13.02.2017 18:00

Կողմ եմ և ցանկանում եմ վիճարկել Պալատի խորհրդի ընտրությունները դատարանում. Տ. Աթանեսյան

Կողմ եմ և ցանկանում եմ վիճարկել Պալատի խորհրդի  ընտրությունները դատարանում. Տ. Աթանեսյան

Այս տարվա փետրվարի 11-ին տեղի ունեցան  Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններ:

Եվ ըստ ընտրությունների  արդյունքների՝ խորհրդի կազմում ընդգրկվել  են փաստաբաններ Կարապետ Աղաջանյանը,  Հրանտ Անանյանը, Մելանյա Առուստամյանը, Սեդրակ Ասատրյան, Սիմոն Բաբայանը, Տիգրան Խուրշուդյանը, Հարություն Հարությունյանը, Նելլի Հարությունյանը, Արայիկ Ղազարյանը, Կարեն Մեժլումյանը, Կարեն Սարդարյանը, Տարոն Սիմոնյանը:

Մինչև ընտրությունները մամուլում գրվեց, որ Խորհրդի անդամության թեկնածուները բաժանվել են երկու խմբի՝ Պալատի գործող նախագահ Արա Զոհրաբյանի կողմնակիցների և Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի կողմնակիցների: Այս խմբի փաստաբաններն են Լուսինե Սահակյանը, Տիգրան Աթանեսյանը, Երվանդ Վարոսյանը, Գևորգ Գյոզալյանը, Ռուբեն Սահակյանը, Արթուր Գրիգորյանը, Հովհաննես Չամսարյանը, Զորայր Հարությունյանը, Դիանա Գրիգորյանը, Արթուր Մելիքյանը: 

Խորհրդի ընտրությունների վերաբերյալ iLur.am-ը զրուցել  է  փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ:

-Պարոն Աթանեսյան, ո՞րն էր պատճառը, որ Ռուբեն Սահակյանի կողմնակիցներից ոչ ոք չընտրվեց Պալատի Խորհրդի անդամ, ինչը մեծ տարակուսանքի տեղիք է տալիս հանրության շրջանում:

-Նախ, այդ եզրույթը սխալ է, չկա Ռուբեն Սահակյանի կողմնակիցների ցուցակ և այլ նման բաներ:  Թիմ չի եղել և չի կարող լինել: Ես անկախ փաստաբան եմ, ուղղակի ընտրություններից առաջ մենք 11 հոգով համատեղ հայտարարություն էինք տարածել, որը, ի տարբերություն իշխանական ցուցակի, բաց է եղել ստորագրության համար: Մենք սկզբում ստորագրել ենք 10 հոգով, այնուհետև մեկ հոգի միացել է մեզ:

Այդ հայտարարությունը բացարձակ թիմի մասին չէր, այլ այդ չորս կարևորագույն սկզբուքների վերաբերյալ համաձայնության մասին էր: Ուստի՝ եկեք բացառենք Ռուբեն Սահակյանի թիմ  խոսքը: Ընտրությունների արդյունքում  հաղթեց Պալատի նախագահի բացահայտ առաջ քաշած ցուցակը, բացառվեց որևէ անկախ, ինքնուրույն մտածող փաստաբանի մասնակցությունը Խորհրդում, որի արդյունքում Պալատի նախագահը դարձավ բացարձակ միապետ: Եվ ընդունում է, որ ինքը երևի փաստաբանության թագավորն է  այս երկրում, ինչը ես համարում եմ ողբերգություն՝  փաստաբանության և մեր երկրում ձևավորվող քաղաքացիական հասարակության համար:

-Ի՞նչն էր, ըստ Ձեզ, այս իրավիճակի պատճառը, և արդյոք ընտրության ժամանակ եղե՞լ է որևէ կեղծիք:

-Վարչական ռեսուրսի կիրառումը, հակաքարոզչությունը: Դե, չէին եկել լցոնում անեին, կամ քվեատուփ գողանային, էդպիսի բաներ չեն եղել: Բայց եթե քվեաթերթիկների հաշվարկին  հետևած լինեիք, ապա կնկատեիք, որ հարյուրավոր քվեաթերթիկներ կային, որոնցում կատարված է այդ ցուցակային 12 քվեարկությունը: Դա սարսափելի է, դու կարող ես կողմնակից լինել այդ մարդկանց, կարող ես այդ մարդկանց ընտրել, բայց որպեսզի հարյուրավոր նույն ձևով քվեարկած քվեաթերթիկներ լինեն՝ դա նշանակում է, որ ընտրողի կամքի ձևավորումը չի եղել: Եթե վերադառնանք մեզ՝ այդ  նույն չակերտավոր «թիմին», ապա ես հետևում էի բավականին երկար, երևի լինեին 30-40 քվեաթերթիկներ, որտեղ այդ ստորագրած 11 հոգին էին, երևի այդքան էլ չկային: Իմ օգտին քվեարկած քվեաթերթիկները ամենատարբեր էին, այսինքն՝ և' Արա Զոհրաբյանի ցուցակից մարդ կար,  և՛ այլ թեկնածուներ կային, այսինքն՝  եղել է  նորմալ քվեարկություն: Դրա համար առավել բարձր եմ գնահատում ինձ քվերակածներին, որովհետև հստակ երևում է, որ կամքը ձևավորվել է անկախ: Իսկ իրենց, չեմ ասում՝ բոլորը,  բայց մեծ մասը, եթե նայեք արդյուքներով,  իրենք ունեն  հսկայական առավելություն:

Դա ցույց է  տալիս, որ ոչ միայն կարուսել կարող էր լինել, որին էլ այդքան չեմ ուզում հավատալ, որքան ընտրողի կամքի ձևավորման վրա կա ազդեցություն: Ամեն դեպքում, Պալատն ունի վարչական ռեսուրս, ունի մենաշնորհային դիրք, փաստաբանության գործունեություն թույլատրելու- արգելելու հարցում միակն է: Հետևաբար՝ չէին կարող Պալատի անդամները չունենալ մտավախություններ՝ Պալատի ղեկավարության հետ հակադրվելու: Այսինքն՝ ունենք շատ վատ վիճակ, որը ցավալի է, բայց պետք է պայքարել դրա դեմ:

-Հանրության հետ շփման հարցում Փաստաբանների պալատը երևի  այն միակ կառույցն էր, որը շատ թե քիչ վստահություն էր վայելում հանրության շրջանում: Չե՞ք կարծում, որ Պալատում ստեղծված  անառողջ մթնոլորտը կարող է ծանր ազդեցություն թողնել նաև հանրության վրա:

-Առհասարակ, Պալատը, որպես կառույց՝ գերագնահատված է: Ի՞նչ է նշանակում Պալատ: Ես ինչ գործ որ ունեմ, հիմա իմ գործերով հայտարարություն եմ տարածում, Պալատի 30 հոգանոց աշխատակազմի հետ ինչ գործ ունի դա, կամ իրենք ո՞վ են, որ իմ գործի հետ կապ ունենան: Արժեքավոր է փաստաբանի կարծիքը, այլ ոչ թե Պալատի: Պալատն ընդամենը մեխանիկական մարմին է, որը պետք է հաշվառում վարի և՛ մնացած փաստաբանների հետ, և՛, եթե փաստաբանն ունի խնդիր, պետք է կանգնել փաստաբանի կողքին և այդ գործում օգնել,  և վերջ: Իսկ սա դարձել է  վերահսկող մարմին, և դա արվում է  բազմաթիվ կարգապահական վարույթների միջոցով և այլ ճանապարհներով, որոնք կամաց-կամաց կբացահայտվեն: Ցավով պետք է ասեմ, որ այս վիճակը նոր չէ, արդեն 3,5 տարի համառորեն կառուցվում և ստղծվում էր, և Խորհրդի ընտրությունները պարզապես դա հաստատեցին:

-Այս իրավիճակում ինչ-որ պայքարի ձև արդեն ունե՞ք նախանշված:

-Միայնակ պայքարի գնալուն ես իհարկե սովոր եմ, բայց քանի որ, ի վերջո վտանգը սպառնում է ամբողջ փաստաբանությանը,հնարավոր է՝  գնանք համատեղ պայքարի: Իմ անունից ասեմ, եթե չգանք այդ համաձայնությանը՝ ես ինքս կգնամ պայքարի, թեկուզև՝ մենակ:

Կնախընտրեի ունենալ համախոհներ, այդպես ավելի հետարքրքիր կլինի: Ամեն դեպքում, այս պահին անձամբ ես կողմ եմ և ցանկանում եմ վիճարկել Խորհրդի ընտրությունները դատարանում:

Լիլիթ Թադևոսյան