26.12.2016 15:19

Վահան Վարդապետյան. Խաղաղություն՝ այսօր, խաղաղություն՝ ամենուր

Վահան Վարդապետյան. Խաղաղություն՝ այսօր, խաղաղություն՝ ամենուր

Եվս մեկ անգամ փաստենք. ժողովրդի հետ մշտապես ամենաանկեղծորեն հաղորդակցվող գործիչը եղել և մնում է ՀՀ հիմնադիր նախագահը: Քաղաքական միտք ու գաղափար հնչում է միայն իր կողմից, լսվում, ընթերցվում և քննարկվում է միայն իր խոսքը:

Ով իր ուսերին կրում է երկիր պահելու ու պաշտպանելու բեռը, ում համար Հայաստանը ոչ թե զբոսավայր է, այլ ապրելու, տառապելու և արարելու հայրենիք, հրաշալի ընկալում է իր համար սպասված և ընդունելի այս գաղափարները: Դրանով եմ բացատրում դրական, անսպասելիորեն մեծ արձագանքը: Այդ մասին է վկայում հասարակության հետ ամենօրյա շփումներիս և հաղորդակցությանս ծավալը:

Իսկ մնացա՞ծը՝ ուղղակի դատարկախոսություն, վայրահաչություն (բացառությամբ կողմ և դեմ արտահայտված չորս-հինգ հոդվածների), «քաղաքագետների», կուսակցական առաջնորդների ողորմելի որակ, որոնց բարբաջանքները ոչ միայն ցածր ինտելեկտի վկայություն են, այլև ուղղակի ցուցում՝ հոգեբանական բուժօգնության: Այսպես, օրինակ. «Տեր-Պետրոսյանը կոչ է անում հանձնել հողերը, դեռ այն ժամանակ նա դեմ էր բանակ ունենալուն», «Տեր-Պետրոսյանը Ղարաբաղյան հարցի լուծման բանալին հանձնեց Ռուսաստանին», «Հիմա վիճակ է փոխվել ապրիլյան պատերազմից հետո, պետք է պահել ստատուս-քվոն», «Լավրովյան պլանը նույն տերպետրոսյանական պլանն է», «Տեր-Պետրոսյանը Ռուսաստանին մեսիջ է ուղարկում, որ առաջինն իրենք են պատրաստ հողերը հանձնելու», «Հանուն մի քանի մանդատների առևտուր», «Արդյո՞ք ժամանակն էր այսպիսի ելույթի, արդյո՞ք հարցի լուծման պահն է այսօր» և այլն:

Ի՞նչն են հերքում, փոխարենը՝ ինչ առաջարկում: Խաղաղությա՞նն են դեմ, թե՞ հաշտությանն ու բարիդրացիությանը: Միգուցե Ղարաբաղյան հարցի լուծմա՞նն են առհասարակ դեմ, կամ էլ՝ փոխզիջմանն ու փուլային տարբերակին: «Այսօր հարցի լուծման պա՞հն է»: Իսկ ե՞րբ է պահը: Հարցի լուծման ձգձգումը մինչև հիմա, մեղմ ասած,  որևէ դրական արդյունքի չի հանգեցրել, սրանից հետո ի՞նչ առավելություն ու օգուտ է բերելու, տնտեսական աճի ու ներգաղթի հուսադրող տվյալնե՞ր են գրանցվել:

«Ադրբեջանի փոխզիջումը ո՞րն է», իսկ վաղը կամ մյուս օրը Ղարաբաղյան հարցի լուծման ավելի հայանպաստ պա՞հ է լինելու, թե՞ Ադրբեջանն է փոխզիջմանն ավելի պատրաստակամ դառնալու:

Եթե կարգավիճակի հարցը ձգձգվում է, մնում անորոշ, ապա միայն փոխզիջում՝ խաղաղության դիմաց՝ բխո՞ւմ  է մեր շահերից: Իմ կարծիքով՝ այո՛, խաղաղության հաստատումը սկիզբն է կարգավիճակի, անկախության ու զարգացման: Խաղաղությունն ավելին է, քան ամբողջը միասին, խաղաղությունը կյա՛նք է, կենսունակություն և հնարավորություն՝ ամեն ինչ ստեղծելու, վերականգնելու:

Եկեք անկեղծ լինենք, վերջնական խաղաղության ու հաշտության պահը այսօր է, մի օր պե՛տք է սկսել քայլ անել:

Իշխանափոխություն իրականացնել դեռևս մեզ չի հաջողվել, դժբախտաբար՝ այս որակի իշխանությունն է այսօր լուծելու Ղարաբաղյան հարցը: Հնարավորինս հայանպաստ լուծման հասնելու համար՝ հանուն խաղաղության, հանուն Արցախի, հանուն պետականության, մեր կողմից ամենախիստ որակումներին արժանացած իշխանությանն անգամ պետք է չխանգարել, անգամ օգնել բանակցային գործընթացում վստահ ու գրագետ հանդես գալու: Եթե կարող է, թող խաղաղությո՛ւնն  էլ այս իշխանությունը բերի, և մնացած ձախողումներն ու տառապանքները գուցե ներվեն ու մոռացվեն:

Եթե առկա է պատերազմի մշտական վտանգ, ուրեմն չկա դեռ վերջնական հաղթանակ: Իրական հաղթանակը կայուն խաղաղությունն է: Հաղթողն է միշտ ձգտում խաղաղության, պարտվողը հայհոյում ու սուր է ճոճում: Պետությանն ու ժողովրդին պատերազմից ու կործանումից կանխելու պատասխանատվության բացակայությունը արկածախնդրություն է ու դավաճանություն: Այս է լինելու մեր խստագույն պահանջը իշխանությանը: Եթե մնացածը պոպուլիստական խոստումներով, կեղծ հայրենասիրական կոչերով սիրաշահելու ու բթացնելու են ժողովրդի զգոնությունը, ապա մենք ամենակարևոր, կենսական ու դժվարին՝ խաղաղության կերտման գործին ենք լծված:

Այս հարցի կարևորությունն այժմ թևածում է մեր հասարակության մեծամասնության մտքերում:

«Պատերա՞զմ, թե» խաղաղություն» դիլեմայի հնարավորինս շուտ լուծման անհրաժեշտությունը մարդիկ ավելի ու ավելի շատ են հասկանում:

 Ես չեմ ուզում ապրել հավերժ պատերազմի վտանգով: Ինձ համար ամենամեծ արժեքը ՄԱՐԴՆ է, մարդկային կյանքն անգնահատելի է: Կարող եմ վկայել, թե ինչ սխրանք է մարդ արարելն ու քաղաքացի դաստիարակելը, մարդ վերացնելը մեկ քայլ է: Բացարձակ մխիթարություն չէ հակառակորդի ավելի մեծաթիվ զոհերի փաստը, միայն ցավ է ու ցավ:

Շատ ավելի լայն իմաստ եմ տեսնում խաղաղության մեջ: Խաղաղություն՝ նախ մեր ներսում, մեր հոգիներում, եթե մեր հոգին խաղաղ չէ, խռովված է, կամ չենք կրում այդ արժեհամակարգը, ուրեմն ի վիճակի չենք խաղաղություն հաստատել մեր շրջապատում, մեր երկրում, առավել ևս՝ մեր երկրի սահմաններից դուրս:

«Իսկ ո՞վ է դեմ խաղաղությանը, դա ի՞նչ հարցադրում է»՝ հակադարձում են, չհասկանալով, որ եթե քայլ չես անում հանուն խաղաղության, շեղվում ես խաղաղություն տանող ճանապարհից, քո համաձայնությունն ու համակրանքը վախենում ես հայտնել հնչած ելույթի հանդեպ, էլ չեմ ասում՝ խաղաղություն ու հաշտություն բերող գիծը դավաճանություն ես անվանում, ուրեմն կողմ ես պատերազմին: Այս վիճակի ձգձգումը նպաստում է երկրի հայաթափմանն ու տնտեսական կոլապսին, պատերազմի վերսկսմանն ու կորուստներին: Եթե համարում ես, որ այսօր չէ պահը խաղաղության ու հաշտության, դու կո՛ղմ ես պատերազմին:

Եթե պահի հրամայականը չես զգում, նպաստում ես պատերազմին: Եթե քողարկվում ես կեղծ հայրենասիրական կոչերով, խաղաղության ու հաշտության հասնելու փոխզիջումային տարբերակը համարում ես դավաճանություն, պատերազմի ու կորուստների վտանգ ես բերում քո ընտանիքի ու ժողովրդի գլխին:

Խաղաղություն՝ այսօր, խաղաղություն՝ ամենուր՝ ներսում, դրսում, մեր հոգիներում: