30.12.2016 14:29

Լիպարիտյան. «Յուրաքանչյուր պետական գործչի համար կգա պատասխանատվություն վերցնելու պահը». Առավոտ

Լիպարիտյան. «Յուրաքանչյուր պետական գործչի համար կգա պատասխանատվություն վերցնելու պահը». Առավոտ

«Առավոտ»-ը գրում է. 

Վերջին օրերին քննարկման առիթ է դարձել Լեւոն Տեր-Պետրոսյանի՝  դեկտեմբերի 17-ին ՀԱԿ համագումարում հնչած ելույթը, որում ՀՀ առաջին նախագահն անդրադարձել է, մասնավորապես, ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին:  

Ելույթի եւ դրա վերաբերյալ  հրապարակված կարծիքների առնչությամբ մեկնաբանություն ենք խնդրել 1991-1997թթ. ՀՀ նախագահի ավագ խորհրդական, պատմաբան, դիվանագետ, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանից: 

ՀԱԿ համագումարում Լեւոն Տեր Պետրոսյանն անդրադարձավ ԼՂ հակամարտության լուծման հնարավորություններին: Ելույթին վերաբերող արձագանքները հիմնականում բաժանվեցին երկու մասի՝ կողմ եւ դեմ, եղան նույնիսկ սուր քննադատություններ: Դուք ինչպե՞ս եք գնահատում առաջին նախագահի խոսքը: 

-Ինձ մոտ կասկած չկա, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի այս ելույթը նշանակալից էր ե՛ւ քաղաքական, ե՛ւ պատմական առումով: Այնքան կարեւոր էր, որքան իր՝ 1997-ի նոյեմբերի «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը: Անկախ նրանից, թե այն ինչ ազդեցություն կունենա ԼՂ հարցի լուծման կամ առաջիկա խորհրդարանական ընտրությունների վրա, այդ ելույթը պետական գործչի ելույթ էր: 

Լիովին համաձայն եմ Տեր-Պետրոսյանի ներկայացրած փաստերի՝  հիմնական կարեւորության, օգտագործած տրամաբանության եւ եզրակացությունների հետ: Այստեղ մի քանի իրականություններ կան, որոնք չենք կարող անտեսել. 

ա. Ներկա իրավիճակը անընդունելի է մեր հակառակորդի, մեր հարեւանների եւ միջազգային հանրության համար,

բ. Ներկա իրավիճակը վստահաբար տանում է դեպի նոր պատերազմ: Ինչպես անցյալում, ներառյալ՝ ապրիլյան պատերազմի պարագայում, միջազգային հանրությունը Ադրբեջանին չի դատապարտելու ռազմական գործողությունների վերսկսման համար,

գ. Ներկա իրավիճակը ավելի քան վտանգավոր է Հայաստանի եւ Ղարաբաղի համար: Պետական բյուջեն պայթում է: Զոհված զինվորների ընտանիքների համար արտաբյուջետային միջոցների ենք դիմում: Առողջապահության նոր նախարարն հայտարարում է՝ մաղարիչ ասվածն ընդունելի է, որովհետեւ պետությունը ի վիճակի չէ կարգին ռոճիկ տալ այդ ասպարեզի աշխատողներին: Պետական պարտքը, ներքին թե արտաքին, արդեն անցել է ընդունելի սահմանները: Արտագաղթը շարունակվում է, հարկային բազան նվազում է, զինվորական ծառայության ենթակա երիտասարդների թիվը՝ նույնպես:

Նման իրականությունների շարքը երկար է: Սրանք նաեւ պետական գաղտնիքներ չեն: Իր ելույթում Տեր­-Պետրոսյանը հստակորեն ներկայացրել է այդ շարքից մեծ թվով խնդիրներ: Եվ չնայած այս ամենին, այդ ելույթի նկատմամբ երկու կարեւոր նկատառում ունեմ:

Առաջինը վերաբերում է Հայաստանի եւ Իսրայելի պարագաների համեմատությանը: Առաջին նախագահն իր ելույթում հանգամանորեն անդրադարձել է «ազգ­բանակ» հասկացության պատմական եւ ժամանակակից օգտագործմանը: Իսրայելի պարագայում այդ հասկացողության գործնականացումը ունի հաջողության տարբեր պատճառներ: Դրանից ամենակարեւորն այն էր, որ Իսրայելը կարողացավ ապահովել մի մեծ եւ ուժեղ պետության՝ ԱՄՆ­ի ամբողջական, գրեթե՝ անսակարկ, ռազմական, քաղաքական, ֆինանսական եւ դիվանագիտական օժանդակությունը: Մենք չունենք նման պետություն մեր կողքին: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Իրանը նման դեր չեն ստանձնել, որքան էլ շատերը փորձում են նման հույս փայփայել: Ռուսաստանը լուրջ պետություն է եւ արդեն ավելի քան երկու տասնամյակ մեզ ասում է, թե ինչն է իր համար ընդունելի: Ուրիշ բան հասկանալը կամ ուրիշ բանի հավատալը ցնորամտություն է:

Այն, որ Տեր­-Պետրոսյանի առաջարկները մոտենում են Լավրովի առաջարկին, ինքն իր մեջ ոչ լավ է, ոչ վատ: Եվ վատ չպիտի որակել պարզապես միայն այն պատճառով, որ Լավրովն է դա առաջարկում: Լավրովից շատ առաջ Տեր­-Պետրոսյանն այդ մասին խոսել է: Նրանցից յուրաքանչյուրն իր պատճառներով պայմանավորված խոսում է գոյություն ունեցող իրականությունների իրապաշտ կարելիությունների մասին: Իսկ այդ իրականությունները ստեղծողները նույն մարդիկ են, որոնք իրենց անհեռատեսությամբ ու անհիմն փաստարկներով ընդդիմացան 1997­ի լուծմանը եւ հետագայում վարեցին այնպիսի քաղաքականություն, որը խորացրեց ՀՀ կախվածությունը Ռուսաստանից եւ հանգեցրեց ներկա իրականություններին: Եւ վերջապես՝ այդ լուծումը միայն Լավրովի լուծումը չէ: ԱՄՆ­ը, Եվրոպան էլ Ռուսաստանի հետ են այս հարցում, անկախաբար՝ միասին կիրականացնեն այն, թե Ռուսաստանը դա կանի այլ ճանապարհով:

Նույնքան եւ ավելի կարեւոր է ԼՂ հարցի կարգավորման կապակցությամբ համեմատությունը՝ այսօր սեղանին դրված փաստաթղթերի, իրենց տարբերակներով՝ 1997­ի առաջարկի հետ: Բայց 1997­ի առաջարկով Լաչին գավառը մնում էր հայկական հակակշռի տակ, եւ նրա կարգավիճակը որոշվելու էր ԼՂ կարգավիճակի հետ՝ երկրորդ փուլում: Առկա փաստաթղթերով՝ Լաչինի կարգավիճակը կարծես առանձնանում է ԼՂ կարգավիճակից եւ անցնում է ինչ­որ «միջազգային» ուժի: ԼՂ անվտանգության տեսակետից այս կետը ավելի կարեւոր է, քան որեւէ սկզբունքային հայտարարություն որեւէ փաստաթղթի մեջ: Հուսով եմ՝ սխալվում եմ:

Տվյալ պայմաններում, սակայն, դա էլ, ի վերջո, երկրորդական է: Տեր­-Պետրոսյանի հետ ավելի քան համաձայն եմ. որքան հետաձգենք հակամարտության լուծումը, այնքան ավելի վատ է լինելու մեզ համար: Եւ սա ամենակարեւոր գործոնն է, որը քննադատները չեն ուզում տեսնել եւ դրա փոխարեն հայրենասիրական հռետորության են դիմում: Ժամանակը արդեն շուրջ երկու տասնամյակ ցույց է տվել, որ արդարացված է ժամանակի ժխտական դերի վերաբերյալ այս վարկածը:

Առաջին նախագահի ելույթը միանշանակ չի ընդունվել հանրության կողմից: Կան գործիչներ, որոնք Լեւոն Տեր Պետրոսյանին համարում են դավաճան: Չե՞ք վախենում, որ Ձեզ էլ կմեղադրեն հայրենիքի դավաճանության մեջ:

- Կարծում եք՝ նման անվանարկումը նորությու՞ն է լինելու: Մարդիկ, որոնք հանրության անունից կամ հանրային սպառման համար նման անվանարկումների վրա են հենվում, իրենք իրենց վերագրում են «դավաճանին» դիմադրողի՝ հերոսի դերը: Նախընտրում եմ հարցի կապակցությամբ խոսել փաստարկներով եւ ոչ նման էժանագին որակումներով:

Իսկ եթե անհրաժեշտ է հարցը վիճարկել դավաճանի ու հերոսի կամ փրկչի եզրաբանությամբ, պիտի առաջարկեի հետեւյալը. դավաճանները նրանք են, որոնք անգիտակցաբար կամ գիտակցաբար անտեսելով կուրացնող իրականությունները, տակավին կառչում են վտանգավոր «տեսլականներից» եւ մեր ժողովրդին տարել­տանում են դեպի հերոսության ու մարտիրոսության «ռազմավարություն»: Հայ ժողովրդի գոյության նպատակը երկնքում որպես հերոս եւ մարտիրոս ընդունվելը չի կարող լինել: Մենք այդ «քվոտան» վաղուց սպառել ենք:

Անկախաբար, թե ով է պատասխանատու այսօրվա իրականությունների համար, թե ով է պատճառը, որ մենք կորցրինք ԼՂ հարցի լուծումներից նվազագույն վատը, որը կարող էր չարյաց փոքրագույնը լինել, այսօր ունենք իրականություններ, որոնք հնարավոր չէ մոռացության մատնել՝ օգտագործելով «գերհայրենասիրական» հռետորաբանություն:

- Իսկ ի՞նչ եք կարծում, ինչու՞ Սերժ Սարգսյանը որոշակի քայլ չի անում ԼՂ հարցում: Հնարավո՞ր է, որ այդ՝«գերհայրենասիրական» հռետորաբանությունից եւ «հայրենիքի դավաճան» որակումից է խուսափում:

- Նախագահ Սարգսյանը մեծ փորձ ունի այս բնագավառում: Իմ տպավորությունն այն է, որ նա փորձում է խուսանավել իր իրապաշտության եւ դրա հնարավոր քաղաքական հետեւանքների արանքում: Դա հասկանալի է: Սակայն ինքն այնպիսի պաշտոն է ստանձնել եւ այնպիսի պայմաններում է գործում, որ անկարելի է խուսանավել առհավետ: Երկրի վիճակն այնպիսին է, որ խուսանավությունը չի կարող երկար տեւել: Միջազգային կացությունն էլ, ներառյալ՝ Դոնալդ Թրամփի ընտրությունը, դա թույլ չի տալու:

Յուրաքանչյուր պետական գործչի եւ, ինչու չէ, յուրաքանչյուր պետության համար կգա որոշելու, պատասխանատվություն վերցնելու պահը: Մեզ նման փոքր պետությունների համար այդ պահերը ավելի արագ են գալիս եւ ավելի հաճախակի: Պետք է հիշել, սակայն, որ նման պահերին որոշում չկայացնելն էլ ունի նույնքան պատասխանատվություն, որքան՝ կայացնելը:

Ենթադրում եմ՝ Լեւոն Տեր­-Պետրոսյանի ելույթը այդ պահերից մեկի գիտակցման եւ նախազգուշացման հետ էր կապված: Առաջին նախագահն էլ, ի վերջո, նման պահերի իր փորձն ունի: Գործիչը պետք է որոշի՝ նա պետակա՞ն գործիչ է, թե՞ պարզապես քաղաքական: Կասկած չունեմ, որ պետականը հաջողացնելու համար պետք է նկատի ունենալ քաղաքական դաշտը, սակայն պատասխանատվություն ստանձնելը այլ մակարդակի վերաբերմունք է պահանջում:

Ի դեպ, ԼՂ վարչապետի մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, ըստ որի Ղարաբաղի ժողովուրդը դեմ է ազատագրված տարածքները հանձնելուն: Այս տրամադրությունները կարո՞ղ են խանգարել հակամարտության հանգուցալուծմանը:

­Արտակ Բեգլարյանին ճանաչում եմ եւ հարգում եմ՝ որպես մտածող ու մտահոգ գործչի: Բեգլարյանի այդ հայտարարությունը վերաբերում է ԼՂ ժողովրդի այսօրյա տրամադրություններին: Անշուշտ, դա մտածելու տեղիք է տալիս: Միեւնույն ժամանակ, դժվար թե ուրիշ բան կարելի էր ակնկալել: Ավելի քան երկու տասնամյակ այդ ժողովուրդը իր անվտանգության հետ կապված վերլուծությունները ստացել է հակակշռի ենթակա տեղեկատվական համակարգից: Ղեկավարությունը չի ուզում պատասխանատվություն ստանձնել, ժողովրդին համոզում է ինչ որ բանի մեջ, հետո էլ ասում է՝ «տեսե՛ք, ժողովուրդը չի ուզում»։

Ես չգիտեմ նման «ուղերձը» որքան տարբեր կարող էր լինել, եթե ԼՂ ժողովրդին ներկայացված լինեին իսկապես առարկայնորեն ձեւակերպված անվտանգության հետ կապված այլ տարբերակներ:

Իսկ այդ ժողովրդին բացատրե՞լ են, թե առկա տրամադրություններով ապագան ինչ է հրամցնում: ԼՂ ղեկավարներն ու նրանց խրախուսողները իրենց առավելապաշտական պահանջներն ապահովագրում են՝ ասելով, որ այլ լուծումը, որը այդ պահանջներին չի համապատասխանում, վտանգում է ժողովրդի կենսական շահերը: Ուրեմն՝ ժողովուրդը ի՚՞նչ շանս ուներ այլ բան մտածելու: Կամ եթե մտածեր՝ արտահայտելու: Տակավին չեմ էլ խոսում այդ կարծիքների հավաքման մեթոդաբանության մասին:

Սակայն, Արտակ Բեգլարյանը միակը չէ, որ նման կերպ է արձագանքել Տեր Պետրոսյանի ելույթին:

­Բոլոր առարկություններն էլ պետք է ընդունել լրջորեն, բացի նրանցից, որոնք պարզապես հայհոյանքներ են: Չեմ զարմանում, որ որոշ նորելուկ «քաղաքագետներ» «դավաճան» եւ այլ բառեր են գործածում: Առաջին անգամը չէ, որ նման մարդիկ փորձում են քաղաքական դաշտի աստիճանները բարձրանալ Տեր­-Պետրոսյանի կամ այլոց հասցեին նման բառեր գործածելով՝ առանց որեւէ իսկական մասնակցություն բերելու այս ամենակարեւոր հարցի եւ նրա լուծման մասին քննարկմանը: Ամաչում եմ նաեւ, որ գեներալ Նորատ Տեր­-Գրիգորյանցի նման մարդը «պոռնկություն» բառն է օգտագործում:

Ամբողջությամբ՝ այստեղ