22.12.2012 14:28

Բենիտեսը խոսեց, Մոուրինյոն պատասխանեց

Բենիտեսը խոսեց, Մոուրինյոն պատասխանեց

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խուսափել է մեկնաբանել այն լուրերը. որ մոտ ապագայում նա կարող է հայտնվել «Ռեալում»:

«Ես ընդունեցի «Չելսիի» առաջարկը` համարելով, որ դա իմ համար ճիշտ տարբերակ է: Ես ուսումնասիրել էի շուկան, որպեսզի իմ աշխատանքի հնարավորությունները հասկանայի:

Ինչ վերաբերում է իմ ապագային, ապա ես ինչ որ բան գիտեմ, բայց ոչինչ չեմ ասի «Ռեալի» մասին, որովհետեւ դա նպատակահարմար չեմ գտնում:

Ես ընդունել եմ «Չելսիի» մարտահրավերը, որովհետեւ այստեղ պետք է տիտղոսներ նվաճել եւ լավ ֆուտբոլ ցուցադրել: Միայն ժամանակ է հարկավոր, որպեսզի հասարակայնությունը համոզվի, որ իմ նշանակումը ճիշտ էր: Եթե մենք ինչ-որ բան նվաճենք, ապա իրավիճակը կփոխվի, այնպես որ ես հանգիստ եմ»,- ասել է Բենիտեսը:

Բենիտեսի այս խոսքերին կայծակնային արագությամբ արձագանքել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն` իրեն հատուկ կծու ոճով:

«Չգիտեմ, թե հաջորդ մրցաշրջանում Բենիտեսը որտեղ կհայտնվի: Բայց որպես «Չելսիի» երկրպագու հույս ունեմ, որ «Կորինտիանսի» հետ խաղում նա «Ռեալի» մասին չէր մտածում:

Իմ կարիերայի ընթացքում ես ավելի շատ հաղթել եմ, քան` պարտվել: 400 հանդիպումներից միայն 40 խաղ եմ պարտվել, այնպես որ պետք է այս առաջնությունում ստեղծված իրավիճակին հարմարվել:

Իսպանիայում մեր անհաջողությունների համար բոլորս ենք մեղավոր: Խաղացողները պետք է մոտիվացվեն, որպեսզի արդյունքները բարելավվեն: Կարող եմ ասել, որ վերջին ամիսների մեր մրցելույթներից բոլորս ենք դժգոհ»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում Football Espana-ն: