21.12.2016 11:30

Ս. Սաֆարյանի համար «անբարոյականություն» որակումը շատ թույլ է

Ս. Սաֆարյանի համար «անբարոյականություն» որակումը շատ թույլ է

«Իլուր» կայքն իր ընթերցողներից մեկից՝ Արմեն Պողոսյանից ստացել է հետեւյալ նամակը.

«Հարգելի խմբագրություն, ձեր կայքում կարդացի «Թե ինչպես են քաղաքականությունը դարձնում անբարոյականություն» վերնագրով հոդվածը Ստեփան Սաֆարյանի մասին http://www.ilur.am/news/view/56879.html։ Ճիշտ է՝ ամեն ինչ փաստարկված ու համոզիչ էր, անգամ փաստաթղթի պատճենն էր ներկայացված։ Ինձ թվաց, որ, այնուամենայնիվ, մարդուն, ըստ էության, անբարոյական կոչելը, գուցե մի քիչ...

Մի քիչ պրպտեցի ինտերնետը։ Լսեցի նույն օրը «Ազատություն» ռադիոկայանով Ս. Սաֆարյանի հարցազրույցը Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Հայ ազգային կոնգրեսում ունեցած ելույթի մասին։ Այդ ելույթը լսել, նաեւ ուշադիր կարդացել էի։ Այստեղ չեմ անդրադառնա Ս. Սաֆարյանի անհիմն մեկնաբանություններին։ Բայց Իլուրի հիշածս հոդվածի հետ կապված՝ անմիջապես ականջս ծակեց նրա երկու միտք։

Առաջին՝ մեղադրանք Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ 1994-95 թվականներին «չգնաց Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրելու ճանապարհով»։ Այսինքն՝ չգրավեց Բաքուն։ Կապիտուլյացիան միայն այդ կերպ է լինում, ինչպես 1945-ին Բեռլինի գրավումից հետո հնարավոր եղավ Գերմանիայի կապիտուլյացիան։

Եթե նման բան ասում է ամեն ինչից բացարձակ անտեղյակ «հայրենասերը», լավ, մի կերպ հասկանալի է։ Երբ նման մի բան ասում է իրեն քաղաքագետ համարող ու, կարծեմ, դեռ ինչ-որ վերլուծական կենտրոնի ղեկավար մեկը, ինչպես կասեր Օստապ Բենդերը, միանգամից կորցնում ես հավատդ մարդկության նկատմամբ։

Երկրորդ՝ որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կեղծել է ընտրությունները։

Գտածս երկրորդ նյութը վերաբերում էր 2009 թվականին։ Այդ ժամանակ կայքերից մեկը նրան մեղադրել է այն բանում, որ նա 1996 թվականին իբր կատարված կեղծիքների մասնակից է եղել՝ որպես ընտրական հանձնաժողովի նախագահ։ Ս. Սաֆարյանը պատասխանել է բառացի հետեւյալը. «Ես այն ժամանակ երիտասարդ էի եւ չեմ հիշում՝ որ կուսակցության անդամ էի, բայց շատ լավ հիշում եմ, որ ոչ մի թեւին էլ չէի հարում։ Ես եղել եմ հանձնաժողովի փոխնախագահ, ոչ թե նախագահ եւ քվեները կեղծելու որեւէ փորձ անգամ չեմ տեսել»։

Հիմա սրանից ի՞նչ կարող ենք եզրակացնել.

Եթե 1997 թվականին Ս. Սաֆարյանը ընտրվել է ՀՀՇ մի մեծ տարածքային կառույցի խորհրդի կազմում, ուրեմն դրանից մեկ տարի առաջ առնվազն ՀՀՇ անդամ պիտի լիներ։ Այսինքն՝ նա պարզապես սովորական ուրացող է։

Ս. Սաֆարյանը, որպես ընտրական հանձնաժողովի փոխնախագահ, ուստիեւ՝ քաջատեղյակ ընտրական պրոցեսին, ոչ միայն 1996 թվականին, այլեւ 2009 թվականին պնդում է, որ «քվեները կեղծելու փորձ չի տեսել»։ Այսինքն՝ դրանում համոզված է եղել առնվազն 15 տարի։ Ու հիմա ասում է, թե 1996-ի ընտրությունները կեղծվել են։

Պարզվում է, որ այս մարդը ոչ թե պարզապես «խնդիր ունի տարրական բարոյականության հետ», ինչպես շատ մեղմ ձեւակերպված է «Իլուրի» վերոհիշյալ հոդվածում։ Այս ամենի համար «անբարոյականություն» որակումը շատ թույլ է։ Կյանքում կան բաներ, որ անբարոյականությունից մի քանի քայլ այն կողմ են։ Ստեփան Սաֆարյանն այդ դեպքերից է։ Ափսոս, սակայն, որ նման դեպքերը ճշգրիտ բնութագրող որակումները համարվում են հայհոյանքի ժանրից, եւ ընդունված չէ օգտագործել հրապարակային տեքստում»։ Ընթերցողներից ամեն մեկը կգտնի ճշգրիտ արտահայտությունը։