26.12.2016 10:09

Մի քանի հարց գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցին

Մի քանի հարց գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցին

Կարդացի գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հարցազրույցը՝ Հայ Ազգային Կոնգրեսի համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի առիթով։

Հիշենք եւ հիշեցնենք, որ Ն. Տեր-Գրիգորյանցը մեկն է Խորհրդային Միության բանակի այն 1200 սպաներից, որոնք Տեր-Պետրոսյան-Ելցին պայմանավորվածության շնորհիվ՝ 1992-ից սկսած տեղափոխվեցին Հայաստան։ Նրանց շնորհիվ էր նաեւ, որ Հայաստանը շատ արագ կարողացավ բանակ ունենալ, ինչը չկարողացավ անել Ադրբեջանը։ Ն. Տեր-Գրիգորյանցը այդ գործի առաջին երախտավորներից է։ Այդ տարիներին, մասնավորապես, նրան են վստահվել հայկական բանակի ամենաբարձր՝ գլխավոր շտաբի պետի (միաժամանակ՝ Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալի), 1993 թ. Պաշտպանության նախարարի (պաշտոնակատար) պաշտոնները։

Գեներալը որեւէ խնդիր ժամանակին չի ունեցել ո՛չ բանակի ղեկավարության, ո՛չ երկրի քաղաքական ղեկավարության հետ։ Ավելի ուշ դրա մասին գրել է.

«Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը չա­փազանց նրբանկատ, բարձր կազմակերպվածությամբ, ջենտլմենական մոտեցում ունեին, եւ ես խոնարհվում եմ նրանց առջեւ։ ... Հենց Վազգեն Սարգսյանի եւ Տեր-Պետրոսյանի շնորհիվ մենք ունեցանք բանակ, որը կյանքում առաջին անգամ ազատագրեց մեր հողերը եւ պաշտպանեց հայ ժողովրդի արժանապատվությունը («Ժամանակ», 3.09.2013թ.)։

Եւ հենց այս վերջին հարցազրույցում էլ, չնայած այն մտահղացված եւ ամբողջությամբ կառուցված է ի պաշտպանություն «ոչմիթիզականության», Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին, իմիջիայլոց, ասում է նաեւ հետեւյալը.

«Ադրբեջանը պիտի հարձակվեր այդ դիվիզիայով Երևանի վրա: Սա էր մտադրությունը, ուստի ես անմիջապես ասացի Տեր-Պետրոսյանին (ընդհանրապես կարծում եմ՝ նրա պատվին արձան պիտի կանգնեցնեն՝ Վազգեն Սարգսյանի արձանի հետ միասին)՝ խնդրում եմ, զանգահարեք Ելցինին, որ չհանեն Լենինականում գտնվող 127-րդ դիվիզիան»:

Բնականաբար, չպիտի անդրադառնանք հարգարժան գեներալի «ոչմիթիզական» հիմնավորումներին։  Դրանցում նոր բան չկա։ Սակայն պիտի բերենք մի քաղվածք, որ վերաբերում է պատմական փաստի, այն է՝ 1994 թվականի հրադադարին (կարծես թե՝ առաջին անգամ չէ, որ նա ասում է նույն բանը).

«Հետո մերոնք գնացին ստորագրելու փաստաթուղթ Ադրբեջանի հետ: Ինձ չտարան իրենց հետ. ես մնացի հրամանատարական կետում: Գնացին ստորագրելու սարսափելի, գարշելի փաստաթուղթ, նույնիսկ չմտածեցին, թե ինչպես է այն կոչվում ռուսերենով: Եվ գրեցին համաձայնագիր կրակի դադարեցման մասին: Ի՞նչ է նշանակում՝ «կրակի դադարեցում»: Մենք պատերազմող երկրներ ենք, մեր կողմը հաղթել է, և հանկարծ ես գրում եմ՝ եկեք դադարեցնենք կրակը: Դա նույնն է, որ հաղթեին Հիտլերին և ասեին՝ ընկե՛ր Հիտլեր, եկեք դադարեցնենք կրակը: Պիտի ասեին՝ կապիտուլյացիա և Լեռնային Ղարաբաղի անկախություն: Վե՛րջ: Ցտեսություն: Ես գնացի»:

Ասենք, որ հրադադարը ստորագրել են Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը եւ Սամվել Բաբայանը։ Ստորագրել են ու դրանով իսկ կորցրել Ղարաբաղի անկախության, կապիտուլացիայի ենթարկված Ադրբեջանին ցանկացած բան թելադրելու հնարավորությունը։

Ի՞նչ է ստացվում։

Եթե գեներալն այսպես է մտածում հիմա, պարզ է չէ՞, որ, առնվազն, այդպես (եթե ոչ ավելի խիստ) պետք է մտածած լիներ նաեւ հրադադարի ստորագրման պահին։

Մեզ մնում է հարցնել գեներալին.

Այն, ինչ Դուք ներկայացնում եք, ըստ էության դավաճանության հավասար մի բան է՝ ունենալ հակառակորդին կապիտուլացիայի ենթարկելու եւ որպես հաղթող կողմ սեփական կամքը թելադրելու հնարավորություն, եւ չանել դա։ Որպես բանակի առաջին դեմքերից մեկը, դուք դրա մասին հրապարակային որեւէ խոսք ասե՞լ եք։ Որեւէ մեկին զեկուցագիր գրե՞լ եք։ Չե՞ք կարծում, որ նման իրողությունների հանդիման՝ սպան, եթե չի կարողանում այն կանխել, որպես վերջին քայլ պետք է հրաժարական տար՝ հրապարակավ ներկայացնելով իր քայլի հիմքերը։ Գուցե այդ կերպ հնարավոր կլիներ ամեն ինչ ետ շրջել։ Ինչպե՞ս է պատահել, որ բանակի ղեկավարության «դավաճանական» այս քայլից հետո էլ դեռ նույն համակարգում եւ բարձր պաշտոնում շարունակել եք մնալ եւ աշխատել։

Աշոտ Սարգսյան