20.09.2012 13:58

Կոմանդոս. Թալիբները կարող են գալ Հայաստան միայն առևտուր անելու նպատակով

Կոմանդոս. Թալիբները կարող են գալ Հայաստան միայն առևտուր անելու նպատակով

Վերջերս կայացած ՀԱՊԿ զինավարժությունների մասին լրագրողների հետ զրուցեց Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, արցախյան գոյամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):
Ինչպես հայտնեց ilur.am-ի թղթակիցը, գնահատելով ՀԱՊԿ զինավարժությունները՝ Կոմանդոսը վստահություն հայտնեց, որ պետությունն իր անվտանգությունը կարող է ապահովել միայն դաշնակիցների միջոցով: Հայաստանի համար դաշնակից կարող է լինել, օրինակ, Հունաստանը:
«Այս զինավարժությունները ցույց տվեցին, որ ՀԱՊԿ-ը պրակտիկ կերպով գոյություն ունի, և առկա վտանգի դեպքում պետությունները պարտավորված են որոշակի գործողություններ ձեռնարկել: Սակայն, օրինակի համար, ՀԱՊԿ անդամ Ղրղզստանի նախագահը ջերմ հարաբերությունների մեջ է Ալիևի հետ, իսկ հայ-ադրբեջանական հնարավոր բախման դեպքում հավանականություն չկա, որ Ղրղզստանը կարող է աջակցություն ցուցաբերել հայկական կողմին», - ասաց Կոմանդոսը՝ նշելով, որ իրական դաշնակից Ռուսաստանից զատ մեզ դաշնակից կարող է լինել նաև Բելառուսը:
Կոմանդոսի կարծիքով՝ այս տարածաշրջանում Հայաստանի դերն աստիճանաբար ավելի է արժևորվում, իսկ ինչ վերաբերում է վրացական կողմի անհանգստությանը, ապա Վրաստանը պետք է հասկանա, որ հայկական կողմը եղել և շարունակում է մնալ Ռուսաստանի ռազմական դաշնակիցը, այն էլ այն դեպքում, երբ վրացական ռազմական մասնագետները նշում են, թե հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմի դեպքում Վրաստանը կարող է աջակցել Ադրբեջանին:
Թալիբների՝ Հայաստան ներթափանցման մասին լուրը մեկնաբանելով՝ Կամանդոսն ասաց.
«Թալիբները կգան Հայաստան միայն առևտուր անելու նպատակով, իրենք կարող են գործել միայն իրենց հողի վրա, իսկ Հայաստանում իմաստ չկա որևէ բան անելու»:
Անդրադառնալով Ադրբեջանի հակահայ քաղաքականությանը՝ Կոմանդոսը կարծում է, որ այդ գաղափարը միայն ու միայն ներքին սպառման համար է:
«Ալիևի իմիջը բավականին ընկած է, նա զբաղված է թալանով, իսկ միասնական թշնամու գաղափարով երկրի բնակչությանը սնելու նպատակով Սաֆարովին ազատեց և հերոսացրեց: Շուտով սպասվում է Ադրբեջանի իշխանության կողմից Սաֆարովի սպանության կազմակերպումը, որը կգցեն հայերի վրա: Դրանով Ադրբեջանը հասարակությանը պատրաստում է ռազմական գործողությունների, այսինքն՝ պատերազմի», - եզրափակեց Կոմանդոսը: