21.12.2012 21:05

Միջազգային դիտորդ. Կան որոշ առաջարկություններ, որոնք շատ գրագետ և խելամիտ են. դրանք պետք է քննարկել ու ընդունել

Միջազգային դիտորդ. Կան որոշ առաջարկություններ, որոնք շատ գրագետ և խելամիտ են. դրանք պետք է քննարկել ու ընդունել

Ես ինքս խորհրդարանի պատգամավոր եմ եղել ու կարծում եմ, որ ցանկացած փոփոխություն, որ մուտքագրվում է Ընտրական օրենսգիրք, պետք է ուժի մեջ մտնի հաջորդ ընտրությունների ժամանակ՝ 5 տարի հետո: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ICES ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի նախագահ, Իսրայելի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում ընդդիմության՝ Ընտրական օրենսգրքում առաջարկած փոփոխություններին:

Նշենք, որ ICES-ը Հայաստանում փետրվարին սպասվող նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնելու: Առաքելությունն արդեն իսկ ուսումնասիրել է Հայաստանի Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը: Առաքելությունն իր նախնական զեկույցում սահմանել է, որ Հայաստանում ընտրությունների օրենսդրական բազան հիմնականում համապատասխանում է միջազգային ժողովրդավարական նորմերին: Զեկույցում նշվում է, որ Ընտրական օրենսգիրքը, չնայած որոշ դիտողությունների, գրեթե ամբողջությամբ նկարագրում է ընտրական գործընթացները:

«Այն դեպքում, եթե դրանք ուժի մեջ մտնեն 5 տարի հետո, պոպուլիստական չեն լինի, այլ իսկապես մտածված: Քաղաքագետները կարծում են, որ ժողովրդավարության մակարդակը կապված է օրենսդրության կայունությունից, բայց կան որոշ առաջարկություններ, որոնք շատ գրագետ և խելամիտ են: Դրանք պետք է քննարկել ու ընդունել: Այդ պատճառով առաջարկվող փոփոխությունների մասին դրական կամ բացասական կարծիք հայտնել հնարավոր չէ»,- ասաց Ցինկերը:

Նա, որպես օրինակ, նշեց, որ ինքն ամբողջովին պաշտպանում է այն գաղափարը, թե Հայաստանի այն քաղաքացիները, որոնք չեն ապրում Հայաստանում, չմասնակցեն ընտրություններին:

«Շատ հայաստանցիներ, որոնք ապրում են այլ երկրներում, նրանք երևի ավելի ռադիկալ են: Մտածում են՝ պետք է հարցը լուծել մեկընդմիշտ և այլն: Երբ դու ապրում ես երկրի ներսում, դու սկսում ես մտածել՝ ինչպես լուծել այս կամ այն խնդիրը»,- նշեց նախկին պատգամավորը:

Մեր այն հարցին, թե ինչպես է գնահատում իշխող կուսակցության՝ ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը բոյկոտելու փաստը, Ցինկերը կարծիք հայտնեց, թե դրանք խորհրդարանի ներսում ընթացող քաղաքական խաղեր են: «Չեմ զարմանա, եթե իշխող կուսակցությունն ինչ-որ բան նախաձեռնի, ընդդիմությունը համարի, որ դա իրեն ձեռք չի տալիս»,- եզրափակեց Ալեքսանդր Ցինկերը: