28.12.2016 14:33

ՌՔԿ-ն հարցաքննել է Սոչիում Տու-154-ի անկումը տեսանկարահանած ականատեսին

ՌՔԿ-ն հարցաքննել է Սոչիում Տու-154-ի անկումը տեսանկարահանած ականատեսին

Ռուսաստանի քննչական կոմիտեն հաղորդել է, որ պարզել և հարցաքննության է ենթարկել Սոչիում Տու-154 օդանավի աղետի ականատեսներին, այդ թվում՝ այն մարդուն, ով տեսանկարահանել է օդանավի թռիչքը և անկումը Սև ծով: Օդանավի աղետի վերաբերյալ տեսագրության առկայության մասին մինչ այժմ հայտնի չէր:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ պարզվել է օդանավի անկման վայրը, և հետազոտվում է ծովի հատակն այդ վայրի շրջակայքում: Ծովի հատակից դուրս են բերվել օդանավի իրանի, շարժիչի բեկորներ և սև արկղերից մեկը, որն ուղարկվել  է Մոսկվա՝ գաղտնազերծելու:

Երեքշաբթի Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը հայտարարել է, որ վաղ է համարում եզրակացություններ անել ինքնաթիռի աղետի պատճառների վերաբերյալ: Նրա խոսքով՝ ահաբեկչական գործողության վարկածը չի դիտարկվում որպես օդանավի աղետի հիմնական վարկած:

Ինքնաթիռում եղել է 92 մարդ, այդ թվում՝ «Արդարացի օգնություն» հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան, դաշնային հեռուստաալիքների ինը աշխատակիցներ և Ալեքսանդրովի անվան երաժշտական համույթի արտիստներ:

Վերջին տվյալներով՝ հայտնաբերվել են աղետում զոհվածներից 16-ի մարմինները և 156 մարմնամաս:

Փոխանցում է BBC-ն: