22.12.2012 14:09

ՍԴՀԿ-ն կարծում է, որ այդ մարդը Լևոն Տեր-Պետրոսյանն է

 ՍԴՀԿ-ն կարծում է, որ այդ մարդը Լևոն Տեր-Պետրոսյանն է

«Ես համարում եմ, որ սա հերթական համագումար չէ, ես համարում եմ, որ սա ոչ միայն ՀՀՇ-ի համագումարն է: Այստեղ ներկայացված են ոչ միայն ՀՀՇ-ի պատվիրակները, այլ նաև Հայ ազգային կոնգրեսի բազմաթիվ անդամներ, անկուսակցականներ, նաև շատ կուսակցությունների շարքային անդամներ, որոնք ակնկալում են այստեղ լսելու, թե ինչ ձևաչափով է ՀԱԿ-ը մասնակցելու գալիք նախագահական ընտրություններին: Կարծում եմ՝ բոլորիս է դա մտահոգում»,- այսօր կառավարության նիստերի դահլիճում մեկնարկած համագումարի ժամանակ հայտարարեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նա նշեց, որ 2007 թվականին մեզ բոլորիս միավորեց մտահոգությունը մեր երկրի ապագայի նկատմամբ, և այդ միավորումը կարողացավ ապահովել մի մարդ, և մենք բոլորս էինք հասկանում, որ միայն մի մարդու շուրջ կարող են համախմբվել տարբեր քաղաքական, գաղափարական, աշխարհաքաղաքական ուղղվածություններ ունեցող կուսակցություններ: «Դա հաջողվեց իրականացնել առաջին հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: 2007 թվականին մեզ նաև հաջողվեց իրականում հաղթանակ տանել ռեժիմի դեմ, սակայն այդ հաղթանակը, ինչպես շատ հաճախ եղել է Հայաստանում, չգրանցվեց, և իշխանությունը հերթական անգամ բռնազավթվեց, հետևաբար՝ մեր խնդիրները մնում են նույնը: Մենք պատասխանատվություն ենք կրում ինչպես երկրի, այնպես էլ ժողովրդի նկատմամբ, որը անհամբեր սպասում է, թե գալիք նախագահական ընտրություններին ինչ ակնկալիքներ կարող է ունենալ և արդյոք հնարավոր է արդար պայքարում հաղթել: Ես կարծում եմ՝ դա հնարավոր է, բայց միայն մի պարագայում: Ժողովուրդը լավ հոգեվիճակում չէ, և դրա մեջ իրավունք չունենք ժողովրդին մեղադրելու: Այդ մեղքը իշխանությունների վրա է ծանրացած: Եթե ժողովուրդը հնարավորություն չունի ընտրությունների միջոցով ձևավորել իշխանություն, դրա մեղքը իշխանություններինն է: Ես արտահայտում եմ ՍԴՀԿ-ի կարծիքը: ՀԱԿ-ը ունի շատ արժանավոր թեկնածուներ, որոնք կարող են առաջադրվել գալիք ընտրություններին, բայց այսօր պետք է փաստել, որ կա մի մարդ, որը ունակ է մեզ բոլորիս համախմբելու և առաջնորդելու: ՍԴՀԿ-ն կարծում է, որ այդ մարդը Լևոն Տեր-Պետրոսյանն է»,- հայտարարեց Լյուդմիլա Սարգսյանը: