21.12.2012 15:52

Վրաստանի կառավարությունը կկրճատի Սաակաշվիլիի թիկնազորը

Վրաստանի կառավարությունը կկրճատի Սաակաշվիլիի թիկնազորը

Վրաստանի խորհրդարանը մինչև Նոր տարի պետական պահպանության ծառայությունը նախագահի վարչակազմի ենթակայությունից կտեղափոխի կառավարության ենթակայության տակ, ինչը փոփոխություններ կմտցնի Միխեիլ Սաակաշվիլիի թիկնազորի կազմում, ВЗГЛЯД-ի թբիլիսյան թղթակցի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը հայտարարել է կառավարության խորհրդարանական քարտուղար Շալվա Թադումաձեն: Ըստ Թադումաձեի՝ այդ ծառայությունն այժմ ունի գրեթե 1800 աշխատակից, և դրա 70 %-ն ապահովում է նախագահի պահպանությունը: «Դա անհամաչափ է անվտանգության սպառնալիքներին ու նաև՝ ֆինանսական տեսակետից,-նշել է նա ու հավելել,- Սաակաշվիլին թիկնազոր կունենա, սակայն մասնագետները կասեն, թե որքան է անհրաժեշտ»:«Մաեստրո» հեռուստատեսության ուղիղ եթերից Թադումաձեն հայտարարել է, որ Սաակաշվիլին «ցավագին» կընդունի այդ փոփոխությունները: «Նրա շարասյան մեջ այժմ 10 ջիփ կա, դա ոչ միայն թիկնազոր է՝ դա ուժի ցուցադրություն է: Նրա թիկնազորը շատ ավելի մեծ է, քան անհրաժեշտ է նման քաղաքական իրադրության մեջ գտնվող երկրին»: Նա նաև հաստատել է, որ նախկինում Սաակաշվիլին օգտվում էր երկու ինքնաթիռներից, իսկ այժմ՝ միայն մեկից, քանի որ պաշտպանության նախարարությունը հրաժարվել է հոգալ երկրորդի մասին:

Հինգշաբթի մամլո ասուլիսում Սաակաշվիլին հայտարարել էր, որ պետական պահպանության ծառայության անցկացումը կառավարության ենթակայության տակ՝ իրեն չի մտահոգում: «Խնդիր չկա, հենց նույն պահին կարձակեմ անձնական թիկնազորս, կհանեմ նախագահական նստավայրի պահպանությունը, ես ոչնչից չեմ վախենում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորս տարի է՝ սպառնում է վերացնել ինձ՝ չեմ վախենում: Սրանցից էլ չեմ վախենա, ինձ զրահապատ մեքենաներ, ինքնաթիռներ և ուղղաթիռներ  պետք չեն, վերցրե՛ք»,-ասել է նա:

2013 թ. բյուջեով պետական պահպանության ծառայության համար նախատեսված է 47 միլիոն լարի (28 միլիոն դոլար):