10.01.2017 10:01

Հայկ Մարտիրոսյան - մտագա՞ր, թե՞ խուճապարար-դավաճան

Հայկ Մարտիրոսյան - մտագա՞ր, թե՞ խուճապարար-դավաճան

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի հազարավոր արձագանքներից մեկը «ֆեյսբուք» սոցիալական ցանցում շատ համառոտ էր. «Դեկտեմբեր 17-ին Լևոն Տեր-Պետրոսյանը խառնեց գարշահոտ ճահիճը»։ Առաջին նախագահի հարյուրավոր ելույթների մեջ հնարավոր չէ գտնել որեւէ մեկը, որ այս կամ այն չափով «խառնած չլինի ճահիճը» ու մնացած լինի առանց բացասական արձագանքների։ Դա կլիներ այն դեպքում, երբ ելույթում... ասելիք չլիներ, նշանակետ չլիներ, երբ ելույթը (ինչպես շատ-շատերի դեպքում) լիներ դատարկ կրակոց։

Դեկտեմբերի 17-ի ելույթը միայն «գարշահոտ ճահիճը» չխառնեց։

Այն դարձավ նաեւ յուրատեսակ դիագնոստիկ միջավայր՝ բացահայտելու համար, ասենք, մտագարության, հոգեկան շեղումների երեւույթներ։ Օրինակ՝ իր անվան կողքին «քաղաքագիտության դոկտոր» ստորագրող Հայկ Մարտիրոսյանի համար (հարցազրույցը՝ 1in.am, 28.12.2016)։ Ահա սույն ախտորոշումը հաստատող մի քանի փաստ-ախտանիշ.

1. «Ասեմ նաև, որ ես չեմ ընդունում «Ղարաբաղյան հարցի կարգավորում» ձևակերպումը... Խնդիրը կլուծվի, երբ երկու հակամարտող կողմերից մեկը կապիտուլյացիայի ենթարկվի»։

Մոտ 120 տարի առաջ («Դրոշակ», 1895թ. հոկտեմբեր) նույն այս միտքը Արեւմտյան Հայաստանի համար ձեւակերպվել է հետեւյալ կերպ.

«Արդեն կտրված են հարաբերությունները, եւ այժմ միայն շարունակվում է կռիվը, որ վաղուց հայտարարված էր: Խնդիրը կը վճռվի միայն երկուսից մեկի ընկճվելով, մահով. կա՛մ պետք է ընկնի, մեռնի, տակն ու վրա լինի, ոչնչանա սուլթանական պոռնիկ կառավարությունը, կա՛մ պետք է ընկնի, մեռնի հայ ժողովուրդը: Խնդրի միակ լուծումը մահն է... Հայ ժողովուրդը զենքը վայր կդնի կա՛մ հաղթությունը բոլորովին տարած, կա՛մ անշնչացած...»:

Չէ, սա գրագողություն չէ «քաղաքագիտության դոկտորի» կողմից։ Երկուսն էլ քաղաքականության մեջ «գերհայրենասիրության» տեսքով ագրեսիվ շիզոֆրենիայի դրսեւորումներ են, որոնք չեն կարող իրար նման չլինել։ Կենցաղային մակարդակում այս հիվանդությունն անձնապես իր կրողին է կործանում, քաղաքականության մեջ դրսեւորվելով՝ կարող է կործանել մի ամբողջ ազգի։ Փորձն ունենք. հիշյալ՝ 1895 թվականից հետո «կա՛մ-կա՛մ»-ի այս ճանապարհով ընդամենը երկու տասնամյակ պահանջվեց, որպեսզի... վերջնականապես անշնչանա Արեւմտյան Հայաստանը։ Կասեք՝ լավ, 120 տարի առաջ ենթադրենք... բայց հիմա՞, 21-րդ դարո՞ւմ, «քաղաքագիտության դոկտո՞րը»։ Անշուշտ, շատ բան է փոխվել։ Բայց կա մի բան, որ կապ չունի ո՛չ ժամանակի, ո՛չ գիտական աստիճանի հետ, որը չի փոխվել ու չէր կարող փոխվել. դա ուղեղային վերոհիշյալ հիվանդությունն է իր դրսեւորման ձեւերով։ Այսօր էլ, սրանից հարյուր տարի առաջ էլ, սրանից հարյուր տարի հետո էլ, այն պետք է նույն կերպ դրսեւորվի։ Հայկ Մարտիրոսյանի օրինակը դա է հաստատում։

2. «Թյուրքական տարրը պատերազմ, միևնույն է, անելու է, հայերին հայկական հողերից փորձելու է քշել, փորձելու է գրավել Զանգեզուրը և ապա՝ Երևանը... Կարևոր չէ՝ պատրաստ ենք, թե անպատրաստ: Պետք է դիմադրել այնքան, որքան կարող ենք, պայքարել այնքան, որքան կարող ենք... Որքան կարող ենք՝ կդիմադրենք, և թող այս երկիրը լինի նրանը, ով կհաղթի այդ մարտում»։

Եւ սա գրում է մի մարդ, որն, իհարկե, Ղարաբաղյան պատերազմին չի մասնակցել. լավ ենթադրենք՝ այն ժամանակ դեռ փամփերս էր հագնում։ Բա հիմա ապրիլյան պատերազմի՛ն ինչո՞ւ չի մասնակցել։ Բա որ հող ուզող էիր՝ էլ ե՞րբ պիտի էդ հողի համար կռիվ տայիր։ Ա՛յ, դա աններելի սրիկայություն է. եթե «գերհայրենասիրական» նման զգացումներով եւ հակառակորդի դեմ զենքով պայքարի անհուն տենչով բռնկված ես՝ պատերազմի լուրը լսելուց մի քանի ժամ հետո պետք է դիրքերում հայտնվեիր, զենքը ձեռքիդ «դիմադրեիր այնքան, որքան կարող էիր, պայքարեիր այնքան, որքան կարող էիր», մնայիր այնտեղ՝ մինչեւ կլուծեիր «այս երկրի՝ մերը լինելու» հարցը։ Ումի՞ց ես ավելի կամ ումի՞ց ես պակաս։ Ա՛յ, այնտեղից՝ դիրքերից իրավունք կունենայիր նման բաներ ասելու։ Թե չէ՝ այսպես, տաքուկ մի անկյունում, ուրիշների արյան վրա ձեռքեր տաքացնելը զազրելի է, գերանբարոյականություն է։

3. Իր մտագարության եւ Տեր-Պետրոսյանի դեմ հիվանդագին ատելության մեջ «քաղաքագիտության դոկտոր» կոչվածն այնքան է խորացած, որ կասկածի տակ է դնում անգամ գիտնականի նրա համբավը։

Մի կողմ թողնենք Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ որպես գիտնականի մասին համաշխարհային մեծության մասնագետների տված բարձրագույն գնահատականները։ Ասենք միայն, որ դեռ Մատենադարանում աշխատած տարիներին՝ նրան, որպես գիտնականի, 1986 թ. մայիսի 8-ով թվագրված փաստաթղթով, նույնպիսի գնահատական է տվել նաեւ սույն «քաղաքագետիկի» հայրը՝ բանասիրության դոկտոր (հանգուցյալ) Արտաշես Մարտիրոսյանը.

«Լեւոն Տեր-Պետրոսյանի «Հայ-ասորական գրական կապերը 4-5-րդ դարերում» դիսերտացիան գրված է բարձր գիտական մակարդակով, համապատասխանում է արդի բանասիրական գիտության բոլոր պահանջներին, եւ նրա հեղինակը լիովին արժանի է բանասիրական գիտությունների դոկտորի հայցված աստիճանին։ - Մաշտոցի անվան Մատենադարանի հայ հին մատենագրության ուսումնասիրության եւ հրապարակման բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր՝ Ա. Մարտիրոսյան» (տե՛ս Левон Тер-Петросян, Сиро-армянские литературные связи в 5-6 вв; Материалы защиты докторрскй диссертации, Санкт-Петербург - Ереван, 2015, էջ 71)։

Այսինքն՝ այս դեպքում որդին, մեղմ ասած, պարզապես թքում է հարազատ հոր գերեզմանի վրա։ Եւ վերոհիշյալ ուղեղային ախտորոշման կոնտեքստում է միայն, որ այսօրինակ դեպքերում բարոյականության մասին հարցեր չեն կարող առաջանալ։

4. Պսեւդոքաղաքագետի տգիտության կամ ինչ-որ ուղղությամբ «շեղվածության» ցայտուն մի արտահայտություն է նրա հետեւյալ միտքը.

«Վազգեն Սարգսյանն այլեւս սպանված է, եւ Հայաստանում չկա այն մարդը, որից Առաջին նախագահը կսարսափեր այլևս դավաճանական ելույթներ ունենալ»։

Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1997-ի նոյեմբերին գրել է հայտնի «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածը, դրանից առաջ՝ սեպտեմբերին ընդարձակ մամուլի ասուլիսում հրապարակել է ղարաբաղյան կարգավորման իր ծրագիրը, երբ 1998 թվականի հունվարի 8-ին նույն ծրագիրը պաշտպանելով շատ ավելի խիստ ելույթ է ունեցել Անվտանգության խորհրդի նիստում, նույն Վազգեն Սարգսյանը երեք դեպքում էլ «այլեւս» կենդանի էր, ավելին՝ անձամբ մասնակցում էր ԱԽ հիշյալ նիստին։ Եթե «քաղաքագիտության դոկտորը» այս ամենը չգիտի, ուրեմն՝ անհույս տգետ է, եթե գիտի ու զանց է առնում, ուրեմն՝ անհույս «շեղված»։

***

Բայց վերադառնանք բերված 2-րդ քաղվածքին՝ «թյուրքական վտանգի» առջեւ Հայաստանի անհույս դատապարտվածության մասին։ Խոսքը միայն Ադրբեջանի մասին չէ որպես հակառակորդի, այլ «թյուրքական տարրի», որ նշանակում է՝ Ադրբեջանի հետ նկատի պետք է ունենալ, առնվազն, նաեւ Թուրքիան։

Եթե սույն «քաղաքագետին» առողջ մարդ համարենք, ապա նրա արածն այլ բան չէ, քան կիսապատերազմական երկրում խ ու ճ ա պ ա ր ա ր ու թ յ ու ն՝ դավաճանական արարքների մեջ ամենազազրելին, իր հետեւանքներով ամենածանրը։ Եւ այս դեպքում նրանով անհապաղ պետք է զբաղվեն ազգային անվտանգության մարմինները։ Եթե ընդունենք, որ սա ընդամենը վերոհիշյալ ուղեղային հիվանդությունը հաստատող հերթական մի դրսեւորում է, ուրեմն, նկատի ունենալով դրա հասարակական վտանգավորությունը, նրանով անհապաղ պետք է զբաղվեն բժիշկները՝ շտապ տեղափոխելով համապատասխան հիվանդանոցի համապատասխան բաժին՝ պարտադիր բուժման։

Վարդան Հակոբյան