրագիր, այնպիսի համալիր ծրագիր, որ կարտահայտի տվյալ ժամանակաշրջանի պահանջներն ու կլուծի առաջ եկած նոր խնդիրները, պարզապես հիմարություն է քանդել նախորդ շերտերի կառույցները, իսկ հատկապես՝ թամանյանական շերտը: Այդ շերտն է, որ արդեն այսօր հավակնում է դառնալ Հին Երեւան:

Տպագրատան պայթեցումը արդարացիորեն զայրույթ առաջացրեց հասարակության մեջ: Քանդվող յուրաքանչյուր շենքով են մեր քաղաքացիները ճանաչում քաղաքի պատմությունը: Եվ երբ հերթը հասել է թամանյանական շերտի կառույցներին, շատ արագ պետք է հասկանանք, որ այսպես շարունակվելու դեպքում՝ 20 տարի էլ չանցած, Հին Երեւան ասելով հասկանալու ենք թամանյանական քաղաքը եւ պայքարելու ենք այդ շրջանից պահպանված հատուկենտ շենքերի համար: