22.12.2012 19:37

Չինաստանի զինվորականներին արգելվում են շքեղությունը և շատախոսությունը

Չինաստանի զինվորականներին արգելվում են շքեղությունը և շատախոսությունը

Չինաստանի կոմկուսի ԿԿ-ն ավագ սպաներին կարգադրել է հրաժարվել ճոխություններից, շքեղ ընդունելություններից և շատախոս ելույթներից: Ինչպես հաղորդում է հոնկոնգյան South China Morning Post-ը, դա ԿԿ քաղխորհրդում  կուսակցության նոր ղեկավար Սի Ցզինպինի սահմանած նույնատիպ սահմանափակումների արձագանքն է: Ռազմական խորհրդի նոր կանանակարգի համաձայն (ի դեպ, այդ խորհուրդը ղեկավարում է նույն Սի Ցզինպինը)՝ այսուհետ զինվորականների կազմակերպած միջոցառումների ժամանակ չեն լինի ոգելից խմիչքներ, ճոխ ճաշկերույթներ, ողջույնի պաստառներ, կարմիր գորգապատ ուղիներ և արտիստների ելույթներ: Բացի այդ՝ չինացի զինվորականներն այցերի ժամանակ չեն կարող հանգրվանել թանկարժեք հյուրանոցներում,  հատուկ ազդանշաններով ավտոմեքենաների գործածությունը խիստ սահմանափակվում է: Ավագ սպաներին հանձնարարվում է նաև հետևել իրենց կանանց, երեխաների և ենթակաների պահվածքին և կանխել կաշառակերությանը նրանց մասնակցությունը:

1990-ական թթ. վերջին արդեն իսկ կոռուպցիայի դեմ պայքարի մի կամպանիա անցկացվել էր Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակի շարքերում, մասնավորապես՝ զինվորականներին արգելել էին զբաղվել գործարարությամբ, սակայն չէր հաջողվել արմատախիլ անել չարաշահումները: 2012 թ. սկզբին ձերբակալվեց թիկունքի գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հու Ցզյունշանը, որը, ենթադրվում էր, կաշառքներ էր ստացել կապալառու ֆիրմաներից: Թեև պաշտոնական մեղադրանքը չի հրապարակվել, սակայն ենթադրվում է, որ գեներալի գործը Չինաստանի ժողովրադական-ազատագրական բանակի ողջ պատմության ընթացքում ամենաաղմկալի  կոռուպցոն գործը կարող է դառնալ: