01.01.2017 14:00

Ստամբուլում հարձակում է կատարվել գիշերային ակումբի վրա. կա 39 զոհ

Ստամբուլում հարձակում է կատարվել գիշերային ակումբի վրա. կա 39 զոհ

Ստամբուլի Reina գիշերային ակումբի վրա հարձակում է կատարվել, զոհվել է առնվազն 39 մարդ, մոտավորապես 40 հոգի վիրավորվել են, հաղորդել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

Ըստ նախարարի՝ զոհերի թվում կա 16 օտարերկրացի: Ոստիկանությունը փնտրում է հարձակում գործած անձին:

Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը տեղեկացրել է, որ զոհերից մեկը ոստիկան է: Նա նաև հարձակումը որակել է ահաբեկչական գրոհ, որը կատարել է Ձմեռ պապի հագուստով մեկը:

Հարձակման պահին գիշերային ակումբում մի քանի հարյուր մարդ է եղել: Թուրքական NTV հեռուստատեսությունը հաղորդել է, որ ակումբի այցելուներից ոմանք խուճապահար նետվել են Բոսֆորը՝ փորձելով փրկվել:

Հարձակման կապակցությամբ արդեն իրենց ցավակցություններն են հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը:

Փոխանցում է BBC-ն: