09.01.2017 16:44

Արմեն Մելիքյան. Շնորհավոր, պարո՛ն Նախագահ

Արմեն Մելիքյան. Շնորհավոր, պարո՛ն Նախագահ

Արմեն Մելիքյանը Ֆեյսբուքում գրում է.

«Սահմանամամերձ գյուղերում և Արցախում ապրող իմ սերնդակիցների մանկությունն անցավ ռմբապաստարաններում, ու այդ մանկությունն աղճատվեց՝ ծանր հիշողությունների անդառնալի բեռ փոխանցելով հետագա կյանքին: Մեր գյուղում գրեթե դպրոցները չընդհատվեցին, մենք դպրոց էինք գնում հեռավոր տներում, որոնք համեմատաբար ապահով էին, իսկ ճանապարհին և դպրոցում խոսում էինք, թե արդյոք քանի՞ հարյուր սնարյադ գնաց Ղազախի ուղղությամբ, ու թե հիմա ինչպես են թուրքերը սարսափած: Մանկական երևակայությամբ մենք արդեն կերտել էինք հաղթանակը, որը հետո դարձավ իրականություն: «Ցուրտն ու մութն» անգամ երեխաների համար գոյություն չուներ, ամոթ էր՝ «հացի հերթերի», «ցրտի ու մթի» մասին խոսելն, ու զարմանում եմ, թե ինչու՞ երևանցիները թույլ տվեցին, որ ինչ-որ պատեհապաշտ սրիկաներ մեր պատմության այդ հերոսական շրջանը որակեն «ցրտի ու մթի» տարիներ:
Պարտքս եմ համարում միանալ գաղափարակից ընկերներիս ու հաղթանակի տարիներին երկիրն առաջնորդած նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին շնորհավորել տարեդարձի առթիվ:
Ոմանք նախագահին աստվածացնում են, իսկ ոմանք՝ մոլեռանդորեն ատում: Երկու դեպքում էլ կորցնում ենք պետական գործչին բացահայտելու պատեհությունը: Այդ խնդիրը կլուծեն հետագա սերունդները՝ շատ գրքեր ու կեղծ տեսություններ կթափվեն աղբակույտի մեջ, անարժեքությունը կմոռացվի: Ստորությունը երկար թագավորել չի կարող...
Շնորհավոր, պարո՛ն Նախագահ, հպարտ եմ, որ հենց Ձեզ էր բաժին ընկել առաջնորդելու մեր երկիրն այդ բախտորոշ էտապում: Դա զուսպ ու հավասարակշիռ քաղաքականության արդյունքում ձեռք բերած հաղթանակ էր, որն այսօր հախուռն ու խելագար մոլուցքով պղծում են:
Առողջություն և երկար տարիների կյանք, թեև լիուլի կատարել եք Ձեր առաքելությունը, բայց ես՝ Հայաստանի քաղաքացիս, ավելին եմ պահանջում, քանի որ քաղաքական դաշտի ամայացման արդյունքում՝ նոր սերունդը չստացավ իր սերնդակից առաջնորդին, որին կարող էր ապավինել»: