21.12.2012 15:44

Խոշոր ավտովթար Երևան-Վանաձոր ճանապարհին. Բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ

Խոշոր ավտովթար Երևան-Վանաձոր ճանապարհին. Բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ
Արխիվային լուսանկար

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արայի գյուղից դեպի Ափնագյուղ տանող ճանապարհահատվածում բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է:  Վթարի հետևանքով կան վիրավորներ: Ոստիկանությունը այս պահին պարզել է երկու վիրավորի տվյալ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս վիրավորների ինքնությունը ճշտելու համար:

ՃՈ աշխատակիցները փորձում են մոտ 2 կիլոմետրանոց խցանումը բացել, ինչը մեծ դժվարությամբ է կատարվում: Որոշ ավտոմեքենաների ապահովագրական ընկերեությունների ներկայցուցիչներ կարճ ժամանակում ժամանել են, իսկ որոշներն էլ, ըստ վթարի վայրում հավաքվածների, 2 ժամից ավելի է՝ չկան: Դա ստիպեց ոստիկաններին և փրկարարներին վթարված ավտոմեքենաները դուրս բերել ճանապարհից:  

ՀՀ ԱԻ նախարարության տվյալներով այսօր՝ ժամը 11։07-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արա գյուղ-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոճանապարհը մերկասառույցի և մառախուղի հետևանքով առաջացած վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է, մոտ 200 ավտոմեքենա հայտնվել է խցանման մեջ:

Բախվել է 10 ավտոմեքենա, որի հետևանքով երկու քաղաքացիներ ստացել են թեթև մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Ապարանի բժշկական կենտրոն: ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: