22.12.2012 16:59

Բեռլինի «Դոյչե բանկի» մասնաճյուղում պատանդ պահող կողոպտիչը հանձնվել է ոստիկանությանը

Բեռլինի «Դոյչե բանկի» մասնաճյուղում պատանդ պահող կողոպտիչը հանձնվել է ոստիկանությանը
EPA/ИТАР-ТАСС

«Դոյչե բանկի» մասնաճյուղերից մեկում ուրբաթ օրը պատանդ վերցրած կողոպտիչը, որն սպառնում էր  գործի դնել պայթուցիկը, 10 ժամ տևած բանակցություններից հետո այսօր առավոտյան բաց է թողել իր զոհին և հանձնվել  ոստիկանությանը: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է N-TV հեռուստաալիքը: Կողոպտիչն այժմ ձերբակալված է: Պատանդը՝ «Դոյչե բանկի» 40-ամյա աշխատակիցը, ոչ մի մարմնական վնասվածք չի ստացել, սակայն շոկային վիճակում է, նրա հետ հոգեբաններն են աշխատում:

Կողոպտիչն ուրբաթ օրը, մոտավորապես ժամը 16:00-ին, ներխուժել է բանկի մասնաճյուղ, պատանդ վերցրել և, ըստ որոշ տեղեկություների՝ պահանջել մեկ միլիոն եվրո: Բանկի 20 աշխատակիցների հաջողվել էր դուրս գալ շենքի ետնամուտքից: Դեպքի վայրը շուրջկալել էին իրավապահ մարմինների, այդ թվում՝ հատուկ նշանակության ստորաբաժանման գրեթե 300 աշխատակիցներ: 

Բեռլինում ամենահանդուգն կողոպուտներից մեկը տեղի է ունեցել 1995 թ. հունիսին, երբ վեց կողոպտիչներ ներխուժել էին «Կոմերցբանկի» մասնաճյուղ և պատանդ վերցրել 16 հոգու: Երբ ոստիկանությունն սկսել էր գրոհը շենքի վրա, չարագործները փախել էին նախապես փորված ստորգետնյա թունելով՝ իրենց հետ տանելով 16 միլիոն գերմանական մարկ: Հետագայում նրանց ձերբակալել էին ու բանտ նստեցրել: