22.12.2012 19:14

Լևոն Զուրաբյանը՝ իր, Լևոն Տեր-Պետրոսյանի և Բագրատյանի առաջադրումների մասին

Լևոն Զուրաբյանը՝ իր, Լևոն Տեր-Պետրոսյանի և Բագրատյանի առաջադրումների մասին
Լուսանկարը՝ iLur.am-ի

Լևոն Տեր-Պետրոսյանն ազատ կամք և ազատ որոշում կայացնելու իրավունք ունի: Այսօր ՀՀՇ համագումարի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով նախագահական ընտրություններում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հարցին: «Առաջադրվելու հարցը, իհարկե, կապված է համակիրների աջակցության հետ, սակայն դա կոնկրետ մարդու կողմից կատարվող քաղաքական և անձնական հաշվարկների հարց է»,- ասաց Լևոն Զուրաբյանը: Հարցին, թե արդյոք նրա չառաջադրվելով հուսախաբ չե՞ն լինի ՀԱԿ համակիրները, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե խնդիրը դրված է այսպես` հուսախաբ անել կամ չանել: Խնդիրը հետևյալն է` արդյոք այդ առաջադրումը կնպաստի՞ Հայաստանում ժողովրդավարության հաղթանակին: Ինքը պետք է որոշի` առաջադրվել, թե ոչ: Բնականբար, ես շատ կցանկանայի, որ Տեր-Պետրոսյանն առաջադրվեր, որովհետև նա միակ թեկնածուն է, որ կարող է ապահովել Կոնգրեսի բոլոր կուսակցությունների աջակցությունը»,- ասաց նա:

Ինչպես փոխանցում է panarmenian.net-ը՝ հարցին, թե արդյոք հնարավոր է իր թեկնածության առաջադրումը, Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ նման քննարկում չի եղել ո՛չ Կոնգրեսում, ո՛չ էլ Տեր-Պետրոսյանի հետ:

Լրագրողները հիշեցրին, որ Հրանտ Բագրատյանն ասել էր, որ եթե մինչև երկուշաբթի օրը Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, ապա ինքը կառաջադրվի: Երկու օրից Տեր-Պետրոսյանի որոշումը դեռ կայացված չի լինի, ստացվո՞ւմ է, որ Հրանտ Բագրատյանն է առաջադրվելու լրագրողների դիտարկմանը Զուրաբյանը պատասխանեց. «Շնորհակալություն ինֆորմացիայի համար»: Հարցին, թե ինչ կնշանակի դա, Զուրաբյանն արձագանքեց, որ նշանակում է, թե Բագրատյանն առաջադրվում է: Նա նաև հայտնեց, որ Բագրատյանի առաջադրման հարցերն ընդհանրապես չեն քննարկվել Կոնգրեսում: