06.01.2017 01:38

Պատահականությամբ պատմության ընթացքը պայմանավորելը խելագարություն է

Պատահականությամբ պատմության ընթացքը պայմանավորելը խելագարություն է

Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրում է.

Փոխզիջման թեմայով բոլորի մտահոգության առարկան այն է, թե Ադրբեջանն այդ փոխզիջմանն էլ համաձայն չի, այլ ամբողջ Արցախն է իրենը համարում, ավելին՝ նույնիսկ հայտարարում է, թե Երևանն էլ է Ադրբեջանինը: Ու, ըստ այդմ, պնդում են, թե ոչ մի երաշխիք չկա, որ փոխզիջումներից հետո Ադրբեջանը չի դադարելու ներկայիս քաղաքականությունը վարել:

1. Որքան Ադրբեջանն է հայտարարում, որ իրենց համար անընդունելի է «իրենց տարածքում» երկրորդ հայկական պետություն ունենալը, այնքան էլ մեր կողմից հայտարարողներ կան, որ Արցախի հարցը վաղուց լուծված է: Որքան Ադրբեջանն է հայտարարում, որ ամբողջ Արցախն է իրենը, նույնիսկ` Երևանը, այնքան էլ մերոնք են հայտարարում, որ Հյուսիսային Արցախն էլ պիտի ազատագրենք, Դաշտայինն էլ, Բաքուն էլ ենք մենք կառուցել ու շուտով այնտեղ թեյ ենք խմելու` Ալիևի մատուցմամբ:

Եթե Ալիևը խոսում է այն մասին, որ Սևանն էլ, Զանգեզուրն էլ ադրբեջանական տարածքներ են, ապա Սերժ Սարգսյանը՝ խոսելով ադրբեջանական ագրեսիայի մասին, հայտարարում էր, որ «հիմա էլ Ադրբեջանը մեզ սպառնում է ռազմական գործողություններով, վստահ եմ՝ եթե այդպիսի գործողություններ լինեն, մի քանի ամիս հետո ադրբեջանցիները բողոքելու են ոչ թե [«օկուպացված»] 20 տոկոսի, այլ 25, 30 տոկոսի մասին» (02.10.2013): Այսքանը` հռետորաբանության տեսանկյունից:

2. Փոխզիջումային գործընթացի տեսանկյունից: Եթե հայաստանյան կողմը պատրաստակամություն է հայտնում տարածքներ զիջել, ապա ադրբեջանական կողմը խոսում է Արցախին ինքնավարություն, ինքնակառավարում կամ ինքնավար հանրապետության կարգավիճակ տրամադրելու մասին*: Բանակցային այս երկու գլխավոր դրույթները, այն է` տարածքների զիջումն ու Արցախին «միջանկյալ կարգավիճակ»-ի տրամադրումը, ընդհանուր առմամբ, ամրագրված են թե՛ Կազանյան**, թե՛ Մադրիդյան*** փաստաթղթերում:

3. Եթե մտահոգությունները կապված են նրա հետ, որ մեզ խաբելու ու «քցելու» են, քանի որ մեր իշխանություններն են խաբվող ու «քցվող», ապա այս դեպքում մենք Ադրբեջանից բողոքելու ընդհանրապես տեղ չունենք: Ադրբեջանն ի՞նչ մեղավոր է, որ մենք բացարձակապես չենք վստահում մեր իշխանություններին: Ու, եթե՝ այո, մտահոգությունները կապված են մեր իշխանությունների որակի հետ, ապա մենք առաջին հերթին պիտի փոխենք ու կարգի հրավիրենք մեր իշխանություններին, այլ ոչ թե վերացական հայտարարություններով «էս գլխից» համարենք, որ Ադրբեջանը մեզ «քցելու» է:

4. Իշխանություններին աջակցելու տեսանկյունից: Ինչպես Կոնգրեսի 2-րդ համագումարի ժամանակ հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը. «Ղարաբաղի հարցի լուծման պատասխա­նատվությունը ևս մեկուկես տարի դրված է լինելու Սերժ Սարգս­յանի վարչակազմի և նրա հենարանը հանդիսացող կուսակցու­թյունների վրա: ... Մի այնպիսի համազ­գային խնդրի լուծման հարցում, ինչպիսին Ղարաբաղյան հակամարտությունն է, խաղաղության և հաշտության կողմնակից բոլոր կուսակցությունները, քաղաքացիական կազմակեր­պու­թյուն­ները եւ մտավորական խավերը պարտավոր են զորավիգ կանգնել օրվա իշխանություններին, անկախ նրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքից»****:

Ինչպես տեսնում ենք, քաղաքական ուժերի կողմից ՕՐՎԱ իշխանություններին աջակցելու մասով Տեր-Պետրոսյանը նախապայմաններ չի առաջ քաշում, քանի որ համարում է, որ նրանք «բարոյական պատասխանատվություն» պետք է ստանձնեն մի այնպիսի համազգային խնդրի լուծման հարցում, ինչպիսին Արցախի խնդիրն է: Սակայն ժողովրդի աջակցության մասով Տեր-Պետրոսյանը իշխանություններին ուղղված հստակ նախապայմաններ է ուրվագծում` «արտաքին վտանգի պահերին կարիքն ունենալով այդ աջակցության, նրա [Սերժ Սարգսյանի] գլխավորած վարչախումբը պարտավոր է որոշակի դրական քայլեր կատարել, դեմքով շրջվել դեպի ժողովուրդը, իրական պայքար մղել կոռուպցիայի, իրավապահ մարմինների կամայականությունների, մենաշնորհների սանձարձակության, ընտրակեղծարարության, պետական պաշտոնյաների ամբարտավանության դեմ»*****:

5. ՌեալՊոլիտիկի տեսանկյունից: Ինչո՞ւ մենք պետք է զարմանանք Ադրբեջանի կողմից պարբերաբար ագրեսիաներ իրականացնելուց կամ Արցախի հարցի լուծումը պատերազմի միջոցով տեսնելու հեռանկարից: Մի պահ Հայաստանը դիտեք Ադրբեջանի տեսանկյունից: Բացի նախկին ԼՂԻՄ տարածքներից, վերջինս կորցրել է մոտավորապես ԼՂԻՄ-ի տարածքի չափ ևս մի քանի շրջան: ԼՂԻՄ-ից բացի, բոլոր մյուս շրջանները, չհաշված Լաչինի միջանցքը, փոխզիջման «առարկա» են հանդիսանում բոլոր բանակցային փաստաթղթերում: Այսինքն` մենք ուզենք, թե չուզենք՝ այդ տարածքները միջազգային հանրությունը համարում է «Ադրբեջանական տարածքներ»: Մինսկի խմբի համանախագահները, նույնիսկ, բացահայտորեն են այդ տարածքները Ադրբեջանին հանձնելու Հայաստանին ուղղված կոչերով դիմել: Ու այս իրականությունից ելնելով՝ ձեզ պատկերացրեք Ադրբեջանի փոխարեն: Տարիներն անցնում են, սակայն տարածքներն այդպես էլ չեն վերադարձվում: Էլ ինչի՞ մասին պիտի մտածեիք դուք` Ադրբեջանի փոխարեն, եթե ոչ՝ ամեն հնարավոր միջոցներով այդ տարածքները վերադարձնելու: Հայաստանը «տարածքները» գրավել ու խաղաղություն է ցանկանում, Ադրբեջանն էլ տարածքներ է կորցրել, խաղաղություն է ցանկանում, բայց միևնույն ժամանակ «իր տարածքներն» է հետ ուզում: Պարզ չի՞, թե ում ցանկացած խաղաղությունը պիտի ավելի «նախապայմանային» լինի: Եթե սրան էլ ավելացնենք այն, որ Ադրբեջանը շատ լավ է պատկերացնում Հայաստանի ներքին վիճակը` 6 մլրդ արտաքին պարտքը, տարեկան 40-50.000 արտագաղթը, տնտեսության վիճակը և այլն, և այլն, ապա նա` Ադրբեջանը, վերջին հիմարը պետք է լիներ, որ ձեռքերը ծալած համակերպվեր «իր տարածքների» կորստի հետ:

6. Հնարավոր չնախատեսված զարգացումների տեսանկյունից: Չնախատեսված զարգացումների հիմնավորմամբ Արցախի հարցի հնարավոր լուծումը հետաձգելը նույնն է, եթե ենթադրենք` մի քանի տարի հետո հնարավոր է գերտերությունները ռազմական առճակատման գնան, Արցախի հարցն էլ նորից բռնկվի, էլ հիմա ինչո՞ւ ենք տանջվում, կամ` կարող է մի քանի տարի հետո մեծ երկնաքար է ընկնում Երկրի վրա, էլ Արցախի հարցը լուծելու իմաստը ո՞րն է:

Հնարավոր չնախատեսված զարգացումներով, այսինքն` պատահականություններով, քաղաքական իրադարձություններն ու պատմության ընթացքը պայմանավորելը ոչ միայն անպատասխանատվություն, այլև` խելագարություն է: Եթե ինչ-որ պատահականություններ պիտի կանխորոշեն խաղաղություն ասվածը, ապա այդ խաղաղությունը, որտեղ էլ լինի, երբեք չի հաստատվի:

* - http://www.azatutyun.am/a/28060855.html
** - http://www.aniarc.am/2016/06/23/kazan-document-23-june/
*** - http://www.aniarc.am/…/…/13/madrid-principals-armenian-text/
***** - http://www.ilur.am/news/view/56849.html
****** - http://www.ilur.am/news/view/53478.html