15.02.2017 17:16

Կրեմլը պատասխանել է Ղրիմը վերադարձնելու վերաբերյալ Սպիտակ տան հայտարարությանը

Կրեմլը պատասխանել է Ղրիմը վերադարձնելու վերաբերյալ Սպիտակ տան հայտարարությանը

Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ չի քննարկի Ղրիմը վերադարձնելու հարցը, հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այդպես է նա մեկնաբանել Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերի հայտարարությունն այն մասին, թե Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Ղրիմը կվերադարձվի Ուկրաինային:

«Այդ թեման չի քննարկվում, քանի որ այն չի կարող քննարկվել: Ռուսաստանն արտասահմանյան գործընկերների հետ իր տարածքների հետ կապված հարցեր չի քննարկում»,- Պեսկովի խոսքն է մեջբերում Интерфакс-ը:

Ամենօրյա ճեպազրույցի ընթացքում լրագրողները նաև հարցրել են, թե արդյո՞ք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Թրամփը բարձրացրել է Ղրիմի հարցը: «Ոչ, չի բարձրացրել»,- պատասխանել է Պեսկովը: Նա նշել է, թե Կրեմլում հույս ունեն, որ Ղրիմի հարցում իրենց դիրքորոշումը կհասցվի նախագահ Թրամփին:

Փոխանցում է BBC-ն: