23.02.2017 14:45

Յուրաքանչյուր օր՝ ղարաբաղյան կլանի իշխանության ներքո, աշխատում է մեր դեմ

Յուրաքանչյուր օր՝ ղարաբաղյան կլանի իշխանության ներքո, աշխատում է մեր դեմ

Գագիկ Քամալյանը Ֆեյսբուքում գրում է.

«Արցախը վաղուց այլևս բանակցող կողմ չէ, այսինքն՝ Արցախը կորցրել է իր համար ամենակարևոր մանդատը: Այդ մանդատը ամենաուժեղ զենքն էր Ադրբեջանի դեմ: Դա այն ելակետն էր, որից սկսվում էր հաղթական պատերազմի դիվանագիտական ամրագրումը: Դա այն մանդատն էր, որը երբեք թույլ չէր տա՝ ստորագրվեր Մադրիդյան սկզբունքներ կոչվածը, այնպես որ, ղարաբաղյան կլանն ու դաշնակցությունը՝ այսինքն պատերազմի ուժերը, պարտվել են, ու պետք է հեռանան իշխանությունից: Սա հռետորական խոսք չէ, այլ ռեալ քաղաքական հաշվարկների վրա հիմնված պահանջ: Չի կարելի հայաստանցի մարդուն պահել հավերժ պատերազմի ճիրաններում ու զուգահեռ այդ ամենին՝ թուլացնել պետականությունը: Չի կարելի 1200 կմ երկարությամբ պայթյունավտանգ սահմանը թողնել տասնութամյա երեխաների հույսին, այն դեպքում, որ հակառակորդ պետությունը, ամեն տասնամյակը մեկ, կրկնապատկում է իր ռազմական ծախսերը:

Քսանմեկերորդ դարում պատերազմները միայն հայրենասիրությամբ չեն հաղթում, երբ դուք այդ հայրենասիրություն կոչվածն էլ եք մխսում, որովհետև այսօրվա հայաստանցին խռոված է բոլորից ու օտարվել է սեփական երկրից: Ի՞նչ եք ուզում. որ մի քանի տասնամյակ էլ ապրենք Գևորգ Չաուշ ու Անդրանիկ երգելո՞վ։ Ո՛չ, հարգելիներս, այդ ամենը մեզ տանելու է վերջնական կործանման: Տարեկան կտրվածքով Հայաստանը լքում է մոտավորապես 50.000 մարդ, ու գումարած այդ ամենին՝ հարյուրավոր զոհեր սահմանին: Միայն այս տարվա ընթացքում ունեցել ենք 11 զոհ, իսկ դուք, Երևանում նստած, ազգ-բանակ կոնցեպցիա եք մշակում: Պետք չէ մեզ ձեր ազգ-բանակ կոնցեպցիան, մեզ պետք են քաղաքական միտք ունեցող իշխանություններ ու դիվանագիտություն վարել իմացող արհեստավարժներ, որոնք իշխանության կգան դեմոկրատական ճանապարհով: 

Հայաստանցի մարդն այլևս ժամանակ չունի, որովհետև յուրաքանչյուր օր՝ ղարաբաղյան կլանի իշխանության ներքո, աշխատում է մեր դեմ, եթե չեն հեռանալու ու երկիրը տանելու են նորից նույն ուղությամբ, ապա հիշեք, որ հաջորդ տարի այս օրերին չենք ունենալու 11 զոհ, այլ ունենալու ենք 22 զոհ:

Խաղաղություն, Համերաշխություն, Բարիդրացիություն»: