22.12.2012 22:51

ԱԽՔ-ը՝ «Մարտի 1-ով» ընդդիմությանը «քննադատելիս». Հաստատ շարժման առաջնորդը Նիկոլ Փաշինյանը չէր (Տեսանյութ)

2008-ի նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված իրավիճակի մասին եւ Մարտի 1-ի նախօրյակին ՕԵԿ-ի՝ Սերժ Սարգսյանի ճամբարն անցնելու որոշման մասին խոսելիս, այսօր ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը բացի իր ավանդական արդարացումներից, տարօրինակ հայտարարություն է արել: Եթե նախկինում նա իր ճամբարափոխությունը բացատրում էր ընդդիմության հավաքական կերպարի կողմից «ապակայունացվող երկիրը» փրկելու մտադրությամբ, ապա այսօր նա, տարօրինակ պատճառներով, որոշել է ընդդիմությունից մի տեսակ առանձնցնել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Չգիտես ինչի, ԱԽՔ-ը որոշել է, որ Փաշինյանին պետք է իր պաշտպանության տակ առնի:

«Իսկ ի՞նչ այլ որոշում պիտի ընդունեինք, եթե երկիրը կանգնած էր քաղաքացիական պատերազմի շեմի առաջ, իսկ թշնամին՝ թիկունքից հարվածելուն պատրաստ: ...Իսկ այսօր ո՞վ է պատասխան տալու մարտի 1-ի տասը անմեղ զոհերի համար: Այն առաջնորդը, որն իր առանձնատնից մեկ կանգառ ներքեւ չիջա՞վ՝ հավաքված ժղովրդին տեր կանգնելու, եւ ըստ էության, ժողովուրդը դարձավ ամբոխ, որի արդյունքում տեղի ունեցան այդ տհաճ եւ ողբերգական իրադարձությունները: Հաստատ այդ շարժման առաջնորդը  Նիկոլ Փաշինյանը չէր, եւ ոչ էլ մի քանի ազնիվ այլ մարդիկ, որոնք հետագայում հայտնվեցին բանտերում կամ զրկանքների մեջ»:

Այն, որ Արթուր Բաղդասարյանը` Սերժ Սարգսյանին «հանձնվելը» պետք է «հիմնավորեր» նման ճառերով ու եղանակով, նորություն չէ: ԱԽՔ-ը միշտ էլ այդպես է անում` 2008-ից այսկողմ: Զարմանալի է միայն, թե ԱԽՔ-ի մոտ ինչու են հանկարծ նման «քաղաքական զգացմունքներ» առաջացել Փաշինյանի հանդեպ, մի՞թե ԱԽՔ-ն է, որ պետք է Նիկոլին առնի իր «պաշտպանության» տակ:

Ի դեպ, Արթուր Բաղդարսարյանը, չնայած այն բանին, որ 2008-ի նախընտրական շրջանում մեղադրում էր իշխանություններին իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ, այսօր հայտարարեց գալիք ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Վերջինս ներկա էր ՕԵԿ համագումարին:

Ի դեպ, «Ա1+»-ի տրամադրած տեսանյութում կարելի է հետեւել, թե ինչ ինտենսիվ դիմախաղի ուղեկցությամբ է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հետեւում իր միակ կոալիցիոն գործընկերոջ ճառին: