07.01.2017 18:38

Անգլիայի Գավաթ, 1/32 եզրափակիչ. «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեդինգ»՝ 4:0. Ռունին կրկնեց Բոբի Չարլթոնի ռեկորդը

Անգլիայի Գավաթ, 1/32 եզրափակիչ. «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեդինգ»՝ 4:0. Ռունին կրկնեց Բոբի Չարլթոնի ռեկորդը

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Ժոզե Մոուրինյոյի թիմը 4:0 հաշվով հաղթեց Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Ռեդինգին», որի գլխավոր մարզիչն է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հոլանդիայի հավաքականի նախկին պաշտպան Յապ Ստամը:

Խաղի սկզբնամասում մանչեսթերցիներն ունեին մեծ առավելություն եւ 15-րդ րոպեին արդեն հաղթում էին 2:0 հաշվով: Աչքի ընկան անգլիացի Ուեյն Ռունին ու ֆրանսիացի Անտոնի Մարտիալը: Այդ հաշիվը պահպանվեց մինչեւ ընդմիջում, իսկ երկրորդ խաղակեսում դաշտի տերերը մի քանի պահ կորցնելուց հետո խփեցին եւս 2 գոլ, որոնք իր անվան դիմաց գրանցեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը:

Ուեյն Ռունին 249-րդ գոլը խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում եւ կրկնեց ակումբի պատմության լավագույն ռմբարկու Բոբի Չարլթոնի ռեկորդը: 31-ամյա անգլիացին 2004 թվականից է խաղում մանչեսթերյան ակումբում, որի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրեց 450-րդ հանդիպումը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» փոխարինողների թվում, բայց խաղադաշտ դուրս չեկավ, պահեստայինների նստարանին էին նաև Զլատան Իբրահիմովիչը և Պոլ Պոգբան:Մաուրինյոն հավանաբար այս երեք ֆուտբոլիստներին վճռորոշ խաղերից առաջ հանգստանալու հնարավորություն էր տվել:

Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ:

Անգլիայի Գավաթ, 1/32 եզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեդինգ»՝ 4:0

Ուեյն Ռունի, 7, Անտոնի Մարտիալ, 15, Մարկուս Ռեշֆորդ, 75, 79

«Մանչեսթեր Յունայթեդ». Սերխիո Ռոմերո, Էշլի Յանգ, Քրիս Սմոլինգ, Մարկոս Ռոխո (Ֆիլ Ջոնս, 19), Դեյլի Բլինդ, Մայքլ Կարիկ (Տիմոտի Ֆոսու-Մենսա, 78), Մարուան Ֆելաինի, Խուան Մատա (Բաստիան Շվայնշտայգեր, 78), Ուեյն Ռունի, Անտոնի Մարտիալ, Մարկուս Ռեշֆորդ: