11.01.2017 14:01

Նորվեգացի դատախազներ. Մարդասպան Բրեյվիքը հիմա «ավելի վտանգավոր է, քան երբևէ»

Նորվեգացի դատախազներ. Մարդասպան Բրեյվիքը հիմա «ավելի վտանգավոր է, քան երբևէ»

77 մարդու սպանության համար ազատազրկված Անդերս Բրեյվիքը, դատախազների հայտարարության համաձայն՝ հիմա շատ ավելի արմատական է, քան երբևէ: Նման նախազգուշացում է հնչել վճռաբեկ դատարանի նիստում, որտեղ քննարկվել է այն որոշումը, ըստ որի՝ Բրեյվիքի պահման որոշ պայմաններ անմարդկային են կամ արժանապատվությունը վիրավորող: Նորվեգիայի իշխանությունները վիճարկել են այդ որոշումը:

Դատախազ Ֆրեդերիկ Սեյրսեթեդը հայտարարել է, որ կառավարությունը պետք է պատրաստ լինի «ամենաանհավանական արարքների» Բրեյվիքի կողմից:

Դատապարտյալն ինքը, դահլիճ մտնելով, դատարանին ողջունել է նացիստական ողջույնով:

Բրեյվիքը պահվում է մենախցում: Նրա ասելով՝ այն, որ ինքը օրվա ընթացքում 22-23 ժամ մեկուսացված է  մյուս կալանավորներից,  իր իրավունքների խախտում է հանդիսանում:  Մինչդեռ իշխանությունները պնդում են, որ նրա պահման պայմանները շատ ավելի լավն են, քան մյուս բանտարկյալներինը: Իր երեք սենյականոց կացարանում Բրեյվիքը կարող է վիդեոխաղեր խաղալ, հեռուստացույց դիտել, զբաղվել ֆիզկուլտուրայով:

Դատախազ Սեյսթեդետը նշել է, որ Բրեյվիքը չի կոտրվել, չի զղջացել, ընդհակառակը, նա հպարտանում է իր արարքով: «Չափազանց դժվար է ասել, թե որքան վտանգավոր է Բրեյվիքն այսօր, բայց ավելի դժվար է ասել, թե որքան վտանգավոր կլինի վաղը, կամ մեկ տարի հետո, կամ 10 տարի անց»,- հայտարարել է նա դատարանում:

2011 թ. հուլիսի 22-ին Բրեյվիքը պայթյուն էր իրականացրել Օսլոյի կենտրոնում, որի հետևանքով զոհվել էր ութ մարդ: Այնուհետև նա մեկնել էր Ուտոյա կղզի, որտեղ երիտասարդական ճամբար էր գործում, և այնտեղ կրակահերթ էր բացել, որին զոհ էր գնացել 69 մարդ, հիմնականում՝ պատանիներ:

Բրեյվիքը Նորվեգիայի դատարանի կողմից դատապարտվել է 21 տարվա ազատազրկման:

Փոխանցում է BBC-ն: