11.01.2017 14:14

Հրաժեշտի խոսքն ասելիս Օբաման չի կարողացել զսպել արցունքները

Հրաժեշտի խոսքն ասելիս Օբաման չի կարողացել զսպել արցունքները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հրաժեշտի խոսքում ամերիկացիներին կոչ է արել պաշտպանել դեմոկրատիան, իսկ ելույթի վերջում չի կարողացել զսպել արցունքները:

Իր ելույթում Օբաման ռասիզմը և տնտեսական անհավասարությունն անվանել է ԱՄՆ-ում դեմոկրատիայի գլխավոր սպառնալիքներից:

Օբաման Ամերիկայի ժողովրդավարական կառուցվածքի համար ևս մի սպառնալիք է համարում քաղաքական գործիչների կողմից փաստերի կամայական ընտրությունը, երբ կարծիքները հիմնված չեն «մի քանի ընդհանուր ելակետային փաստերի վրա»:

Հեռացող նախագահը հիշեցրել է նաև կրոնական մոլեռանդության և օտարերկրյա ավտոկրատիաների կողմից օրենքների և մարդու իրավունքների վրա հիմնված աշխարհակարգին սպառնացող վտանգի մասին:

Օբաման արցունքները չի կարողացել զսպել, երբ ամբիոնից դիմել է առաջին տիկնոջը՝ Միշելին. «Վերջին 25 տարիների ընթացքում դու եղել ես ոչ միայն իմ կինը և երեխաներիս մայրը, այլև իմ լավագույն ընկերը... Ես հպարտանում եմ քեզնով: Ողջ երկիրն է հպարտանում քեզանով»:

ԱՄՆ առաջին սևամորթ նախագահը, որն այժմ 55 տարեկան է, ընտրվել է 2008 թ.: Նրա հաջորդը՝ հանրապետական Դոնալդ Թրամփը, արդեն խոստացել է չեղյալ հայտարարել Օբամայի բարեփոխումներից մի քանիսը: Նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին:

Փոխանցում է BBC-ն