22.12.2012 18:18

Նախարար. Թերլեմեզյանի անվան քոլեջի տնօրենի նշանակման գործընթացը տեղի է ունեցել ՀՀ օրենսդրության շրջանակներում

Նախարար. Թերլեմեզյանի անվան քոլեջի տնօրենի նշանակման գործընթացը տեղի է ունեցել ՀՀ օրենսդրության շրջանակներում

Այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձավ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի շուրջ բարձրացած աղմուկին:

Նախարարը նշեց, որ տնօրենի նշանակման գործընթացը տեղի է ունեցել ՀՀ օրենսդրության շրջանակներում: Նրա խոսքով` այն հանգամանքը, որ տնօրենի պաշտոնի համար կային երեք հավակնորդներ, ցույց է տալիս ընտրությունների գործընթացի մրցակցային լինելը: Իսկ այն հանգամանքը, որ դժգոհություն հայտնող թեկնածուներից մեկը՝ Դավիթ Դավթյանը, լրագրողների ներկայությամբ կտրվել է քննությունից, վկայում է այն մասին, որ ընտրությունների ընթացքը եղել է օբյեկտիվ:

Բացի այդ, մյուս թեկնածուն՝ Արմեն Հարությունյանը, չի կտրվել քննությունից, իսկ դա նույնպես վկայում է թափանցիկության մասին. «Հասարակությունը պետք է ընկալի, որ մրցույթը շատ թափանցիկ և արժանահավատ մրցույթ է եղել»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ երկու թեկնածուների միջից ինքը ընտրել է ժամանակավոր պաշտոնակատարին՝ Աննա Մնացականյանին, և նշանակել նրան այդ պաշտոնին երեկ չէ առաջին օրը:

«Ուզում եմ շեշտել՝ այն, որ մեզ մեղադրում են նրանում, որ հընթացս փոխել ենք մրցույթի պայմանները, նախօրոք հայտարարված մրցույթի չափորոշիչները, այդ մրցույթին և ոչ մի դիմումատու չի եղել, և երբ մեզ մեղադրում են, որ մենք ընթացքի մեջ ենք փոխել պայմանները, ուզում եմ շեշտել, որ ոչ մի դիմում և հայտ չի եղել: Սա շատ կարևոր հանգամանք է` հասկանալու այս հնչեղություն ունեցող խնդիրը»,- 1in.am-ի փոխանցմամբ ասել է նախարարը:

Դիտարկմանը, թե հիմա քոլեջում ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք զբաղվում են դասախոսների քննություններով, կրճատումներով, նախարարը ասաց, որ առաջին անգամ է լսում նման ահազանգի մասին, և հուսով է այն իրականությանը չի համապատասխանում, և եթե նման բան լինի` նախարարության կողմից կլինի միջամտություն:

Նա նաև նշեց, որ հաջորդ շաբաթ Աննա Մնացականյանին կհրավիրի նախարարություն: Նախարարի խոսքով` նախարարությունը բոլոր կողմերի համար հավասար պայմաններ է ապահովելու: