21.12.2012 20:46

Առողջապահության նախարարությունը բուժաշխատողներին կոչ է անում՝ չենթարկվել սադրանքների

Առողջապահության նախարարությունը բուժաշխատողներին կոչ է անում՝ չենթարկվել սադրանքների

Այսօր ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ դեկտեմբերի 19-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Սեբաստիա» ծննդատանը հիվանդներից մեկի հարազատները հարձակվել են բժիշկների վրա և ծեծել նրանց: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1991 թ. ծնված Օվսաննա Մ.-ի ծննդաբերության ժամանակ մահացած պտղի պատճառով ծննդօգնության կենտրոնի գլխավոր բժշկի աշխատասենյակում վիճաբանություն է ծագել, որի ժամանակ Օվսաննա Մ.-ի ամուսինը` 1986 թ. ծնված Երվանդ Ա.-ն և նրա 3 հարազատները ոտքերով և ձեռքերով հարվածել են բժշկին` պատճառելով վնասվածքներ սալջարդի տեսքով, նաև կոտրել են ծննդատան միջանցքի դռան ապակին: Նշանակվել են դատաբժշկական և ապրանքագիտական փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ Երվանդ Ա.-ին և նրա 3 հարազատներին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:

Դեպքին արձագանքել է նաև ՀՀ առողջապահության նախարարությունը՝ երևույթը դատապարտող հաղորդագրությամբ, որում, մասնավորապես, ասվում է.

«Երեկ «Սեբաստիա» բժշկական կենտրոնի «Էլեն-Նարե» ծննդատանն անթույլատրելի դեպք է տեղի ունեցել։ Այս էլ որերորդ անգամ բժշկի նկատմամբ անհարգելից ու բիրտ ուժի կիրառման միջադեպ է գրանցվել մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում։ Արատավոր ու մերժելի մի փաստ, որը, դժբախտաբար, կարծես թե չափազանց դատապարտելի, ուղղակի անըմբռնելի սովորույթ է դառնում։

Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ հետամուտ է լինելու նման բոլոր դեպքերի, ինչպես նաև բուժաշխատողի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի արձանագրված ամեն մի փաստի առթիվ։ Վստահ ենք, որ իրավապահ մարմիններն անհետևանք չեն թողնի յուրաքանչյուր նման դեպք և առավել խիստ կմոտենան բուժաշխատողների հանդեպ ոտնձգություն կատարած անձանց նկատմամբ։

Բուժաշխատողներին կոչ ենք անում չենթարկվել սադրանքների և մասնագիտական պարտականություններն իրականացնել անվերապահ ու լիարժեք։ Իսկ հիվանդների հարազատներին հորդորում ենք ձեռնպահ մնալ միջամտելու կամ որևէ այլ կերպ խոչընդոտելու բուժաշխատողներին` կատարելու իրենց մարդասիրական գործը և մասնագիտական պարտքը, հաշվի առնելով, որ դրանով առաջին հերթին վտանգում են իրենց իսկ հարազատի բուժումն ու անգամ կյանքը։ Նման երևույթներն անառողջ և անվստահության մթնոլորտ են ստեղծում։

Միաժամանակ, հաշվի առնելով վերջին շրջանում բուժաշխատողների նկատմամբ անհարգալից և ուժի կիրառման հաճախակի դարձած դեպքերը և դրանք կանխելու հրամայականը, նախարարությունում քննարկվում է մասնագիտական պարտականությունները կատարող բուժաշխատողների հանդեպ բռնի գործողություններ իրականացնողների նկատմամբ պատասխանատվության խստացմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ կատարելու առաջարկով ՀՀ կառավարություն դիմելու հարցը»: