21.12.2012 21:59

Գաղտնալսման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 144 հոդվածի համաձայն

Գաղտնալսման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 144 հոդվածի համաձայն
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի զրույցը գաղտնալսելու փաստի առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունն իրականացրել է հարցաքննություն: Հարցաքննել է գաղտնալսված պատգամավորներին եւ հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի հատկանիշներով: Այս մասին galatv.am-ին փոխանցեց ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ իր պաշտպանյալի` ՀՔԾ-ում հարցաքննության ավարտից հետո: «Այո, քրեական գործ հարուցվել է Քր.օր. 144 հոդվածով, եւ պարոն Օսկանյանը հարցաքննվել է՝ որպես վկա: Որեւէ կոնկրետ անձի պարոն Օսկանյանը չի կասկածում, ուղղակի համարում է անընդունելի այդպիսի ձայնագրումները, այդ իսկ պատճառով խնդրում է, որ իրավապահ մարմիններն իրականացնեն իր իրավունքների պաշտպանությունը».-ասաց Տիգրան Աթանեսյանը:

ՀՔԾ-ում սկզբում հարցաքննվել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, այնուհետ՝ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը:

«Պարոն Զուրաբյանին հանդիպեցինք քննչականում, սկզբում նրան էին հարցաքննել, ապա պարոն Օսկանյանին»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորներ Լ. Զուրաբյանն ու Վ. Օսկանյանը ՀՔԾ էին հրավիրվել իրենց գրության արդյունքում։

Դեկտեմբերի 19-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել էր նրանց ստորագրությամբ գրությունը, որով պատգամավորները հանդես էին եկել հստակ առաջարկությամբ՝ նրանց զրույցի ապօրինի գաղտնալսման եւ սոցցանցերում տեղադրման կապակցությամբ հարուցել քրեական գործ, հայտնաբերել եւ պատժել հանցագործության պատասխանատուներին: Իսկ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ պատգամավորների գրությունն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քրեադատավարական կարգով ընթացք տալու եւ որոշում կայացնելու համար։