20.02.2017 15:33

Վահան Վարդապետյան. Ցուցակո՞ւմ պիտի լինեմ, որ պայքարեմ

Վահան Վարդապետյան. Ցուցակո՞ւմ պիտի լինեմ, որ պայքարեմ

iLur.am-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, հայտնի բժիշկ Վահան Վարդապետյանը:

-Պարոն Վարդապետյան, ինչպե՞ս կգնահատեիք նախընտրական իրավիճակը Հայաստանում:

-Տխուր, նողկալի, առ այսօր ամենադիպուկ համարվող գաղջ ածականն անգամ լիարժեքորեն չի բնութագրում տիրող նախընտրական մթնոլորտը:

Վերջին օրերի մամուլից մի քանի դիպուկ շտրիխ՝ «մարտի մեկին մասնակից նախկին իշխանավորները խոստանում են բացահայտել մարտի մեկը», «բացի դաշնակցությունից, բոլորը շան տղերք են» (Աղվան Վարդանյան), «կաշիներդ կքերթեմ….» (ԱԽՔ), «աչքերդ կհանեմ» (Հեղինե Բիշարյան), «Անդրանիկ Թեւանյանը չափալաղել է Վարդան Օսկանյանին», «ՀՀԿ-ում տեղ չկար, դրա համար նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը որոշեց առաջադրվել «Ծառուկյան» դաշինքով», ««Ծառուկյան» դաշինքի 6-րդ տեղում՝ Արարատ Զուրաբյան, ԲՀԿ-ի հետ համագործակցելու համար ՀԱԿ-ի կատաղի քննադատներից մեկը»:

Առանց վարանելու եւ դույզն իսկ անհարմար զգալու ձեւակերպենք ներկայիս իրավիճակի լիարժեք բնութագիրը՝ պոռնոգրաֆիա, էլ ի՞նչ գաղափար, քաղաքական միտք ու սկզբունք: Խորհրդարան սողոսկելու համար դիմում են հնարավոր եւ անհնար բոլոր քայլերի, միանում ով ում ասես, բաժանվում ումից ասես, մոռանում երեկվա իրենց տեղն ու հնչեցրած խոսքը:

Ռեյտինգային ընտրակարգից որեւէ լավ բան չսպասեք, այն Հայաստանում չի գործելու, ստեղծելու է «անկառավարելի» հաշվարկային քաոս, կոտրելու է չկայացած կուսակցական համակարգը եւ վերջնականապես հաստատելու հանրապետական մենաշնորհ: Ռեյտինգային ցուցակներում ներգրավված է ամբողջ օլիգարխիան, որտեղ ռեյտինգային թեկնածուները գզվռտելու եւ դուրս են մնալու: Մի խոսքով, այս ռեյտինգային կոչվածը առատ պոռնոգրաֆիկ տեսարաններ է ապահովելու:

Ինչ ուզում եք՝ ասեք, ռեյտինգային ընտրակարգը հանրապետական իշխանության փայլուն նորարարությունն էր, այնպիսի մի հայտնագործություն, որ հնարավորություն է տալիս հավաքել ու սրբել ձայները, չեղած տեղից ապահովել բարձր տոկոս ու վարկանիշ: Մրցակցություն ամեն ինչի, բացի մտքի ու գաղափարի: Եթե ռեյտինգային կոչվածով որեւէ մտավորական առաջադրվել է, ապա խոսքերիս համար ներողամտություն եմ հայցում եւ հաջողություն մաղթում:

Այսքանից հետո պատկերացնո՞ւմ եք ինձ ռեյտինգավորների շրջանակում՝ համարում եմ ամոթ եւ անեծք:

-Բայց չէ՞  որ դուք, լինելով Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, հասարակական-քաղաքական ակտիվ գործիչ, ընդգրկված չեք «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակում:  

-Մի մոռացեք, որ, նախ, ես մտավորական եմ ու կարող եմ նաեւ համարակալված ցուցակներից դուրս լինել: Անկեղծորեն, համարակալվելն ու հաշվառվելը երբեմն իմ սրտով չէ:

Ցուցակո՞ւմ պիտի լինեմ, որ պայքարեմ: Ավելի եռանդուն ու հետեւողականորեն իրականացնում եմ, ըստ իս, կարեւորագույն, կենսական գործընթաց՝ խաղաղության, հաշտության, բարիդրացիության քարոզչություն, հնարավորինս շատ քաղաքացիների համոզելով, որ խաղաղության հասնելու գործընթացը հետաձգել, ուշացնել չի կարելի:

Որքան ավելի շատ ու անկեղծորեն ձգտենք խաղաղության, այնքան ավելի կմոտեցնենք այն: Կյանքի ու ծնունդների ակունքներում կանգնած բժշկիս խոսքը եւ խաղաղության քարոզը ավելի քան ընկալելի է ու համոզիչ:

Եւ վերջապես, որտե՞ղ եմ ավելի օգտակար ժողովրդին, ի՞նչն է ավելի արդյունավետ ու հաճելի: Իմ գործը համարում եմ ամենակարեւորը, հատկապես այսօրվա Հայաստանի համար. չկա մի գյուղ, թաղամաս, անգամ հեռավոր ծայրամասերում, որտեղ իմ բուժման արդյունքները չլինեն: Պատկերացնո՞ւմ եք՝ հազարավոր երեխաներ անպտուղ, անզավակ հայ ընտանիքներում:  Ամեն մի սկզբնավորվող կյանք իմ բերկրանքն է: Ուստի, միայն հոգեխանգարմունքի մեջ պետք է լինեմ, որ օրհնանքի, երկրպագության արժանացնող գործս թողած՝ խառնվեմ…

Թեեւ գրագիտությունս, գիտելիքներս եւ հռետորական ձիրքս հնարավորություն կտային գրագետ ու արդյունավետ պատգամավորներից մեկը լինել, բայց, ներեցեք, եթե մի բանից այս փոքր երկրում 101, 131, 181-ը կա, անկեղծորեն հավատացեք, երբեք չեմ ուզեցել ու ձգտել դրանցից մեկը լինել:

-Ըստ ձեզ, ինչպե՞ս կընկալի մեր հասարակությունը «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախըտնրական ասելիքը: 

-Հստակ ասելիք ունի միայն «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը, այն էլ ի՜նչ ասելիք՝ ամենաէականը, ամենաանհրաժեշտն ու կենսականը: Կեղծ հայրենասիրության ու ամբոխավարության ֆոնին ավելի ու ավելի է ընդգծվելու Հայ ազգային կոնգրեսի խոսքի, գաղափարների կարեւորությունը:

Հայ հասարակությունը, համոզված եմ՝ զգալու է խաղաղության առաջնահերթությունը եւ իր քվեով պետք է բարձր տոկոս ապահովի Հայ ազգային կոնգրեսին՝ միաժամանակ բարձրացնելով Հայաստանի եւ հայ ժողովրդի վարկանիշը՝ որպես խաղաղասիրական էությամբ բարձր գիտակցության հասարակություն:

Որքան շատ քաղաքական գործիչներ Հայ ազգային կոնգրեսից ընդգրկվեն Խորհրդարանի կազմում, այնքան ավելի որակյալ քաղաքական ու օրենսդիր մարմին կունենանք:

Մենք ստանձնել ենք այնպիսի բարձր առաքելություն, որ մեր ասելիքը, խոսքը պետք է հնչի հզոր ու համոզիչ, չպետք է կարկամած, անվստահ խոսքով թուլացնենք մեր ասելիքի հույժ կարեւորությունը:

-Այսինքն, կարծում եք՝ հիմա իսկապե՞ս խաղաղության հասնելու ժամանակն է:

-Կարո՞ղ ենք մեր այսօրվա մարդկային, տնտեսական ու ռազմական ռեսուրսներով լիակատար պարտության՝ կապիտուլյացիայի ենթարկել Ադրբեջանին: Իհարկե՝ ոչ: Կարո՞ղ ենք երկարաձգել ստատուս քվոն, եւ արդյո՞ք դա բխում է հայկական կողմի շահերից: Բարեբախտաբար, ստատուս քվոն պահպանելու ուղղությամբ մեզանից ոչինչ կախված չէ:  Արդեն իսկ ակնհայտ է, որ ոչ ոք մեզ չի սպասում եւ ստատուս քվոն պահպանելու հնարավորություն չի տալիս: Խաղաղության գործընթացի հիմքում պետք է լինի հետեւյալ աքսիոմատիկ դրույթը՝ փոխզիջումն է տանում խաղաղության, զիջումը պարտություն է, պարտությունը խաղաղության չի տանում, տանում է դեպի պատերազմ: Վերջին օրերի դիվանագիտական անցուդարձը եւս հուշում է, որ բուռն իրադարձությունների շեմին ենք գտնվում: Ռուս քաղաքագետ Մարկեդոնովը նշում է, որ ղարաբաղյան հարցի լուծումը Պուտինի անձնական հսկողության տակ է, իսկ նրա նախաձեռնությամբ ցանկացած հարց հասնում է տրամաբանական ավարտին: Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարում է, որ ղարաբաղյան հարցի լուծման փոխզիջումային տարբերակն այլընտրանք չունի՝ խրախուսելով Հայաստանում սկզբնավորված, դեպի խաղաղություն տանող ժողովրդական դիվանագիտությունը:

Օրերս հնչեց Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակում (որտեղ նաեւ կազմակերպվել էր Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը), որով կոչ արվեց կողմերին՝ հասարակություններին նախապատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի՝ հայտարարելով, որ պատերազմը ելք չէ:

Ռուսաստանը եւ միջազգային հանրությունը ստատուս քվոյի փոփոխության ճանապարհին են, հայկական կողմը նույնպես պետք է հանդես գա ընկալելի, Ղարաբաղի անվտանգությունն ապահովող նախաձեռնություններով՝ ստատուս քվոն փոփոխելու օգտին: Հարցը լուծող կառույցները տեսնելու են խաղաղության, հաշտության, բարիդրացիության ձգտող հայ հասարակություն եւ իշխանություն:Միայն այդ կերպ է Ռուսաստանի եւ միջազգային կառույցների թիրախը դառնալու Ադրբեջանը: Եւ ի վերջո, կայացվելու եւ անգամ կորզվելու է փոխզիջում Ադրբեջանի կողմից: Ինչո՞ւ խաղաղության գնալ ուշացած (թեեւ արդեն իսկ շատ ենք ուշացրել), պարտադրված նորանոր կորուստներից հետո՞, թե այսօր՝ կանխելով սպասվելիք կորուստները:  Խաղաղություն պահանջում է առաջին հերթին հզորը, հաղթողը, խաղաղության պահանջն ու քարոզը ոչ թե թուլության ու վախկոտության, այլ ուժի, հզորության եւ պատասխանատվության նշան են:

Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Ռուսաստանի եւ միջազգային կառույցների համատեղ ճնշմամբ Ադրբեջանը խաղաղության տանող փոխզիջումից հրաժարվելու այլընտրանք չունենա: