13.02.2017 16:30

World Press Photo-2017-ի գլխավոր մրցանակն ստացած լուսանկարը

World Press Photo-2017-ի գլխավոր մրցանակն ստացած լուսանկարը

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության ժամանակ  լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջիի արած լուսանկարն ստացել է World Press Photo-ի գլխավոր մրցանակը: Միջազգային մրցանակաբաշխության հաղթողներին հայտարարելու արարողությունը տեղի է ունեցել Ամստերդամում:

Լուսանկարում պատկերված է 22-ամյա ոստիկան Մեվլյութ Մերթ Ալթինթաշը՝ ռուս դիվանագետի սպանությունից մի քանի վայրկյան անց:

«Դա շատ դժվար որոշում էր,- նշել է ժյուրիի անդամներից մեկը:- Մեր ընտրությունը կանգ առավ հենց այդ լուսանկարի վրա, քանի որ այն ոչ միայն չափազանց հուզական է, այլև իրոք արտացոլում է մեր աշխարհի ատելությունը: Ամեն անգամ, երբ նայում ես այդ լուսանկարը, ուզում ես նրանից հնարավորինս հեռու գնալ»:

Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը սպանվեց դեկտեմբերի 19-ին, Անկարայում լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ:

World Press Photo-ն լուսանկարիչների ամենահեղինակավոր միջազգային մրցանակաբաշխությունն է, որն իր պատմությունն սկսել է 1955 թվականից: Նրա նպատակն է ֆոտոլրագրության և ֆոտոփաստագրության  ասպարեզում  զարգացնել բարձր չափորոշիչներ: Այս տարի ժյուրիի անդամները դիտարկել են 125 երկրների ավելի քան 5 հազար լուսանկարիչների արած մոտավորապես 80 հազար լուսանկար:

Փոխանցում է tass.ru-ն: