05.01.2017 13:27

Երազում տեսած թվերի համակցության շնորհիվ կանադուհին շահել է 4 մլն դոլար

Երազում տեսած թվերի համակցության շնորհիվ կանադուհին շահել է 4 մլն դոլար

Դեկտեմբերի կեսերին Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի բնակիչ Օլգա Բենոն շահել է ջեք-փոթը՝ 5,3 մլն կանադական դոլար (3,9 մլն ամերիկյան դոլար):

Օլգա Բենոն արդեն 27 տարի վիճակախաղի տոմս էր գնում և լրացնում թվերի նույն համակցությունը, որը նա երազում տեսել էր 1989 թվականին:

«Ես անգիր գիտեմ այդ թվերը, և ինձ թվաց, թե խաղարկությունից հետո ես դրանք տեսնում եմ էկրանին, բայց իմ տեսողությունը շատ վատ է, դրա համար էլ ես որոշեցի պարզապես մոռանալ այդ մասին»,- պատմել է Բենոն:

Հաջորդ օրը Բենոն հեռախոսով խոսում էր քրոջ հետ ու թերթն աչքի անցկացնում, ու հանկարծ էջի վերջում տեսնում է թվերի ծանոթ համակցությունը: «Ոնց որ թե շահել եմ»,- ասում է նա քրոջը: Քույրը, որ գիտեր նրա այդ հոբբիի մասին, պատասխանում է. «Զանգիր, երբ դադարես ստել»:

Տասը տարի առաջ Օլգա Բենոյի մոտ քաղցկեղ էին հայտնաբերել: Բուժման ծախսերը հոգալու համար նա ստիպված էր եղել վաճառել տունը: Շահած գումարով նա մտադիր է կրկին սեփական տուն գնել:

Փոխանցում է BBC-ն: