21.12.2012 18:03

Հայտնի վազորդուհին զբաղվել է մարմնավաճառությամբ

Հայտնի վազորդուհին զբաղվել է մարմնավաճառությամբ

Հայտնի ամերիկացի թեթեւատլետ, միջին վազքատարածություներում երեք Օլիմպիադաների մասնակից Սյուզի Հեմիլթոնը խոստովանել է, որ վերջին շրջանում զբաղվել է մարմնավաճառությամբ:

44-ամյա Սյուզին «Քելի Լանդի» կեղծանվան տակ աշխատում էր Լոս-Անջելեսից մինչեւ Չիկագո գտնվող շքեղ հյուրանոցներում՝ իր ծառայությունների դիմաց վաստակելով ժամում 600 դոլար, հայտնում է New York Post-ը:

Մարզուհու երկակի կյանքը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ հաճախորդներից մեկը նրան ճանաչել է եւ այդ մասին պատմել իր ծանոթներին: Դեկտեմբերի սկզբում լրագրողները Հեմիլթոնին հետեւել են Լաս-Վեգասի հյուրանոցներից մեկում եւ նրան խոստովանության դրդել: Կինը դժկամությամբ է բացել իր գաղտնիքը՝ տեղի ունեցածը համարելով մեծ սխալ:

«Ես մարմնավաճառությամբ էի զբաղվում, որովհետեւ այն ինձ ապրելու հնարավորություն էր տալիս, երբ իմ կյանքում եւ ամուսնությունում դժվար ժամանակներ սկսեցին: Ես ահավոր սխալ եմ թույլ տվել, եւ չեմ ակնկալում, որ ինձ կհասկանաք»,- հայտարարել է Հեմիլթոնը, որն այժմ մտադիր է հոգեբանական վերականգնողական կուրս անցնել:

Թեթեւատլետի խոսքով, իր կյանքը դեպի անկում է գնացել եղբոր ինքնասպանությունից եւ ծննդաբերական դժվարություններից հետո: Ընդ որում, Սյուզիի ամուսինը հայտարարել է, որ գիտեր, թե ինչով է կինը զբաղվում, սակայն չէր կարող նրան ետ պահել այդ զբաղմունքից:

Իսկ ահա նախկին վազորդուհու հաճախորդները միայն հիացմունքով են խոսում նրա մասին՝ ընդգծելով, որ Սյուզին յուրաքանչյուր վճարած դոլարի դիմաց աշխատում էր մինչեւ վերջ:

Հեմիլթոնը մասնակցել է 1992, 1996 եւ 2000թթ. Օլիպիադաներին, 9 անգամ հաղթել է թեթեւ ատլետիկայի ԱՄն-ի ուսանողական առաջնությունում: Երիտասարդ տարիներին համակրելի մարզուհին հաճախ նկարահանվել է նաեւ գովազդային տեսահոլովակներում: