21.12.2012 18:47

«Թերլեմեզյանցիները» պահանջում են, որ Ալվարդ Պետրոսյանը ներողություն խնդրի

«Թերլեմեզյանցիները» պահանջում են, որ Ալվարդ Պետրոսյանը ներողություն խնդրի

Թերլեմեզյանի ուսումնարանի դասախոսների, ուսանողների և արվեստագետների մի մասը արդեն մեկ ամիս է՝ պահանջում է, որ Ալվարդ Պետրոսյանը հրապարակավ խնդրի իր խոստացած ներողությունը: Նրանք որոշել են Ա. Պետրոսյանին դիմել բաց նամակ-պահանջագրով. «Ձեզ պահանջով դիմում են 91 տարվա ընթացքում Թերլեմեզյանի պատերին ուղիղ և փոխաբերական իմաստով մեխ խփած տնօրենների, դասխոսների, աշխատակիցների, ուսանողների և այլոց անունից Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ներկայիս դասախոսները, ովքեր այդ իրավունքն ունեն, քանի որ նույնպես «մեխ խփողների» շարքերից են: Պահանջում ենք, որ Դուք հրապարակավ խնդրեք Ձեր խոստացած ներողությունը:

Սպասում ենք Ձեր պատասխանին և ակնկալում ենք Ձեզանից հստակ հայտարարություն այս կապակցությամբ, այլ ոչ թե խուսափողական և անորոշ մի պատասխան»:

Խոսքը վերաբերվում է Ալվարդ Պետրոսյանի 2012 թվականի նոյեմբերի 17-ի «Առավոտ» թերթում տպագրված  հարցազրույցին, որտեղ նա ասել է. «Եթե որևէ մեկը կարող է կանգնել ասել, որ բացի որդուցս, ինձնից ու հարսիցս Թերլեմեզյանի ուսումնարանում որևէ մեխ է խփել պատին, ես հրապարակավ ներողություն կխնդրեմ»:

Հիշեցնենք, որ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Նարեկ Առուշանյանի մահից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել նրա կինը՝ Աննա Մնացականյանը, ով Ալվարդ Պետրոսյանի հարսն է: Փետրվարի 14-ին քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթին ներկայացված երեք թեկնածուներից մրցույթն անցել էին երկուսը` քոլեջի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանը և «Հայբուսակ» համալսարանի մանկավարժության ամբիոնի դոցենտ Արմեն Հարությունյանը: Ըստ ընթացակարգի, փաթեթն ուղարկվել էր ԿԳ նախարարություն, որից հետո Աշոտյանը եռօրյա ժամկետում պետք է ընտրեր քոլեջի տնօրենին, բայց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մրցույթի հաղթող երկու թեկնածուներից և ոչ մեկին դեռ չի հրամանագրել քոլեջի տնօրենի պաշտոնում: Իսկ մինչ այս ստեղծվել էր նախաձեռնություն, որը պահանջում էր հեռացնել Աննա Մնացականյանին քոլեջից: Այս մասին հայտնում է panarmenian.net-ը: