21.12.2012 21:41

Գուրգեն Եղիազարյան. Գելափ-մելափները գալիս են Հայաստան խոպան

Գուրգեն Եղիազարյան. Գելափ-մելափները գալիս են Հայաստան խոպան
Լուսանկարը՝ Panarmenian Photo

2013-ի նախագահական ընտրություններում ո՞ր թեկնածուի համար եք քվեարկելու. այս հարցին ի պատասխան Baltic Surveys /The Gallup Organization-ի կատարած հարցումները հայ հասարակության շրջանում ունեն այսպիսի ցնցող արդյունքներ. ընտրողների 49 %-ը քվեարկելու է Սերժ Սարգսյանի, 21 %-ը՝ Գագիկ Ծառուկյանի, 6 %-ը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, 5 %-ը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, ևս 5 %-ը՝ Ռոբերտ Քոչարյանի, 3 %-ը՝ Վահան Հովհաննիսյանի օգտին, և 9 % կազմել են չկողմնորոշվածները:

Aravot.am-ի հետ զրույցում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ իրենց անվստահությունը հայտնեցին ստացված տվյալների կապակցությամբ: ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը նշեց. «Gallup-ին վստահում եմ ճիշտ այնպես, ինչպես վստահում եմ ցանկացած սուտիբեկյանի: ՀՀ-ն մի երկիր է, որտեղ միջազգային ոչ մի օրենք չի աշխատում: Այս կազմակերպությունները գալիս են իրենց կարծիքով մի վայրենի երկիր, որտեղ տարբեր անվան տակ կատարում են ամեն տեսակի հանցագործություններ: Դրանց մի ճուտն էլ այդ գելափ-մելափներն են: Գալիս են խոպան: Հայաստանը լավագույն երկիրն է փող աշխատելու: Դրա մասին մի հեքիաթ կա, Բուրատինոյի հեքիաթն է: Հիմարների երկրում ոսկի ցանելու պատմությունը: Սրանք գալիս են մի «ճ» կարգի երկիր, խամ ու խոպան, ստանում իրենց գումարները և ջհանդամվում իրենց ժողովրդավարական երկրներ»:

Պարոն Եղիազարյանը զուգահեռներ տարավ Եգիպտոսի հետ, որտեղ քաղաքացիներն իրենց ձայնը տալիս են մեկ կիլոգրամ շաքարավազի դիմաց: Այս համատեքստում պարոն Եղիազարյանը նշեց. «Գելափի տվյալներով՝ ձայների մեծամասնությունն է ստացել Սերժ Սարգսյանը: 35- 40 տոկոս աղքատության պայմաններում, որն իրականում 60-70 տոկոս է, այս արտագաղթի, չքավորության պայմաններում, Սերժ Սարգսյանի բարեկամներից բռնած օրենքի վրա թքելով և արհամարհելով են ապրում, այսինքն՝ երևում է, որ այ սրա համար է Գելափը նրան շնորհում ձայների մեծամասնությունը: Սա ուղղակի խաբեբայություն ու կաշառակերություն է»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ևս չի հավատում Gallup-ի տվյալներին: Նա նշեց. «Դա ԱՄՆ Gallup-ը չէ, սակայն դա ոչ մի կապ չունի: Ես չեմ վստահում այդ թվերին, քանի որ այդ թվերը չեն կարող իրատեսական լինել՝ հասարակական տրամադրությունները իմանալով: Այն, որ յուրահատուկ ազգ ենք, ես դա գիտեմ, բայց որ այդքան յուրահատուկ ազգ են և մազոխիստական տրամադրություններ ունենք, ինչպես այս ուսումնասիրությունն է ասում, ես դա չեմ ընդունում: Gallup-ի մասնագետները ինչպես կբացատրեն, որ աղքատության աճի պայմաններում նմանատիպ հասարակությունը վստահում է գործող նախագահին ու աջակցում: Եթե այդ ֆենոմենը կբացատրեն և կապացուցեն, որ հայերը մազոխիստ են, այդ ժամանակ ես կասեմ ներողություն: Սակայն ես համոզված եմ, որ հայերը նորմալ հոգեկան հավասարակշռված մարդիկ են»: