21.12.2012 19:44

Սասուն Միքայելյան. Այսօր բոլորի պարտականությունն է փրկելու երկիրը

Սասուն Միքայելյան. Այսօր բոլորի պարտականությունն է փրկելու երկիրը

«Սասուն» ջոկատի հրամանատար, Հայ ազգային կոնգրեսի անդամ Սասուն Միքայելյանի համոզմամբ՝ Հայաստանի վիճակը ծանր է, բայց ինքը դրանից հուսահատվողը չէ: «Ես այսօրվա մեր երկիրը համեմատում եմ նրա հետ, որ մեկի բարեկամը հիվանդանում է, ասում են դե կլավանա էլի, հետո ասում են շատ վատ ա, մի երկու հոգի էթում, տենում են, հետո ասում են մահամերձ ա, կմահանա, բոլորը հավաքվում են, որ փրկեն ու չեն կարում փրկեն: Հիմա մեր երկիրն այսօր այդ հիվանդության մեջ է»,- «Հանրապետություն» կուսակցության՝ այսօր կայացած համագումարից հետ լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ըստ ազատամարտիկի՝ այսօր բոլորի պարտականությունն է փրկելու երկիրը, քանի դեռ ուշ չէ: «Էդ քո պարտականությունն է, Ձեր, Ձեր, բոլորիդ։ Իմ պարտականությունն ա: Սասունը երբեք, ոչ մի բանից չի հուսահատվել, ու այսօրվա իրավիճակից էլ ես չեմ հուսահատվում: Ես միշտ գնացել եմ ուղիղ ու ճիշտ : Չգիտեմ ով ինչ գնահատական ա տվել, ինչ ձև ա հասկացել, բայց մեր Հայաստանի Հանրապետության կարգի երկրներում, մեր աշխարհագրական դիրքը վերցնենք, պետք է չոր քաղաքականություն չվարել, այլ հոգի դնել, ես հոգի եմ դրել այս երկրի, բանակի ձևավորման և ընդհանրապես քաղաքական դաշտում»,- ասաց նա և նշեց, որ ինքը իրավունք չունի զերծ մնալ հետագա քաղաքական զարգացումներից:

ՀԱԿ անդամը հավատացնում է, որ ինքը պասիվ չէ և իրավունք չունի պասիվ լինելու: Նա միայն խնդրում է մի քանի օր էլ սպասել՝ իմանալու համար առաջիկա ընտրությունների և կոնկրետ Հայ ազգային կոնգրեսի մարտավարության հարցի շուրջ իր գնահատականի մասին: «Տարեվերջին կիմանաք»,-կրկնեց նա: Այս մասին հայտնում է tert.am-ը: