22.02.2017 13:57

Արամ Մանուկյան. «Նրանք փող են դրել, մենք՝ ընկերություն և խաղաղության ծրագիր»

Արամ Մանուկյան. «Նրանք փող են դրել, մենք՝ ընկերություն և խաղաղության ծրագիր»

Մի փուլն անցանք, 140 թեկնածու ունենք, կանանց թիվն էլ  անհրաժեշտից ավելին է: iLur.am-ի հետ զրույցում խոսելով Հայ ազգային կոնգրեսի նախընտրական իրավիճակի մասին՝ նշեց ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Մեր կուսակցական թիմին ավելացավ մի հետաքրքիր խավ՝ տարեց մարդկանց մի խումբ, որոնք  մեր համախոհները չեն եղել: Նրանք եկան, միացան մեզ՝ խաղաղության ծրագրի համար: Մարդիկ, որոնք զգում են խաղաղության արժեքը, գինը, որոնք պատերազմի ծանր տարիներն ապրել են և հիմա կամավոր ընդգրկվել են այդ ծրագրում՝ քարոզելու խաղաղություն, քարոզելու հաշտություն: Մեր ցուցակն այսօր այդ սկզբունքներով է կազմվել: Բնականաբար, այստեղ ՀԺԿ-ն ունեցավ նաև իր դերը, ՀԺԿ-ից այս մարդկանց հոսքն ավելի շատ էր, և իրենք առաջարկեցին թեկնածուներ, որոնք իսկապես նվիրյալներ են այս գաղափարներն իրականցնելու»,- ասաց Արամ Մանուկյանը:

Կոնգրեսի փոխնախագահը տեղեկացրեց, որ այս պահին իրենց թեկնածուների  բուկլետները պատրաստման փուլում են:

«Խաղաղության գաղափարը ճիշտ մատուցելու առումով մենք պարտադիր ենք համարում արտահայտությունների ճշգրիտ լինելը,  որպեսզի մեր հակառակորդը՝ Ադրբեջանը,  չունենա այնպիսի նյութ, որով կարող է վնասել մեր անվտանգությանն ու պաշտպանունակությանը: Այդ առումով մեր բոլոր արտահայտությունները պետք է լինեն շատ զգույշ, շատ սթափ, հաշվարկված և ճշգրիտ, ինչը Տեր-Պետրոսյանի մոտ իդեալական է ստացվում. իր ամեն մի բառը չես կարող փոխարինել ուրիշ բառով: Մենք հավաքում ենք նյութեր, որոնք այս ծրագրի մեխը կարող են լինել. Տեր-Պետրոսյանի հոդվածները, հարցազրույցները, Աշոտ Սարգսյանի հոդվածները, Ժիրայր Լիպարիտյանի հոդվածները, Արման Մուսինյանի մենկաբանությունները, ֆեյսբուքյան այն  հրաշալի աջակցությունը, որով մեր այս ծրագիրը հավանության է արժանացել: Դրանից մենք կսարքենք մի ամբողջական քարոզչանյութ, որը կդառնա մեր քարոզիչների փառքի դասագիրքը»,- նշեց Մանուկյանը:

Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ իրենք հիմա շատ ակտիվ պատրաստում են նյութեր՝ ընտրությունների վերահսկողությունն  ապահովելու համար, ձեռնարկներ՝ հանձնաժողովի անդամների և վստահված անձերի համար՝ հավելելով, որ իրենց թիմը մշտապես աչքի է ընկել  պատրաստվածությամբ, օրենքի լավ իմացությամբ և կեղծիքների դեմն առնելու լավագույն  փորձով:

Խոսելով մարզերում տիրող իրավիճակի մասին՝ Մանուկյանը նշեց, որ բոլոր մարզերում ունեն պատասխանատուներ, որոնց միջոցով հավաքվել են ռեյտինգայինի թիմերը, և որոնք էլ համակարգում են տեղի աշխատանքները, կազմակերպում հանդիպումները:

Այս պահին Կոնգրեսն  ունի  50-ից ավել շտաբ, սակայն, նոր շտաբների բացում նախատեսվում է:

«Այն պահին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը դեկտեմբերի 17-ին հայտարարեց խաղաղության այս ծրագրի մասին, վայնասունն ավելի շատ էր, քան  հիմա,  և գնալով քչանում է: Հենց մեր հոդվածները, նյութերը սկսեցին պտտվել՝ միջազգային կառույցների դրական արձագանքները խաղաղության ծրագրին հիմք ստեղծեցին, և մենք այդ նյութերով տարածվում ենք: Դինամիկան այնպիսին է, որ մենք համախոհների լուրջ թիվ կհավաքենք և այդ թիվը կլինի շատ ավելի մեծ, քան մեր կուսակցական համախոհներն են»,- ասաց Մանուկյանը:

Խոսելով նաև բնակիչներից ստացված ահազանգերի մասին՝ Մանուկյանն ասաց, որ ահազանգեր են ստանում սոցիալական ծառայություններից, էլեկտրական ցանցերից, դպրոցներից, թե մարդկանց վախեցնում են, սպառնում են աշխատանքից ազատել, անձնագրի պատճեններն են ուզում, խնդիրներ են եղել նաև Երևանի  կրապակավարների հետ՝ վերջիններիս համոզել են, որ գնան անձնագրային բաժիններ, համապատասխան թուղթ վերցնեն, թե իրենք ցանկանում են ընտրություն կատարել Գյումրիում, սակայն, Արամ Մանուկյանի խոսքով՝ ահազանգից ու աղմուկից հետո այդ գործընթացը դադարել է: Նա նաև տեղեկացրեց, որ ինքն ահազանգ է ստացել Աշտարակի բնակիչներից, թե  սոցիալական  ապահովության ծառայության ղեկավար Կարեն Շահազիզիյանը, որը առաջադրվել է ՀՅԴ-ից, զանգահարում է անապահովության նպաստ ստացող քաղաքացիներին և սպառնում, թե՝ «եթե ինձ ձայն չտաք կզրկվեք նպաստից,»:

«Խանութների, սուպերմարկետների աշխատողներից  անձնագրեր տանելը եւ այլ տեղ գրանցելը նույնպես դադարել է: Այստեղ մի դրական բան կա այս առումով. հանրապետականները միմյանց մեջ իրար են վերահսկելու: Քանի որ փող են ծախսելու, և կյանքի-մահու խնդիր է իրենց համար պատգամավոր ընտրվելը՝ իրենք թույլ չեն տալու սեփական թիմի ներկայացուցիչներին իրենց ձայները գողանալ: Նրանց միջև կոնֆլիկտներն արդեն  ծիլեր են տալիս՝ վիրավորանքներ, ապտակներ, միմյանց դեմ տակից քանդել: Դրանք կսրվեն,  ավելի ցուցադրական ելույթներ կլինեն: Եվ  մենք այդ դաշտում շահում ենք, որովհետև մերը թիմային է: Մասնավորապես՝ Արաբկիրում առաջադրվել են 11 հայտնի դեմքեր, յուրաքանչյուրն արժանի է պատգամավոր լինելու»,- ասաց Արամ Մանուկյանը:

Նա նշեց, որ ինքը հպարտ է, որ իր ընկեր Տիգրան Պասկևիչյանն  իր  մրցակիցն է, Գարիկ Գրիգորյանն իր փորձով, գիտելիքներով մտել է պայքարի մեջ, որպեսզի շատ ձայն բերի և՛ իրեն, և՛ Կոնգրեսին,  Արման Մուսինյանը, Զոյա Թադևոսյանը՝ բոլորը հայտնի դեմքեր են: Եվ այդ բոլորին, պատգամավորի խոսքով, համակել է մի գաղափար՝ ամեն մեկը ինչքան շատ ձայն հավաքի, դրանք կլինեն Կոնգրեսի հավաքած ձայները:

«Մենք թիմային զգացողություն ունենք, մենք ֆուտբոլ ենք խաղում՝ ի տարբերություն հանրապետականի, որը պիտի արմունկներով իր ձայներն ավելացնի՝ վնասելով անգամ իր կուսակցության թիմակցին:

Նրանք փող են դրել, այդ փողին համարժեք ձայն են փորձելու հավաքելու,  մենք ընկերություն և խաղաղության ծրագիր ենք դրել, և  ամեն մեկս ինչքան ձայն բերի այդ ընդհանուր ծրագրին, այդքան հարգանք և պատիվ կունենանք»,- եզրափակեց Արամ Մանուկյանը:

Լիլիթ Թադևոսյան